Հայերեն   English   Русский  

​Հայաստանյան հեղափոխությունը՝ հայրենադարձների աչքերով


  
դիտումներ: 7365

Ողջ հայության ուշադրությունն այս օրերին սևեռված է հայաստանյան իրադարձություններին: Հայաստանում ապրող հայրենադարձները նույնպես ոգևորությամբ, որոշ մասն էլ՝ տագնապով սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը:

Ինչ վերաբերմունք ունեն նրանք տեղի ունեցողի վերաբերյալ, ինչ ակնկալիքներ ու սպասելիքներ և վերջապես ինչ մտահոգություններ՝ փորձել ենք պարզել մի խումբ հայրենադարձների հետ զրույցում:

Կարինա Բաղդասարյանը, որ Հայաստան է տեղափոխվել 2018 թ. հունվարին, ոգևորված է տեղի ունեցող իրադարձություններով ու բողոքի ցույցերով։

Ասում է՝ նկատել էր, որ շատ խնդիրների մասին մարդիկ համարձակություն չունեին բարձրաձայնելու, լռում էին, հետո սկսում բողոքել, որ երկրում օրենք չկա: «Ես հաճախ զարմանում էի, երբ տարբեր հանգամանքներում տեսնում էի անարդարություն և տեսնում էի, որ մարդիկ ձայն չեն հանում: Երբ այս ցույցերը սկսվեցին, հասկացա, որ մարդիկ ոչ թե վախկոտ են, այլ ուղղակի երկար տարիներ համբերել են, լռել, սպասել, բայց այլևս չեն ուզում: Դրա համար շատ ուրախ եմ, որ մարդիկ կարողացան համախմբվել ու պայքարել: Հույս ունեմ, որ վերջապես երկրում կսկսեն մարդկանց կարծիքը հաշվի առնել, մարդկանց բանի տեղ դնել, որովհետև մինչև հիմա միայն իրենց գրպանի մասին են մտածել»:

Կարինա Բաղդասարյանը հավատում է, որ իշխանափոխության դեպքում դրական փոփոխություններ կլինեն: «Ամենակարևոր փոփոխությունը, իմ կարծիքով, այն կլինի, որ պետական հարկերը նվազեն: Ես, օրինակ, հաշվել եմ. իմ աշխատավարձը կազմում է 160 հազար դրամ, դրանից 50 հազարը հարկ եմ վճարում: Կուզեմ նաև, որ աշխատատեղեր բացվեն, մարդիկ ծայրահեղ աղքատ վիճակից դուրս գան, ստիպված չլինեն երկիրը թողնել հեռանալ: Շատերը ստիպված են գնում, երբեք չեմ հավատա, որ ինչ-որ մեկն ասի, թե երջանիկ է իրեն համարում դրսում»:

Կարինայի խոսքով՝ իր բարեկամներից շատերն են այսօր ապրում արտերկրում, որոնք հույս ունեն, որ այս հեղափոխությունից հետո ամեն ինչ լավ է լինելու և իրենք վերադառնալու են: «Ում հետ խոսում եմ, բոլորը դա են ասում: Մարդիկ կարոտում են ու սիրում են Հայաստանը»:

Ջորջ Տաբակյան

Ջորջ Տաբակյանը լիբանանահայ է, Հայաստան է տեղափոխվել 2011 թ.: Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նա որոշ մտավախություններ ունի, քանի որ իբրև զինվորական մտահոգ է Ղարաբաղյան խնդրով: «Բողոքներին չէի մասնակցում անձնական-տեխնիկական պատճառներով. նույն ժամանակաշրջանում սկսվում էր իմ պահեստազորի զորահավաքը, և իբրև զինվորական իրավունք չունեի մասնակցելու քաղաքական միտինգներին»:

Ջորջն ասում է, որ ընդհանուր առմամբ կողմ է ցանկացած բողոքի ակցիայի, որն ունի հստակ նպատակ և չի խաթարում երկրի անվտանգությունը: «Իմ կարծիքով՝ հանրահավաքները հասան պատմական հաղթանակի ապրիլի 23-ին, և այդ օրվանից ցանկացած ապագա իշխանություն պիտի հաշվետու լինի հասարակության առաջ: Միևնույն ժամանակ այս ամենը փաստեց, որ նոր Սահամանդրությունն ունի մեծ խնդիրներ, կարիք կա այն վերանայելու ու կարգավորվելու»:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, զրուցակիցս նշում է, որ հարթակից հնչող տարբեր խոստումներ (օրինակ՝ կոմունալ ծառայության վճարները չվճարելը, գյուղական վարկերի մարումը, խաղաղության հաստատումը Արցախում և այլն) իրատեսական չեն. «Այս խոստումները պոպուլիստական են և շուտով ժողովրդին հիասթափացնելու են, եթե մարդիկ, իհարկե, հիշեն: Հայաստանի խնդիրները շատ խորն են և մի ղեկավարի փոփոխությունը ամեն խնդիր չի կարող լուծել»:

Ջորջ Տաբակյանի հիմնական մտահոգությունն անցումային շրջանին է վերաբերում, որպեսզի որևէ քայլ չարվի, որը կխաթարի մեր երկրի անվտանգությունը: «Բոլորս էլ ականատես էինք այն փաստին, որ Ադրբեջանը զինտեխնիկայի շարժ է կատարել առաջնագծում և պատրաստվում է առիթից օգտվել»:

Նրա հիմնական խորհուրդը իշխանություններին հետևյալն է. ձևավորել ազգային համաձայնության իշխանություն, որը կհաստատի արդարության սկզբունքը, կպայքարի կոռուպցիայի դեմ և կշարունակի բարեփոխումները, որոնք սկսվել էին ՊՆ-ում և տարբեր նախարարություններում:

Բոլորովին վերջերս Շվեյցարիայից Հայաստան տեղափոխված բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանն ասում է, որ շատ ուրախ է տեղի ունեցող իրադարձությունների համար:

«Չեմ մասնակցել բողոքի ցույցերին, քանի որ շատ գործ ունեի անելու, բայց չեմ էլ բողոքել փակ ճանապարհներից: Հույս ունեմ, որ երիտասարդներն ու բոլորը շուտ չեն հոգնի ու բավարարվի։ Եթե նոր վարչապետ լինի, այլևս չպետք է հանդուրժենք նոր վարչապետի սխալներն ու մութ գործերը։ Ո՞վ գիտի, նրանք էլ են մահկանացու։ Իշխանության համար պայքարից եմ զգուշանում։ Չեմ ուզում հին ուրվականների վերադարձը: Հույս ունեմ, որ ժողովուրդը չի հերոսացնի Փաշինյանին ու ամբողջ հույսն ու աշխատանքը դնի նրա ուսերին»։

Եթե անգամ իշխանափոխություն տեղի ունենա՝ Վիկտորյան չի սպասում ակնթարթային բարեփոխումներ։

Վարդան Սեպտջյան

Վարդան Սեպտջյանը Հայաստան է վերադարձել Ֆրանսիայից 2015 թ.: Նա ակտիվորեն մասնակցել է բողոքի ցույցերին և մեծ սպասումներ ունի այս փոփոխություններից: «Ինչպես միշտ ասել եմ, ժողովրդի աշխատավարձը պետք է բարձրանա, որպեսզի ժողովուրդն ի վիճակի լինի հոգալ բոլոր հոգսերը: Մտահոգություններս շատ են: Ծրագիր ունեմ Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացման ու ժողովրդի բարգավաճման վերաբերյալ»:

ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Հայկ Նազարյանը առաջին իսկ օրվանից բացասական վերաբերմունք է ունեցել այս հեղափոխության նկատմամբ և չի մասնակցել ցույցերին։ «Որովհետև գիտեի, որ սա ազգային զարթոնք չէ, այլ օտար թշնամական ուժերից հրահրված և ֆինանսավորված մի շարժում,- պարզաբանում է նա,- առհասարակ միշտ էլ դեմ եմ եղել այս տեսակ ցույցերին և հեղափոխություններին, որովհետև կազմակերպողները միայն մտածում են եղածը քանդելու մասին, առանց ավելի լավով փոխարինելու»։

Հայկը որևէ ակնկալիք չունի այս հեղափոխությունից, քանի որ չի վստահում շարժման առաջնորդներին։ «Նրանք չունեն ազգայնական գաղափարախոսություն։ Ես սա համարում եմ սիոնիստական-մասոնական դավադրություն՝ ուղղված Հայաստանի պետականության դեմ»,- ասում է նա։

Hayk Nazaryan-Õ« լուսանկարը:Նրա գլխավոր մտահոգությունն այն է, որ ժողովուրդը նորից կխաբվի ու կհիասթափվի։ «Մենք և իշխանությունը պետք է լավ հասկանանք, որ մեր ազգի խնդրի արմատը այնքան խորն է, որ միայն ղեկավարներ փոխելով՝ ոչինչ չի փոխվի, մեզ հարկավոր է նոր ցեղային գաղափարախոսություն ու եվգենիկա, եթե ցանկանում ենք իրական ազգային զարթոնք»։

2004 թվականին Կանադայից Հայաստան տեղափոխված լիբանանահայ Րաֆֆի Դուդակլյանը վրդովված է Ազգային ժողովում հանրապետական պատգամավորների ելույթներից։ «Վարչապետի ընտրության համար Ազգային ժողով ժամանած հանրապետական պատգամավորները, ազգի ընտրյալները ավելի քան 8 ժամ հայաստանաբնակ ու Սփյուռքի հայ ժողովրդին բազմիցս զգուշացրին գալիք աղետի մասին: Հանկարծ հասկացանք, որ իրենցից բացի, ոչ ոք չի կարող ապահովել սահմանների անվտանգությունը: Իմացանք, որ Ռուսաստանը քարուքանդ կանի Հայաստանը, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի: Տեղեկացանք, որ մութ և օտար ուժեր են կանգնած Նիկոլի հետևում, որոնք հրահրում են այս համաժողովրդային շարժումը, ու դեռ Ադրբեջանն էլ զորքը բերել-լցրել է սահմանների վրա, և չուշացավ եզրակացությունը: Հունական ողբերգություն հիշեցնող այս ներկայացումից հետո պարոն Աշոտյանը հայտարարեց, որ Նիկոլի ընտրությունը Հայաստանի կործանման սկիզբը պիտի դնի»։

Րաֆֆի Դուդակլյան

Եթե այդպես է, ապա Րաֆֆի Դուդակլյանը հարց է բարձրացնում. «Տրամաբանական չէ՞ր լինի, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցությունը հանդես գար սեփական թեկնածուով, ընտրեր վարչապետ ու կանխեր վաղվա աղետը՝ թեկուզ և չափազանց դժգոհ մնային հարյուրհազարավոր քաղաքացիներ»։

Հաջորդ օրը, երբ Հանրապետական խմբակցությունը հայտարարեց ժողովրդի թեկնածուին սատարելու մասին, Դուդակլյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ժողովուրդը հաղթեց՝ շնորհի իր պայծառ երիտասարդության: Իմ հպա՛րտ ժողովուրդ, իմ պայծա՛ռ երիտասարդություն, այո, մե՛նք ենք տերը մեր երկրի...»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: