Հայերեն   English   Русский  

​Համաձայն չեմ ամեն ինչ կիրառականի վերածելու մտայնությանը. երիտասարդ գիտաշխատող


  
դիտումներ: 5396

Երիտասարդի համար ֆինանսական ապահովվածությունից ավելի կարևոր է իր ներուժի դրսևորման հնարավորությունը: Այս համոզման է ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ինովացիոն և գիտական հարցերով փոխտնօրեն, Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի կենսամիմետիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով` ինչպես ամեն զինվորական երազում է գեներալ դառնալու մասին, այնպես էլ յուրաքանչյուր նորաթուխ գիտնական երազում է իր գյուտերով աշխարհը զարմացնելու մասին: Սակայն Հայաստանում գիտության ոլորտում ֆինանսավորման և նյութատեխնիկական հնարավորությունների անբավարարությունը դժվարություն է ստեղծում հաջողության հասնելու ճանապարհին։

Որպես օրինակ նշում է, որ եթե զարգացած երկրներում փորձարարական ոլորտի գիտաշխատողին մեկ ամիս կպահանջվի ինչ-որ նյութ ստանալու համար, ապա հայաստանյան գիտնականին դրա համար երկու-երեք ամիս է պետք: Պատճառը ոչ միայն նյութատեխնիկական բազայի հնությունն է և նոր սարքավորումների սակավությունը, այլև գործող կարգերը:

Մկրտչյանն ասում է, որ քիմիայի ոլորտում, օրինակ, խանգարող գործոն է նաև մրցույթների միջոցով գնումներ կատարելու կարգը: Ասում է, որ տարվա ընթացքում քիմիական ռեակցիաների համար նյութեր կարող են պետք գալ, որոնք նախապես կռահել չես կարող: Սակայն գործող կարգի համաձայն` տարեսկզբին պետք է կարողանաս հստակ իմանալ, թե ողջ տարվա ընթացքում ինչ նյութեր պետք կգան և ըստ այդմ գնման մրցույթ հայտարարես:

Գիտական արդյունավետ գործունեության համար խոչընդոտները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում: Մկրտչյանը նաև նշում է, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով համապատասխան որոնման ծրագրեր չունեն, որոնց միջոցով կկարողանային հետևել քիմիայի ոլորտում նորություններին, ստացված նյութերին ու միացություններին աշխարհի մակարդակով: «Երբ մեր գիտաշխատողը որևէ նոր նյութ է ստանում ռեակցիայի արդյունքում, նա չի կարող վստահ իմանալ` դա նորույթ է, թե մեկ այլ գիտնական աշխարհի մեկ այլ երկրում մի քանի տարի առաջ արդեն նման նյութ ստացել է»,- ասում է Մկրտչյանը: Նա նշում է, որ այդ խնդիրը փորձում են լուծել անձնական կապերի միջոցով. արտասահմանյան իրենց ընկերներին են ուղարկում ստացած նյութի բանաձևը` խնդրելով ստուգել, թե արդյոք նման նյութ հայտնի է աշխարհի գիտական հանրությանը:

Մյուս կարևոր խնդիրը, որ առանձնացնում է երիտասարդ գիտաշխատողը, գիտելիքների փոխանցումն է: Նա մտահոգություն է հայտնում, որ այդ գործընթացը պատշաճ կերպով չի իրականացվում, տարեց գիտնականները թոշակի են անցնում` իրենց գիտելիքների ողջ պաշարը դեռևս երիտասարդներին չհաղորդած: Ասում է, որ դրա պատճառներից մեկն էլ միջին տարիքի սերնդի բացակայությունն է:

Իսկ հարցին, թե ինչ է պետք գիտության ոլորտում հաջողության հասնելու համար, Աննան պատասխանում է` համապատասխան գիտական միջավայր, լավ գիտական ղեկավար, աշխատասիրություն, համառություն և գիտակցություն, որ այն, ինչ անում ես, քոնն է:

Խոսելով գիտության գրավչության մասին` Աննան նշում է, որ այստեղ մարդ անընդհատ նոր բան է սովորում, չկա աշխատանքային գրաֆիկ, գիտնականի ուղեղը շարունակ մտածում է ու վերլուծում: «Գիտնականի ուղեղի գորշ բջիջներն անընդհատ աշխատում են»,- ասում է Աննան և հավելում, որ չկա ավելի հաճելի բան, քան վերլուծության արդյունքում որևէ ենթադրության հանգելը և հետագայում այն փորձերով ապացուցելը:

Անդրադառնալով գիտության առևտրայնացման խնդիրներին` Աննան նշում է, որ քիմիայի ոլորտում առևտրայնացման պոտենցիալը մեծ է: Նշում է, որ իր գործընկերները, օրինակ, յուղեր են արտադրում, ամինաթթուներ են ստանում և վաճառում արտասահմանյան ընկերություններին: Սակայն, գիտաշխատողի խոսքով, առևտրայնացման պոտենցիալ ունեցող արդյունք ստեղծելու համար ժամանակ է պետք. տասը հետազոտությունից միայն մեկն է նման արդյունք ապահովում:

«Սակայն ես համաձայն չեմ ամեն ինչ կիրառականի վերածելու մտայնությանը: Եթե չլինի ֆունդամենտալ հետազոտություն՝ չի կարող լինել և կիրառական արդյունք: Առանց հիմնարար գիտության՝ կիրառական արդյունք ակնկալելը նույնն է, թե ասենք` եկեք առանց դպրոց գնալու երեխաները միանգամից բուհ ընդունվեն»,- ասում է նա` հավելելով, որ կիրառական արդյունք ապահովող միջազգային ընկերությունները մի քանի լաբորատորիաներ ունեն, որոնք ֆունդամենտալ հետազոտություններ են իրականացնում:

«Այլ հարց է, որ գուցե մեզ մոտ գիտությունը ճահճացել է, բոլորն ասում են՝ ֆունդամենտալ, բայց արդյունքներ չկան: Եկեք դրա վրա աշխատենք,- ասում է նա:- Բայց գիտության որևէ ճյուղ անտեսել պետք չէ: Այսօր այն մեզ համար գուցե արդիական չէ, բայց վաղը կամ 10 տարի հետո կարող է պետք գալ, ու մենք ոչ մի մասնագետ չունենանք»:

Չնայած թվարկած խնդիրներին` Աննան վստահ է, որ Հայաստանում գիտության զարգացումն այլընտրանք չունի: Ասում է` չի կարող լինել պետություն առանց գիտության:

«Ես իմ ապագան տեսնում եմ և՛ գիտությունում, և՛ Հայաստանում: Սակայն գիտնականը պետք է պարբերաբար նաև արտերկիր մեկնի, մասնակցի համաժողովների և շփվի արտերկրյա գործընկերների հետ, կարողանա համաշխարհային գիտական զարգացումների մասը կազմել»,- ասում է նա` հավելելով, որ պետությունը պետք է համապատասխան պայմաններ ստեղծի, որպեսզի արտերկիր մեկնած գիտնականներն ի վերջո կրկին Հայաստան վերադառնան, ոչ թե գիտական գործունեությունն այլ երկրներում շարունակեն:

Երիտասարդ գիտաշխատողն առաջարկում է նաև երեխաներին, դպրոցական տարիներից սկսած, հանրամատչելի կերպով ներկայացնել գիտությունը, ԶԼՄ-ներով ներկայացնել գիտնականների հաջողությունները, որպեսզի գիտությամբ զբաղվեն ոչ միայն գիտությանը նվիրված էնտուզիաստները, այլև համապատասխան պոտենցիալ ունեցող բոլոր երիտասարդները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: