Հայերեն   English   Русский  

​Մամեդյարովը Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ


  
դիտումներ: 57

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 45-րդ նստաշրջանում:

Վերջինս իր խորին մտահոգությունն է հայտնել Պաղեստին-Իսրայել սահմաններին գրանցվող առճակատմանը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին կոչ անելով ջանքեր գործադրել այդ հակամարտությանը վերջ դնելու համար:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տեղեկությանը, երկօրյա նստաշրջանը մեկնարկել է մայիսի 5-ին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում: Այն նվիրված է «Իսլամական արժեքները կայուն խաղաղության, համերաշխության և զարգացման համար» թեմատիկային: Արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ հարցում:

Վերջինս իր ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Նա Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ:

«Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևը պետք է ուղերձ լինի բոլոր մահմեդական երկրների համար, ովքեր ցանկանում են հարաբերություններ զարգացնել օկուպանտների հետ: Հայաստանի զավթողական քաղաքականությունը ուղղված է ոչ միայն Ադրբեջանի կրոնական և մշակութային ժառանգության, այլև ընդհանուր իսլամական պատմության և մշակութային ժառանգության դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: