Հայերեն   English   Русский  

​Մազաթափության պատճառները


  
դիտումներ: 6550

Մարդն ամեն օր է մազեր կորցնում. նորմ է համարվում օրական մինչև 100 մազի կորուստը: Երբեմն այդ փաստից տագնապում ենք, քանի որ նոր դուրս եկած մազերը չենք նկատում: Ըստ էության՝ մազերի «հերթափոխություն» է կատարվում, ու դա բնական է: Սակայն երբեմն մազերի աճը դանդաղում է, ու թվում է, թե թափված մազերն այլևս նորերով չեն փոխարինվում: Այդ վիճակը, ի վերջո, կարող է ճաղատացման հանգեցնել:

Իսկ ե՞րբ է պետք արդեն լրջորեն զբաղվել մազերի խնամքով: Տարբեր տեսակետներ կան: Օրինակ` եթե առավոտյան բարձի վրա թափված մազեր եք հայտնաբերում, ուրեմն դա արդեն մտահոգվելու ազդանշան է:

Պարզագույն թեստը կօգնի որոշելու, թե ինչ վիճակում են մազերը:

Եթե թափված մազի զննությամբ հայտնաբերեք , որ դրա վրա մուգ պարկ չկա, ուրեմն անհանգստանալու պատճառ դեռևս չունեք: Եթե լինի, ապա երեք օր գլուխ չլվանալուց հետո փորձեք քաշել մի փունջ մազ, եթե 5 մազից ավելի եք հայտնաբերում ձեռքի մեջ, ապա գործ ունեք մազերի ախտաբանական վիճակի հետ, այսինքն` անհապաղ պետք է բուժման միջոցների դիմել:

Մազաթափության պատճառները շատ տարբեր են:

Անբավարար իմունիտետ

Նման բան լինում է, երբ օրգանիզմը թուլանում է կամ աշխատում գերլարումով: Օրինակ` կանայք մազաթափություն են նկատում ծննդաբերությունից հետո կամ կրծքով կերակրման ընթացքում: Բայց հաճախակի մրսածությունն ու վարակիչ հիվանդությունները ևս կարող են մազաթափության պատճառ դառնալ տղամարդկանց մոտ:

Ի դեպ, նման պարագայում օգնում է ծովափնյա հանգիստը. օրգանիզմը ոչ միայն կոփվում է, այլև բավարար քանկությամբ D վիտամին ստանում:

Երկաթի անբավարարություն

Կնոջ օրգանիզմում երկաթի անբավարարություն կարող է առաջանալ կրիտիկական օրերին արյան կորստի պատճառով կամ նորագույն տարատեսակ սննդակարգերի հետևանքով: Քաղցը, բեռնաթափման օրերը կարող են հանգեցնել սակավարյունության, քնկոտության, ընդհանուր թուլության. բոլորը երկաթի անբավարարության ախտանշաններ են:

Այս դեպքում, մազաթափությունը կանգնեցնելու համար պետք է երկաթի հավասարակշռությունը պահպանել ինչպես համապատասխան վիտամիններով, այնպես էլ երկաթ պարունակող սննդամթերքի օգնությամբ` լյարդ, ձկնեղեն ու տավարի միս, տարեկանի հաց ու ձվի դեղնուց, հնդկացորենի ու վարսակաձավարի շիլաներ, խնձորի ու նռան հյութեր:

Դեղորայքից ալերգիա

Մի կողմից բուժում ենք, մյուսից` վնասում:

Շատ դեղամիջոցներ են նման հետևանքներ ունենում, դրանցից են բարձր ճնշման դեմ միջոցները, հակաբեղմնավորիչները, ստերոիդների մի մասը, միզամուղները ու անգամ ասպիրինը:

Նման դեպքերում բուժումն ավարտելուց հետո մազածածկույթը վերականգնվում է, բայց ցավոք, ոչ միշտ:

Գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդություններ

Սեբորեան ու դերմատիտը ևս մազաթափության պատճառ կարող են լինել, իսկ դրանց հարուցիչները տարբեր են, ինչպես, ասենք` ալերգիկ ռեակցիաները: Բուժման համար պետք է պարզել հարուցիչը. ցավոք, այս դեպքում ոչ մի դիմակ չի օգնի, նախ պետք է բուժել այն հիվանդությունը, որը մազաթափության պատճառ է դարձել:

Արյան շրջանառության խանգարումներ

Գլխի արյունատար անոթների անբավարար աշխատանքը ևս կարող է հանգեցնել մազաթափության: Դրա պատճառներից են սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոխոնդրոզը, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքները` սուրճը, թունդ թեյը: Դրանց ազդեցությամբ անոթները կտրուկ սեղմվում են ու հանգեցնում մազաթափության: Ալկոհոլի գործածումը ևս (կոնյակ) կարող է մազաթափություն առաջացնել:

Հետևաբար պետք է սահմանափակել սուրճի քանակը մինչև օրական 2 բաժակ, պետք է մարզվել ու հնարավորինս շատ հանգստանալ:

Բարձր ու ցածր ջերմությունը ևս մազաթափություն կարող է առաջացնել: Նման խնդիր հավասարապես պատահում է թե՛ մեծերի և թե՛ փոքրերի հետ: Սովորեք գլուխը ցրտին պաշտպանել տաք գլխարկով, իսկ արևից` հովանոցով կամ ամառային գլխարկներով:

Շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու արտաքին ագրեսիվ գործոնները ևս մազաթափության պաճառներից են: Մենք թերևս այս գործոններին այնքան էլ լրջորեն չենք վերաբերվում, սակայն ռադիացիոն բարձր ֆոնը, տեղումները, ոչ ճիշտ սնունդը ընդհանուր առմամբ ազդում են մազերի ու օրգանիզմի վրա:

Մազաթափություն է առաջանում անընդհատ սթրեսների պատճառով տանը կամ աշխատավայրում: Խոսքը եզակի` մի անգամ պատահած սթրեսի մասին չէ, այլ «քրոնիկականի». դրանից գլխամաշկի անոթները սեղմվում են, արյան շրջանառությունը թուլանում է, մազերն էլ սկսում են առատորեն թափվել: Առաջարկվում է այս դեպքում ոչ թե հակադեպրեսանտներ խմել, այլ անանուխով ու թրնջխոտով (մելիսա) թեյ: Ընդհանրապես խոտային եփուկները հանգստացնում ու թուլացնում են, կարելի է նաև երիցուկի եփուկով լոգանք ընդունել: Օգնում է նաև աշխատանքից հետո լիարժեք հանգիստ քունը:

Մազաթափության դեմ լավագույն դիմակները

Մազաթափությունը շատերիս խնդիրն է: Ոմանց մոտ մազաթափություն է սկսվում սթրեսից հետո, ավիտամինոզի պարագայում, ծննդաբերությունից հետո: Դա ոմանք շատ ծանր են տանում, մինչդեռ պետք է գտնել դրա դեմ համապատասխան միջոցներ ու սկսել պայքարը: Կան իհարկե այս խնդրի դեղորայքային լուծման տարբերակներ, սակայն մազաթափությունը թերևս այն եզակի խնդիրներից է, որոնց լուծման ժողովրդական միջոցները մեզանում շատ ավելի վստահելի են համարվում:

Ու երևի թե ամենաարդյունավետն այն միջոցներն են, որոնք կիրառվել են յուրաքանչյուրիս ընտանիքում:

Կանխարգելիչ միջոցառումների սկզբում պարզապես կնկատեք, որ մազաթափությունը դադարում է, այնուհետև աչքից չի վրիպի նաև, որ մազերը փարթամանում են:

Առաջարկվող բաղադրատոմսի մասին շատերը գիտեն ու այն հաջողությամբ կիրառվում է ամեն տեսակի ու որակի մազերի ամրապնդման համար:

Իսկ դրա բաղադրությունը հետևյալն է. մեկ ճաշի գդալ գլուխ սոխի հյութը քամել, ավելացնել 1 ճ. գդալ մեղր, մեկ ձվի դեղնուց, 1-2 ճ. գդալ երիժնակի յուղ (репейное масло):

Ստացված հեղուկ զանգվածը քսել մազարմատներին, իսկ մնացածը տարածել մազերի երկայնքով: Դրանից հետո գլուխը պետք է փաթաթել պոլիէթիլենով ու խավավոր սրբիչով: 1 ժամից լվանալ շամպունով:

Սկզբում այս պրոցեդուրան կարելի է շաբաթը երկու անգամ կատարել, այնուհետև` մազարմատների ամրացմանը զուգընթաց` 1 անգամ: Բուժման տևողությունը մեկ ամիս է:

Հ.Գ. Սոխի հոտը վերացնելու նպատակով մազերը կարելի է մաղադանոսի եփուկով ողողել:

Ալոպեցիա

Դա այն վիճակն է, երբ իմունային համակարգը գրոհում է մազարմատների վրա, առաջացնում ճաղատություն, քաշի կորուստ ու այլ ախտանշաններ: Ու դրա բուժման շատ միջոցներ են հայտնի, սակայն տնականը բնական է, անվտանգ, արդյունավետ ու նաև միջոցները տնտեսող:

Սոխի մասին արդեն ասվեց, հավելենք, որ այն հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են պայքարելու ալոպեցիայի օջախների դեմ, հակաբորբոքային միջոց է, որը մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում, կարող է խթանել մազարմատներում արյան շրջանառությունը: Պետք է պարզապես գլխամաշկին քսել հետևյալ խառնուրդը. 1 ճ.գդալ սոխահյութի ու նույնքան շամպունից խառնուրդ պատրաստել, քսել գլխին, թողնել 15 րոպե, ապա տաք ջրով լվանալ:

Նարդոսի (լավանդա) յուղ

Մի քանի հետազոտություններով ապացուցվել է, որ նարդոսի յուղը հզոր միջոց է, որը հաջողությամբ կիրառվում է ալոպեցիայի դեմ: Դա ամենաարդյունավետ միջոցներից է համարվում: Դրա համար պետք է նարդոսի յուղը խառնել կոկոսի ու նուշի յուղի հետ, քսել գլխամաշկին ու 15 րոպե անց լվանալ տաք ջրով ու շամպունով:

Կանաչ թեյ

Հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նույնպես շատ արդյունավետ են ալոպեցիաի դեմ պայքարում: Թունդ կանաչ թեյ պատրաստեք ու երբ այն հովանա` քսեք գլխամաշկին բամբակյա խծուծով, ապա 30-40 րոպեից լվանալ տաք ջրով ու շամպունով:

Բաղրջուկ (հիբիսկուս)

Սնում է մազարմատները, դրանց փափկություն ու փայլ հաղորդում: Թունդ եփուկ պատրաստեք ու ավելացրեք կոկոսի յուղ: Ապա քսեք մազարմատներին` զգուշորեն մերսելով, 15 րոպե անց լվացեք տաք ջրով ու շամպունով:

Տաքդեղի թուրմ

Դա մազապարկերը խթանելու հրաշալի միջոց է, կարելի է գնել դեղատնից կամ էլ տանը պատրաստել. քսել գլխին ու 10-20 րոպե անց լվանալ տաք ջրով ու շամպունով:

Բուժիչ խառնուրդ

Մազարմատների ամրացման ու աճը խթանելու համար 1 դեղնուցը խառնել 1 թեյի գդալ հալվեի հյութի, 1 թեյի գդալ կոնյակի ու Е վիտամինի հետ, քսել գլխին ու թողնել 25 րոպե, ապա լվանալ տաք ջրով ու շամպունով:

Մանանեխի յուղ

Մանանեխի տաքացրած յուղը խառնել հինայի հետ, հովանալուց հետո քսել գլխին, ապա 30-40 րոպեից լվանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: