Հայերեն   English   Русский  

​ՅՈՆ ՔԱՋ


  
դիտումներ: 1314

Նրա մասին գրքեր ու մենագրություններ են գրել (Բ. Պ. Հաշդեու. «Յոան իշխան Ահարկու»), նրան անդրադարձել են նաև Է.

Հայը դարեր շարունակ, ուր էլ ապրել է, ռազմիկ է եղել: Սակայն, որպես կանոն, հայի սուրը փայլատակել է օտարի համար` փառք բերելով օտար ազգին, ծածանելով օտար դրոշները:

1045 թ. հայ եկեղեցու դավաճանության հետևանքով կործանվեց Անիի Բագրատունիների թագավորությունը: Հայությունը, առանց պայքարի, հայրենի հողը զիջեց օտարին: Զիջեց ու պանդխտության ցուպը վերցրեց:

XI դարից սկսած՝ Սև ծովի ափերից՝ Ղրիմից մինչև Բեսարաբիա, Վալախիա, Կարպատներ, Լեհաստան ու Հունգարիա սփռվեցին գաղթական անեցիների սերունդները՝ հարյուրհազարավոր հայեր: Եվ ուր էլ հաստատվեցին, փառք ու զորություն բերեցին օտար պետություններին:

Անիից Եվրոպա տեղափոխված գերդաստաններից են սերել Սերբակովիչները: Նրանցից է սերում XVI դարի քաղաքական գործիչ, Մոլդովայի գոսպոդար և զորավար Յոն Քաջը, որ պատմագիտությանը հայտնի է նաև Յոան Հայ, Յոն Ահարկու, Յոն Անգութ անուններով: Նրա գործունեությունը շատ նման էր հայոց Արշակունի Պապ թագավորի գործունեությանը:

Մոլդովայի հերոսը ծնվել է 1521 թ. Սուչավա քաղաքում: Սերել է Մոլդովայի իշխանության գոսպոդար Շտեֆան Մեծի և հայ Սերեբկովիչների ընտանիքից։ Հայուհի Սերպեգայի և ռումին իշխան Շտեֆանիցի որդին է։ Բայց անգամ ռումիններն ու մոլդովացիները միահամուռ նրան Արմենուլ են կոչել:

Լինելով հավակնոտ ու քաջ իշխան՝ Յոն Քաջը դեռ 1551 թ. փորձեց տիրել Մոլդովայի իշխանության գահին: Սակայն թուրքերն ընդդիմացան: Նրանք այլ նպատակներ ունեին:Յոն Քաջը հետ չկանգնեց մոլդովական գահի հավակնությունից: Գործը հասավ նրան, որ թուրքական իշխանությունները հայազգի իշխանին աքսորեցին Հռոդոս կղզի:

Սակայն Յոն Քաջին բախտը ժպտաց: 1572 թ. Մոլդովայի գոսպոդարն իր քաղաքական կողմնորոշումը թեքեց Լեհաստանի կողմը՝ ցանկանալով թոթափել թուրքական լուծը: Բարձր դուռը գահազուրկ արեց նրան և Մոլդովայի գահը հանձնեց Հռոդոսից ազատ արձակված Յոն Հային:

Նրան, սակայն, գրկաբաց չընդունեցին Մոլդովայի իշխանները: Յոնի դեմ հզոր ապստամբություն է բռնկվում: Շուրջ երկու տարի տևած քաղաքացիական պատերազմի հետևանքով Յոն Քաջը ամենայն խստությամբ ու դաժանությամբ ճնշեց ապստամբությունը՝ վաստակելով Ահարկու մականունը:

Քանի որ Մոլդովայի մայրաքաղաք Սուչավայում գերակշռում էին նախկին գոսպոդարի կողմնակիցները, Յոն Հայը երկրի մայրաքաղաքը տեղափոխեց Յաշ՝ Յասսի, ուր, ի դեպ, ստվար էր նաև հայ բնակչությունը: Ապա հայազգի տիրակալը գրավեց Խոտինի բերդն ու այն միացրեց իր իշխանությանը:

Թեպետ Յոն Քաջը հզոր ու քաջ տիրակալ էր, գիտակցում էր պետության կառավարման գործում կոլեգիալ մարմնի անհրաժեշտությունը: Եվ նա Մոլդովայի պատմության մեջ առաջին անգամ ստեղծեց Իշխանական խորհուրդ:

Յոն Քաջը հասկացավ, որ պետք է իր իշխանությունը հենվի ուժեղ բանակի վրա: Եվ բանակն ամրապնդելու նպատակով նա կրկնեց Պապ թագավորի քաղաքականությունը, որ իրականացվել էր IV դարում:

Մոլդովայի տիրակալը բռնագրավեց վանքապատկան հողերը, դրանք դարձրեց պետական նշանակության, բաժանեց գյուղացիներին, որոնք այդ հողերի եկամուտների դիմաց պետության առաջ ստանձնեցին զինվորական ծառայության պատասխանատվություն: Այդ միջոցով Յոն Ահեղը կարճ ժամանակում գյուղացիներից ուժեղ ու կուռ բանակ հավաքագրեց:

Յոն Քաջը Մոլդովայում առևտրին զարկ տալու նպատակով իր անվամբ պղնձադրամ կտրեց: Այդ դրամը սոսկ ներքին շրջանառության համար էր, այսուհանդերձ վկայում է հայազգի տիրակալի իշխանության ամրության ու ներքին անկախության մասին:

ՅՈՆ ՔԱՋ

Կամելարը, Մ. Ժոլդկան: Յոն Քաջի կերպարը մարմնավորվել է գեղանկարչության (Գ. Լաբին), քանդակագործության (Մ. Բուտուրոյու, Զ. Մեդրեա), նաև երաժշտության (Դ. Դումիտրեսկու) մեջ:

Յոն Քաջի օրոք Մոլդովան միայն ձևական՝ անվանապես էր ճանաչում Օսմանյան կայսրության տիրակալությունը և իրականում անկախ երկիր էր: Չնչին էին Մոլդովայից գանձվող հարկերը: Սա, բնականաբար, չէին կարող հանդուրժել թուրք տիրակալները: Սելիմ Բ սուլթանը առիթ էր որոնում՝ Մոլդովան իրապես հպատակեցնելու համար: Նա պահանջեց Մոլդովայի իշխանից կրկնապատկել հարկերը: Յոն Քաջը մերժեց սուլթանին: Բախումն անխուսափելի էր:

Հայ իշխանը ապագա պատերազմում փորձեց Օսմանյան կայսրության դեմ թշնամի երկրների կոալիցիա ստեղծել: Ավաղ, արձագանքողները քիչ էին: Էական օգնություն ցուցաբերեցին միայն Դնեպրի կոզակները: Բայց դա չընկճեց Մոլդովայի իշխանի անվեհեր ոգին:

Նրան բարոյապես աջակցում էր նաև Մոսկվայի տիրակալը՝ Իվան Դ Ահեղը, սակայն նա անկարող էր գործնական որևէ օգնություն ցույց տալ:

1574 թ. թուրքական զորքերը, ստանալով Տրանսիլվանիայի, Վալախիայի ռումին իշխանների աջակցությունը, Նիկոպոլի փաշայի հրամանատարությամբ մտան Մոլդովա, սակայն ապրիլին Ժիլիշտե գյուղի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում Յոն Քաջը գլխովին ջախջախեց թշնամուն:

Դրանով Յան Քաջը կանգ չառավ և հակահարձակման անցավ: Նա պատժիչ գրոհ ձեռնարկեց Վալախիայի վրա, գրավեց երկրամասը, մայրաքաղաք Բուխարեստը, պատժեց տեղի իշխաններին:

Թուրքերը կրկին մեծ զորք ուղարկեցին: Պատերազմական գործողությունները տեղի ունեցան Մոլդովայի սահմաններից դուրս՝ Վալախիայի տարածքում: Յոն Քաջը թուրքական և վալախական զորքերին երիցս ջախջախեց նախ Լրպուշնայի, ապա Բենդերի (Տիգինա) և Աքքերմանի ճակատամարտերում:

Սակայն ուժերն անհավասար էին: Շուտով թուրքերը Յոն Քաջի բանակների դեմ ուղարկեցին Ղրիմի խանության զորքերը՝ Ադիլ Գիրեյի հրամանատարությամբ, որին միացավ Ռումելիի (Օսմանյան կայսրության եվրոպական տիրույթների) բեկլերբեկ Ահմեդ փաշայի զորքը: Թշնամին 200 հազարանոց զորքով հարձակման անցավ: Սակայն հայազգի իշխանը չերկնչեց: 1574 թ. հունիսին նա Կահալ լճի ափին անհավասար ուժերով ճակատամարտ տվեց թշնամուն: Արյունահեղ ճակատամարտի հետևանքով Յոն Քաջը բազմաթիվ կորուստներով նահանջեց Ռոկշան՝ պատրաստելով իր բանակը նոր ճակատամարտի:

Տեսնելով, որ զինված պայքարում կոտրել անվեհեր հայի ոգին անհնար է, թուրքերը խարդախության դիմեցին: Նրանք հաշտություն առաջարկեցին և բանակցությունների պատրվակով իրենց մոտ հրավիրեցին Յոն Քաջին: Նա միամտաբար ընդունեց հրավերն ու 1574 թ. հունիսի 14-ին մեկնեց թուրքական զորքերի ճամբար: Հենց օսմանյան զորքերի հրամանատարի վրանում էլ նրան թիկունքից դաշունահարեցին:

Այս առումով ևս Յոն Քաջը նմանվեց իր զորեղ հայրենակցին՝ հայոց Պապ արքային:

Հայ իշխանին թիկունքից խողխողեց ազգությամբ իտալացի, թուրքացած Չիկալա զադե Յուսուֆը: Օսմանցի զինվորները նրա մարմինը մասնատեցին՝ աշխատելով ձեռք բերել նրա մարմնից մի մասնիկ՝ որպես թալիսման նրա ուժն ու քաջությունը ստանալու համար:

Թուրքերը Մոլդովայի գահը հանձնեցին իրենց կամակատար Պետրու Կաղին: Բայց նրան մեկ տարի անց գահազուրկ արեց ու Մոլդովայի գահը գրավեց մեկ ուրիշ հայ՝ Ալեքսանդր Սերպեգան:

Մոլդովայի ժողովուրդը Յոն Քաջին դեռ կենդանության օրոք կոչել է Մոլդովայի հայր: Դրանից ավելի մեծ գնահատական հավանաբար անկարելի է պատկերացնել:

Բացի Յոն Քաջից, Սերպեգաների տոհմից ռազմի ասպարեզում աչքի են ընկել Կոստանտինը, Ալեքսանդրը, Իվան Պոտկովան, Պեդրու Վարդիկը՝ Ռեպեշան, Յուրաշկո Վարդիկը…

Վահէ Լոռենց





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: