Հայերեն   English   Русский  

​Լիբանանյան ընտրություններում հաղթանակեցին իրանամետ ուժերը


  
դիտումներ: 2058

Վերջին 9 տարում առաջին անգամ Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: 2013-ին և 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները հետաձգվել էին, քանի որ մտավախություն կար, որ Սիրիայում ընթացող հակամարտության ազդեցությամբ Լիբանանում ևս կարող է ներքաղաքական ճգնաժամ առաջանալ:

Ընտրություններին մասնակցությունը ցածր է եղել` շուրջ 49,2 տոկոս, չնայած մինչև ընտրություններն իշխանությունները բարեփոխել էին ընտրական օրենսգիրքը` քվեարկելու հնարավորություն տալով հավելյալ շուրջ 800 հազար քաղաքացու: Մասնագետների մեկնաբանմամբ` ցածր ակտիվության պատճառները մի քանիսն են: Նախ` քաղաքացիները տեղյակ չեն օրենսդրական փոփոխություններով իրենց շնորհված հնարավորություններին, բացի այդ` ցածր է վստահության աստիճանը ընտրություններով փոփոխություն անելու հնարավորության նկատմամբ: ԶԼՄ-ների հետ զրույցներում հենց ընտրությունների օրը մի շարք քաղաքացիներ թերահավատություն էին հայտնել, որ ընտրություններով հնարավոր է մի բան փոխել` նշելով, որ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը, և եթե մեկը հեռանում է որևէ պաշտոնից, ապա նրան փոխարինում է ազգականներից կամ մերձակա շրջապատից որևէ մեկը:

Նշենք, որ Լիբանանում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 100 տոկոս համամասնական կարգով, սակայն եղել են նաև ռեյտինգային թեկնածուներ:

Ընտրություններում առաջադրված է եղել 917 մարդ, որոնցից 128-ը առաջիկայում կձևավորեն լիբանանյան խորհրդարանը: Այս անգամ բավականին բարձր է եղել կանանց մասնակցությունը ընտրություններին որպես թեկնածու: Առաջադրվածներից 111-ը կանայք են եղել:

Ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կկազմեն պրոիրանական դիքրորոշում ունեցող քաղաքական ուժերը: «Հզբոլլահ» շիայական կազմակերպությունը և քրիստոնեական «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունը միասին կունենան առնվազն 67 մանդատ խորհրդարանում` կազմելով մեծամասնություն: Փոխարենը դիրքերը մի փոքր զիջել է Լիբանանի վարչապետ, սունիական Սաադ Հարիրիի կուսակցությունը: Նա աջակցում է Սաուդյան Արաբիային: Խորհրդարանում նա կունենա մեծությամբ երկրորդ խմբակցությունը:

Ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ կստանան նաև 3 հայազգի թեկնածուներ:

Վերլուծաբանների կարծիքով` կառավարությունը կղեկավարի հենց Հարիրին, չնայած մանդատների այս կերպ բաշխման պայմաններում դա բավականին բարդ կլինի:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով լիբանանյան ընտրություններին, գրում է. «Լիբանանյան «Ազգային պակտի» համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնը կարող են զբաղեցնել քրիստոնյա մարոնի, վարչապետի պաշտոնը՝ սուննիական, ԱԺ նախագահինը՝ շիայական համայնքների ներկայացուցիչները: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը դժգոհ են 2017 թ. ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխություններից, որոնք բավական բարդացրել է ընտրական համակարգը»:

Լիբանանում «Հզբոլլահի» հաղթանակի կապակցությամբ մտահոգված է Իսրայելը: Հրեական և արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ իրանամետ ուժի հաղթանակը սպառնում է Իսրայելի սահմանների անվտանգությանը, որ ապագայում անխուսափելի հրեա-իրանական պատերազմի ընթացքում Իրանը կարող է Լիբանանի տարածքն օգտագործել Իսրայելը հրթիռակոծելու համար: Լրատվամիջոցները նշում են նաև, որ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու քայլերը բավարար չեն Իսրայելի և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար, առավել համապարփակ գործողություններ են անհրաժեշտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: