Հայերեն   English   Русский  

408 հատ ծառ ապօրինի հատելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործն ուղարկվել է դատարան


  
դիտումներ: 1030

Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում ապօրինի թվով 408 հատ տարբեր տեսակի ծառեր հատելու արդյունքում առանձնապես խոշոր վնաս պատճառելու, ինչպես նաև նույն մասնաճյուղի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Սպիտակի» անտառպետության անտառապետ Գ. Ս.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնելու անտառպետության ղեկավարումը, կանխարգելելու անտառպետության տարածքում անտառային օրենսդրության բոլոր խախտումները, հսկողություն իրականացնելու անտառպետության տարածքի սահմաններում այդպիսի խախտումները ժամանակին հայտնաբերելու, արձանագրելու և սահմանված կարգով ընթացք տալու նկատմամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի կանխել անտառային խախտումները և միջոցներ չի ձեռնարկել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Ընդհակառակը՝ 2017 թվականի հոկտեմբերի սկզբներից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում նա նույն անտառ­պետութ­յան 10-րդ պահաբաժնի անտառապահ Ս. Կ.-ին հրահանգել է թույլատրել Սպիտակ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ին՝ հիշյալ պահաբաժնի անտառա­մասում կատարել ծառերի ապօրինի հատումներ:

Ս.Կ-ն, լիազորված լինելով իր իրավասության շրջանակներում՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու և հսկողություն իրականացնելու ծառահատումների նկատմամբ, թույլատրել է Հ.Հ-ին Սպիտակ քաղաքի 4 այլ բնակիչների հետ մուտք գործել Սպիտակի անտառպետության պահաբաժնի անտառամաս և այնտեղից ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության, հատել 384 հատ տարբեր տրամաչափի սոճենի, հացենի, թեղի, բալենի, թղկի, տանձենի տեսակի ծառեր: Ապօրինի ծառահատման փաստը թաքցնելու և ծառերի ապօրինի հատման արդյունքում պետությանը պատճառված վնասն անձամբ չհատուցելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ անտառապետը հանձնարարությամբ հողով ծածկվել են ապօրինի հատված ծառերի կոճղերը և նույն շահագրգռվածությունից ելնելով չեն կազմվել անտառխախտման արձանագրություններ: Այս ամենի արդյունքում՝ ապօրինի ծառերի հատման հետևանքով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 25.353.000 ՀՀ դրամի վնաս:

Միաժամանակ, Գ. Ս.-ի և Ս. Կ.-ի գործողությունների արդյունքում խաթարվել է անտառների պահպանության, պաշտպանությանն ու արդյունավետ օգտագործմանն ուղղված, ան­տառների կայուն կառավարման նպատակով իրականացվող միջոցառումները, հեղինա­կազրկվել են նաև անտառպաշտպանության բնագավառում պետական իրավասու մարմնի պաշտոնները՝ էական վնաս պատճառելով ինչպես պետության, այնպես էլ պետա­­կան կազմակերպության օրինական շահերին:

Վերը նկարագրված արարքները կատարելու համար Գ. Ս.-ն և Ս. Կ.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Միաժամանակ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում 2017 թվականի հոկտեմբերի 31-ին որոշում է կայացվել Հ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ապա միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու նպատակով, որը բավարարվել է:

2018 թվականի մայիսի 3-ին քրեական գործից մեղադրյալ Հ. Հ.ի վերաբերյալ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, անջատվել է առանձին վարույթում, իսկ Գ. Ս.-ի և Ս. Կ.-ի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ: Այն հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: