Հայերեն   English   Русский  

​Գործարքներ (մաս 2)


  
դիտումներ: 4273

Շարունակելով գործարքների թեման՝ այս համարում ավելի մանրամասն կանդրադառնանք գործարքների ձևին և դրանք չպահպանելու հետևանքներին:

Ինչպես նախորդ համարում նշել էինք, գործարքները լինում են բանավոր և գրավոր: Գրավոր գործարքներն իրենց հերթին բաժանվում են հասարակ գրավոր գործարքների և նոտարական վավերացում պահանջող գործարքների:

Ի՞նչ հետևանքներ է առաջացնում գործարքի գրավոր ձևը չպահպանելը: Օրինակ՝ շատ տարածված է մեր իրականությունում փոխառություն տրամադրելն առանց գրավոր պայմանագիր կնքելու: Փոխառություն տվողներին թվում է, օրինակ, թե փոխառություն տրամադրելուն ականատես վկաները կարող են փաստել գործարքի առկայությունը և իրենք ապացուցման որևէ խնդիր չեն ունենա, սակայն օրենքում հստակ ամրագրված է, որ գործարքի հասարական գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հավաստումն գործարքի ու նրա պայմանների վկաների ցուցմունքներ վկայակոչելու հնարավորությունից: Նման դեպքերում կարելի է միայն ի հավաստումն գործարքի և դրա պայմանների ներկայացնել այլ գրավոր ապացույցներ:

Գործարքների նոտարական վավերացումը կատարվում է փաստաթղթի վրա նոտարի կամ նոտարական գործողության կատարման իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացնող մակագրությամբ: Գործարքի նոտարական վավերացման կարգը սահմանվում է «Նոտարիատի մասին» օրենքով:

Նոտարական վավերացում են պահանջում անշարժ գույքի առուվաճառքի, անշարժ գույքի վարձակալության, ռենտայի, կտակային համաձայնության և մի շարք այլ գործարքներ: Նոտարական վավերացում է պահանջվում նաև այն դեպքերում, երբ թեկուզ օրենքով չկա նման պահանջ, բայց գործարքի կողմերից մեկը պահանջում է, որ գործարքը վավերացվի նոտարի կողմից:

Որո՞նք են գործարքի նոտարական ձևը չպահպանելու հետևանքները: 1. Գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է: Սակայն, եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում: Ավելին, գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները:

Որոշ գործարքներ, բացի նոտարական վավերացումից, պահանջում են դրանցից բխող իրավունքների պետական գրանցում: Օրինակ՝ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է: Այն դեպքում, երբ կողմերից մեկը հրաժարվում է գործարքից ծագող իրավունքների գրանցումից, ապա գործում է նույն սկզբունքը, ինչ նոտարական վավերացման դեպքում՝ դատարանն իրավունք ունի մյուս կողմի պահանջով վճիռ կայացնել այդ իրավունքների գրանցման մասին: Այդ դեպքում գործարքից ծագող իրավունքները գրանցվում են դատարանի վճռի հիման վրա: Եվ կրկին գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գրանցման ուշացման հետ կապված վնասները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: