Հայերեն   English   Русский  

​Վնասներ (քաղաքացիական իրավունք, մաս 2)


  
դիտումներ: 2368

Նախորդ համարում անդրադարձանք վնասների ինստիտուտին՝ ներկայացնելով հասկացությունը, կազմը և այլ հիմնական կողմերը։ Այս համարում առավել մանրամասն կխոսենք վնասների մասին՝ անդրադառնալով որոշակի տեսակներին։

Պատասխանատվությունը հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար

Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

Քաղաքացուն կամ իրավաբանական անձին հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել ապօրինի դատապարտելուն, քրեական պատասխանատվության ենթարկելուն, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելուն, վարչական տույժի ենթարկելուն, հատուցվում է հանրապետության կողմից։ Արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը

Անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը հատուցում է խնամակալը կամ այն կազմակերպությունը, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Անշարժ գույքի սեփականատիրոջ պատասխանատվությունը

Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Կենդանիների սեփականատիրոջ պատասխանատվությունը

Կենդանու պատճառած վնասի հատուցման պարտականությունը կրում է այդ կենդանու սեփականատերը, բացառությամբ այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին հանձնված կենդանու կողմից պատճառված վնասի, որի դեպքում վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանուն տիրապետողը կամ օգտագործողը կամ խնամողը, եթե այլ բան նախատեսված չէ կենդանու սեփականատիրոջ և կենդանու օգտագործման, տիրապետման իրավունք ունեցող կամ խնամք իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով:

Պատասխանատվությունը շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառած վնասի համար

Իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Ռեգրեսի իրավունքը

Այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:






Մեկնաբանություններ - 1

Nelli     09.05.2018 vnasneri hatucum ansharsh guiqi sepakanutiun pastaci
tirapetox dataranum qnnvox 2011_2018
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: