Հայերեն   English   Русский  

Տնտեսությունը դեռ մի քիչ էլ կսպասի


  
դիտումներ: 1249

Յուրաքանչյուր երկրի ներքին վիճակի յուրաքանչյուր փոփոխություն չի կարող չազդել տվյալ երկրի տնտեսական վիճակի վրա: Ուստի պատահական չէ, որ հայկական «թավշյա հեղափոխության» այս ամբողջ

ընթացքում, բացի քաղաքական խոսակցություններից ու կանխատեսումներից, ակտիվորեն քննարկվում են նաև տնտեսական հարցերը: Շատերին է հետաքրքրում, թե Հայաստանի ներքաղաքական ու հասարակական այս բոլոր զարգացումներն ինչպես կարող են ազդել երկրի տնտեսական իրավիճակի վրա, հնարավո՞ր է, որ դրամն արժեզրկվի, ձեռներեցները տնտեսական ակտիվություն ցուցաբերեն, թե՞ միառժամանակ կհետաձգեն իրենց ծրագրերն ու նախագծերը` մինչև հասկանան, թե ինչն ինչից հետո է, դեպքերն ինչպես են զարգանում, օլիգարխիկ համակարգն իր ռեսուրսները չի՞ փախցնի երկրից, հայտարարված խաղի նոր կանոններն ի՞նչ դրսևորումներ կունենան իրական կյանքում, տնտեսությունն իսկապես կազատականացվի՞, թե՞ արագ լուծումներ չպետք է սպասել…

Ամեն դեպքում նշենք, որ առաջացել է բավական լուրջ դրական սպասումների մթնոլորտ, ինչն իհարկե հուսադրող է, բայց չափազանցված ակնկալիքները կարող են «գործերի հերն անիծել»:

«Ամենաառաջին գնահատականը, որ կարող եմ տալ ստեղծված իրավիճակին, ավելի շատ սոցիալական կապիտալն է՝ համերաշխությունը, որ ձևավորվեց: Եվ արդի տնտեսագիտությունը ցույց է տալիս, որ այդ կապիտալը նույնպես շատ կարևոր գործոն է տնտեսական աճի բարձրացման համար: Այս առումով ուզում եմ նշել, որ անկախ նրանից՝ կառավարության ծրագիրը կհաջողի, թե ոչ, մենք ունենք բավականին բարձր վստահության աստիճան, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության համար»,- «Անկախի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Ի դեպ, տնտեսագիտությունը համարվում է հումանիտար գիտություն այն պարզ պատճառով, որ գործ ունի մարդու իռացիոնալ վարքագծի հետ: Ու թե ինչպե՛ս կծավալվեն իրադարձությունները, ո՛ր ուղղությամբ կզարգանա տնտեսությունը, ինչպիսի՛ տնտեսական հարաբերություններ կձևավորվեն` կախված է հենց մարդկանց համապատասխան վերաբերմունքից ու քայլերից: Իհարկե, այս օրերին հանրության մեջ ձևավորվել է բավական մեծ լավատեսություն, հույս ու հավատ: Մենք քանիցս ենք համոզվել, որ կարևոր չէ, թե ինչ գեղեցիկ ծրագիր կներկայացնի կառավարությունը, ինչպիսի պրոֆեսիոնալ թիմ կհավաքագրի այդ ծրագիրը կյանքի կոչելու համար: Եթե հասարակությունը համապատասխան չարձագանքի` ոչինչ էլ չի ստացվի, մարդիկ տնտեսական ակտիվություն չեն ցուցաբերի, ներդրումներ չեն անի, կփորձեն արտագաղթել, կփորձեն ավելի ապահով վայրեր տեղափոխել իրենց կապիտալը: Եվ պետք է հիշել, որ բիզնեսը սովորաբար շատ պահպանողական ու զգուշավոր է: Եվ նման խոշորամասշտաբ ու շրջադարձային իրադարձություններից հետո, եթե հապաղում լինի, եթե մարդիկ հնարավորինս ձեռնպահ մնան տնտեսական ակտիվություն ցուցաբերելուց` նորմալ ու բնական է: Ուստի չպետք է սպասել, որ եթե երեկ հեղափոխություն եղավ ու դրական ակնկալիքներ ունես, ուրեմն արդեն վաղվանից ամեն ինչ իդեալական է լինելու: Ո՛չ: Լավ լինելու համար պետք է երկարատև, հետևողական ու քրտնաջան աշխատանք: Որովհետև մինչև նոր հարաբերությունները գործեն, իներցիան սկսի աշխատել, ժամանակ կանցնի: Բիզնեսը պահպանողական է, զգուշավոր, և պետք է ամեն ինչ հստակ ու կանխատեսելի լինի, որ գործի:

«Եթե թեկուզ ֆինանսական շուկան նայենք` ակնհայտ է, որ որոշակի զգուշավորություն կա: Առաջիկա քայլերից շատ բան է կախված: Հատկապես այն մարդիկ, ովքեր ազատ շրջանառու միջոցներ ունեն, կոպիտ ասած՝ փախչում են՝ կանխազգալով անորոշություն: Քաղաքական հանգուցալուծումը, իմ կարծիքով, դրական ազդակ է: Բայց ամենակարևոր ազդակն այն կլինի, թե ինչքանով է իշխանությունն առաջինը տեսնելու և հարկելու այն ստվերը, որն այսօր շրջանառվում է: Երկրորդը հայտարարված խաղի կանոնների հավասարությունը պահպանելն է: Դրանք են այն ինդիկատորները, որոնցով պետք է չափվեն՝ արդյոք կա՞ որոշակի փոփոխություն, թե՞ ոչ: Ու եթե այս անգամ էլ դրական տեղաշարժ չլինի, կարծում եմ՝ այս փոփոխությունը, դրական կողմեր ունենալով, կարող է նաև հետընթաց բերել, եթե հիասթափության որոշակի աճ լինի»,- նշում է Արտակ Մանուկյանը:

Ուրեմն դեռ պետք է հասկանալ, թե ինչ առաջնահերթություններ ու դրանց իրականացման ինչ անհրաժեշտ քայլերի հաջորդականություն են սահմանում: Մարդիկ ոգևորված են, և հիմա այդ ռեսուրսն օգտագործել է պետք: Դա կօգնի, որ գործարարությամբ զբաղվողների թիվն ավելանա, նոր թարմ ուժեր ու միջոցներ մտնեն մեր տնտեսություն:

«Բոլորովին այլ վերաբերմունք է լինելու բիզնեսում, առօրյա կյանքում, այլ հոգեբանություն: Եվ պետք է այդ ամենն ուղղորդել օրենսդրական փոփոխություններով, նոր նախաձեռնություններով: Դեռ չգիտենք, թե որ ուղղությամբ է նոր իշխանությունը շարժվելու: Բայց պետք է ասենք, որ նոր կառավարությունը լուրջ պրոբլեմի մեջ է հայտնվել: Նախկին կառավարությունն ինչ մեծ թվեր որ հանրությանը ներկայացրել է, իրականում նման թվեր չկան, և այն ոգևորությունը նախկին կառավարության, որ կար, ընդամենը արտաքինից էր: Ու հիմա նոր կառավարությունը բախվելու է լրիվ այլ իրականության հետ: Մարդիկ պետք է տեսնեն, որ իրավիճակը շտկվում է, տնտեսությունում ամեն ինչ կարգավորվում է, բիզնեսով զբաղվելը հեշտանում է, բյուրոկրատական քաշքշուկներ ու օրենքից դուրս հարաբերություններ չկան: Իհարկե, ես իդեալիստ չեմ, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է այդ հարաբերություններն իսպառ վերացնել, բայց գոնե նվազագույնի հասցվեն: Այդ ամենը շատ մեծ խրախուսող պոտենցիալ է պարունակում, և դա պետք է օգտագործել, կառավարության դերը, նրա հանդեպ վստահությունը օգտագործելով՝ լուրջ արդյունքներ ստանալ: Իսկ եթե մարդկանց հույսերը չարդարանան ու նրանք նոր հիասթափություն ապրեն` անխուսափելի անկումն ավելի վատ հետևանքներ կունենա»,- «Անկախին» ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Անկասկած, նման իրավիճակներում միշտ էլ հնից ազատվելու, օլիգոպոլիան հիմնահատակ քանդելու, նախկին մեղավորներին պատժելու, ապօրինի հարստացածներին ունեզրկելու, որոշ մարդկանց «կուլակաթափ» անելու գայթակղությունը մեծ է լինում: Բայց ամենակարևորն այս պահին տնտեսական համակարգի բնականոն աշխատանքի շարունակականությունն ապահովելն է։ Այս տեսանկյունից կարևոր էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե վենդետաներ չեն լինելու: Որովհետև չի կարելի կադրային ջարդ անել, չի կարելի ամբողջությամբ քանդել հին համակարգերը, քանի որ կստացվի քաոս, կխաթարվեն մատակարարումների, հարկային մուտքերի նախորդ մեխանիզմները, թեկուզ՝ սխալ: Եթե օլիգարխները, մենաշնորհատերերը զգան, որ իրենց կապիտալը վտանգված է, կարող են այն նաև դուրս հանել՝ առաջացնելով տնտեսական խնդիրներ. կարող են փակվել աշխատատեղեր, կարող է խաթարվել ամենապարզ՝ առաջին անհրաժեշտության պարենային մատակարարումների շղթան և այլն: Յուրաքանչյուր հարաբերություններում, առավել ևս՝ հասարակական հարաբերություններում համակարգն անհամեմատ ավելի լավ է, քան անիշխանությունը, որքան էլ վատը լինի գործող համակարգը:

«Գնացող իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ իր ներդրած այդ համակարգն իր ամբողջ էությամբ, բովանդակությամբ ու ռեսուրսներով իրեն սպառել էր: Հիմա նախկին համակարգից մյուսին անցումը ցնցումներով է լինելու, քանի որ մեկը մյուսի հաջորդականությունը չեն, նույնիսկ իրենց բովանդակությամբ ու էությամբ իրարից էականորեն տարբերվելու են, և նոր կառավարության ամենակարևոր անելիքը պետք է լինի հենց այդ ցնցումը մեղմելը: Իսկ դա պետք է լինի թե՛ կոնկրետ գործերով, թե՛ համապատասխան մեսիջներ հաղորդելով»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է դրամի կայունությանն ու փոխարժեքներին, ապա այս առումով, համենայն դեպս դատելով ԿԲ-ի հրապարակած տվյալներից, կարելի է հանգիստ լինել: Նախ՝ որովհետև ֆինանսական համակարգը Հայաստանում բավականին ամուր է ու կայուն, բանկերը բարձր իրացվելիություն ունեն, ԿԲ-ն բավարար պահուստներ ունի և այլն:

Մնում է մարդկանց իռացիոնալ վարքագիծը: Բայց բացասական ազդեցություն կարող էր լինել, եթե մարդիկ անհանգստանային, վախենային ու խուճապի մատնված՝ որոշեին իրենց մոտ եղած դրամը վերածել արտարժույթի: Մինչդեռ այս ամբողջ ընթացքում, ընդհակառակը, մարդիկ շատ ոգևորված են, հավատում են ու վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու, այսինքն՝ հակված չեն բանկերն ու տարադրամի փոխանակման կետերը «պաշարելու», ինչն առայժմ դրամի փոխարժեքը զերծ է պահում անհարկի տատանումներից:

Այսպես թե այնպես, ինչպես նշում էին տնտեսագետները, առաջիկա օրերի ազդակներից, զարգացումներից, դեպքերի ընթացքից հետո նոր կարող է ուրվագծվել, թե որոշակի ինչ ուղղությամբ կընթանան տնտեսական զարգացումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: