Հայերեն   English   Русский  

«Հայկական թավշյա հեղափոխություն».հայաստանյան վերջին իրադարձությունների մասին նոր գիրք է ստեղծվում


  
դիտումներ: 2861

Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները՝ մեկ գրքում. հունիսին լույս կտեսնի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը:

Նորաստեղծ գրքի հեղինակն է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Գիրքը լույս է ընծայվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:

Այն ոչ միայն հեղափոխական ընթացքի յուրատեսակ քրոնիկոնն է, այլև վերջին տարիների կարևորագույն քաղաքական իրադարձության ամբողջական, հավասարակշիռ վերլուծություն: Գրքում ներկայացված են նաև «Հայկական թավշյա հեղափոխությանն» առնչվող միջազգային փորձագետների գնահատականները:

Գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը միջազգայնորեն ճանաչված քաղաքագետ և փորձագետ է: Նա եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Այժմ Ստեփան Գրիգորյանը 2012-ին հիմնադրված Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահն է:

Ստեփան Գրիգորյանը ոչ թե պարզապես հետևել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այլև դրանց անմիջական մասնակիցն է եղել: Ի դեպ, հեղափոխության օրերին գրքի հեղինակը նաև ձերբակալվել է: Այս օրերին Գրիգորյանը պարբերաբար հարցազրույցներ է տվել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվամիջոցներին՝ վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Տեղեկացնենք, որ «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ներառելու է նաև երկրում տեղի ունեցող իրադարձությունների կադրեր: Գիրքն ընթերցողի սեղանին կդրվի այս տարվա հունիսին: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ գիրքը միաժամանակ լույս է տեսնելու հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ լայն շրջանակներին մեր պատմության կարևորագույն էջերը ներկայացնելու նպատակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: