Հայերեն   English   Русский  

Կարո՞ղ են ռազմական գործողություններ սկսվել Պարսից ծոցում


  
դիտումներ: 2872

Առաջիկայում միջազգային շուկայում նավթի գները կարող են բարձրանալ: Փորձագետները մտավախություն ունեն, որ կարող են նաև ռազմական գործողություններ սկսվել Պարսից ծոցում: Պատճառը ԱՄՆ-ի դիրքորոշումն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Իրանի հետ կնքված համաձայնագրից և վերսկսում է կիրառել նախկինում սառեցված պատժամիջոցներն այդ երկրի դեմ: Ավելին, նրա խոսքով` պատժամիջոցներ կկիրառվեն նաև այն երկրների դեմ, որոնք կփորձեն համագործակցել Իրանի հետ:

«Իրականում համաձայնագիրն Իրանին հնարավորություն տվեց ուրան հարստացնել և միջուկային առաջխաղացման հասնել»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ 2015 թ. Իրանը և միջնորդ 6 երկրներ` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը և Ռուսաստանը, համաձայնության էին եկել և Համատեղ գործողությունների համընդհանուր պլան ընդունել, որի իրագործման պարագայում պետք է դադարեցվեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Դրանք սառեցվել էին 2016-ից, երբ հրապարակվեց Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցն Իրանում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ:

Թրամփը դեռ մինչև ընտրվելը խիստ քննադատում էր համաձայնագիրը` այն որակելով «վատագույն գործարք» և նշում էր, որ համաձայնագիրը կա՛մ պետք է փոփոխվի, կա՛մ դադարեցվի:

ԱՄՆ-ի քայլը ողջունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նա Թրամփի քայլը որակել է որպես «պատմական քայլ»:

ԱՄՆ-ին այս հարցում սատարել են նաև Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները` կոչ անելով մյուս արաբական երկրներին ևս աջակցություն հայտնել ԱՄՆ-ին:

ԱՄԷ-ի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` Թրամփի որոշումը կնպաստի, որ Մերձավոր Արևելքում «ստեղծվի միջուկային և զանգվածային ոչնչացման որևէ զենքից ազատ գոտի համաշխարհային անվտանգության և կայունության ապահովման համար»:

ԱՄՆ-ի քայլը, սակայն, քննադատությամբ են ընդունել համաձայնագրի կողմ մյուս երկրները, ինչպես նաև ԱՄՆ նախկին ղեկավարությունը, որոնց օրոք կնքվել էր այն: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել են Թրամփի որոշումը: Օբամայի խոսքով` Թրամփի՝ համաձայնագրից հրաժարվելու որոշումը մեծ սխալ է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ևս մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնագրից հրաժարվելու որոշման վերաբերյալ:

Պաշտոնական Թեհրանն անմիջապես արձագանքել է Թրամփի որոշմանը` այն անվանելով պատմական սխալ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի համաձայնագրից և կշարունակի դրա իրագործումը համաձայնագրի անդամ մյուս 5 երկրների հետ, եթե, իհարկե, նրանք էլ չհրաժարվեն դրանից: Ռոուհանին հայտարարել է, որ առաջիկայում այդ թեմայով բանակցություններ կվարեն եվրոպական երկրների, Ռուսաստանի և Չինաստանի հետ:

«Եթե մենք համաձայնագրի նպատակներին հասնենք համաձայնագրի կողմ հանդիսացող մյուս երկրների հետ, ապա այն կմնա ուժի մեջ: Հրաժարվելով համաձայնագրից` ԱՄՆ-ն պաշտոնապես ցույց տվեց իր անհավատարմությունը միջազգային պայմանագրին»,- ասել է Ռոուհանին:

ԵՄ-ն ևս հայտարարել է, որ չի հրաժարվի համաձայնագրից: ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն այս հարցում չի հետևի ԱՄՆ-ի օրինակին, հակառակը, կոչ է անում համաձայնագրի անդամ երկրներին կատարել իրենց պարտավորությունները: «ԵՄ-ն նպատակադրված է գործել` ելնելով իր անվտանգային և տնտեսական շահերից»,- ասել է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս անդրադարձել է խնդրին` նշելով, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ափսոսում են Վաշինգտոնի որոշման համար: Նրա խոսքով` ԱՄՆ-ի քայլը հարվածի տակ է դրել միջուկային զենքի չտարածման միջազգային օրակարգը:

Չինաստանը ևս կողմ է արտահայտվել համաձայնագրի պահպանմանը` նշելով, որ պատրաստ է ջանքեր ներդնել դրա համար:

Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես «խորը հիասթափություն» է արտահայտել ԱՄՆ որոշման կապակցությամբ` նշելով, որ շարունակելու է իրագործել իր պարտավորությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: