Հայերեն   English   Русский  

​Թե ինչպես հայ վաճառականը Պրահայում տարածեց սուրճի ու սրճարանի մշակույթը


  
դիտումներ: 1671

Հայերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման առանցքային դերակատարներից են. սա ստուգված իրողություն է անհամար փաստերով: Գրեթե բոլոր ոլորտներում պատմությունը մատնանշում է վառ անհատների, որոնք հետք են թողել աշխարհում: Հայերն ամենուր են ստեղծել նոր մշակույթ:

Աշխարհի ամենատուրիստական քաղաքներից մեկում՝ Պրահայում, քաղաքի ամենատուրիստական փողոցներից մեկում՝ Կառլի կամրջի հարևանությամբ, մի ռեստորան-սրճարան կա, որ կոչվում է «Ոսկե օձի մոտ»: Այն պաշտոնապես համարվում է Պրահայի ամենահին սրճարանը: Պարզվում է՝ XVIII դարասկզբին Պրահայում սուրճի մշակույթը տարածել է Գեորգիես Դեոդատուս անունով մի հայ, որը նախ, փողոցից փողոց անցնելով, սուրճ է եփել ու վաճառել, ապա 1708 թվականին բացել է սրճարան:

Պրահա

Ո՞վ էր Գեորգիես Դեոդատուսը կամ Գևորգ Դեոդատը

Հետազոտող, հրապարակագիր, պատմաբան Խաչատուր Դադայանը «Չեխաբնակ հայեր. հին ու նոր խորհրդանիշներ» վերնագրով իր հոդվածում գրել է, որ Պրահայում «պաշտոնապես» փաստագրված առաջին հայը եղել է Աստվածատուրի որդի Գևորգ Դամասկոսցին: «Վերջինս ծնվել է Դամասկոսում, ունևոր վաճառականի ընտանիքում։ 1690 թ. հայրը նրան առևտրական գործերով ուղարկել է Կահիրե ու Տրիպոլի (Թարաբլուս), ինչը ժամանակի համար սովորական երևույթ էր. հայ վաճառականները, որպես կանոն, 18-ամյակը լրանալուն պես իրենց որդիներին այլ երկրներ էին ուղարկում (այս իրողությունը վկայող բազմաթիվ փաստեր կան)»,- գրում է Դադայանը։

1690-1692 թթ. Գևորգը Տրիպոլիում ծանոթանում և սերտ շփումներ է հաստատում Անտիոքի պատրիարք Իգնասիուս Պետրուսի հետ, ինչն էլ բախտորոշ նշանակություն է ունենում նրա կյանքում: Նա համակվում է կաթոլիկությամբ և կտրվում լուսավորչական դավանանքից, ընտանիքից, արմատներից։

1698 թ. Գևորգը Դամասկոսից ճանապարհվում է Հռոմ, ընդունում կաթոլիկություն, ապա 5 տարի ստանում բարձրակարգ կրթություն՝ սովորելով լատիներեն ու գերմաներեն։

1704 թ. Գևորգը ժամանում է Վիեննա և այստեղ սրճավաճառությամբ զբաղվում, սակայն որոշ ժամանակ անց գործընկերոջ անազնվության պատճառով Գևորգի սրճային բիզնեսն անհաջողության է մատնվում, նա կորցնում է ողջ ունեցվածքը։ Այդ ժամանակ մի հույն քահանա նրան խորհուրդ է տալիս մեկնել Պրահա և այնտեղ սրճավաճառությամբ զբաղվել։ Որոշ փաստեր ենթադրել են տալիս, որ Վիեննայի նրա գործընկերը հայտնի Հովհաննես Աստվածատուրյանն է, որը համարվում է Վիեննայի առաջին սրճարանատերը: Ըստ տեղեկությունների՝ Աստվածատուրյանը Վիեննայում առաջին սրճարանը հիմնել է 1683 թ., և այսօր քաղաքի Ռոտենտուրմշտրասե փողոցում՝ առաջին սրճարանի վայրում, կրկին սրճարան է գործում, իսկ մուտքի մոտ Աստվածատուրյանի քանդակն է` սկուտեղն ու սրճեփը ձեռքին։

Առհասարակ, ինչպես իր հոդվածում գրում է նաև Դադայանը, սուրճը Եվրոպա է թափանցել հիմնականում

հայերի շնորհիվ։ «Այսպես, 1672 թ. Ֆրանսիայի մայրաքաղաք եկավ հայ վաճառական Հարությունը (Պասկալ), որը նախ սուրճի վաճառակետ բացեց Սեն Ժերմեն տոնավաճառի մոտ, ապա սրճարան հիմնեց Էկոլ առափնյակում՝ դե լա Մոնե փողոցի անկյունում. դա Փարիզի առաջին սրճարանն էր։ 1675-ից սկսած՝ Հարությունին հետևեցին նաև այլ հայ վաճառականներ, որոնք Փարիզում արմատավորեցին սրճարանային մշակույթը։ Իսկ 1712 թ. Վարդանի որդի Հովհաննեսը սրճարան հիմնեց Մարսելում»։


Երբ Գևորգ Դեոդատը Վիեննայից տեղափոխվում է Պրահա, այնտեղ սուրճ արդեն սկսել էին օգտագործել, բայց սուրճը՝ իբրև առույգացնող միջոց, վաճառվում էր միայն դեղատներում: Բացի այդ, սուրճը համարվում էր հարուստների ըմպելիք, քանի որ շատ թանկ արժեր:

Առանց գրոշի հասնելով Պրահա՝ Գևորգ Դեոդատը սկսում է շրջիկ առևտրով զբաղվել։ «Դա զարմանալի տեսարան էր. գլխին՝ փայտե սկուտեղ՝ տաք սուրճի բաժակով, աջ ձեռքին՝ վառվող փայտածխով աման, իսկ ձախ ձեռքին՝ ըմպանակներով ու մանր շաքարակտորներով տուփ»,- գրում է Դադայանը։

Թերևս արևելյան հագուկապն էր պատճառը, որ նրան շփոթում էին թուրքի կամ արաբի հետ: Գևորգը շրջում էր փողոցից փողոց և Պրահայի հասարակությանն ընտելացնում այն արտասովոր ըմպելիքին, որը տեղացիները համարում էին սատանայական ըմպելիք:

1707 թ. Գևորգը դառնում է Չեխիայի քաղաքացի, ամուսնանում Աննա Ժինկովայի հետ։ Նրանք երեք երեխա են ունենում՝ Վիտը, Լյուդմիլան և Վիկտորյան։ Այդ ժամանակ Գևորգը Ժոզեֆ Առաջին կայսեր կողմից բիզնեսի մշտական կետ հիմնելու թույլտվություն է ստանում և 1708 թ. վարձում է այսօրվա Պրահայի Հին քաղաքում գտնվող «Ոսկե օձի մոտ» անունով ռեստորան-սրճարանի շենքին կից տարածքը և այնտեղ հիմնում առաջին սրճարան-խանութը։ Հետագայում՝ 1714 թ., նա գնում է «Ոսկե օձի մոտ» ռեստորան-սրճարանի տարածքը, որը դառնում է քաղաքի ամենասիրված հավաքատեղիներից մեկը: Այստեղ սրճելու է գալիս Պրահայի բոհեմը՝ նկարիչներ, արվեստագետներ, գրողներ, մշակույթի գործիչներ: Ըստ որոշ աղբյուրների՝ Գևորգ Դեոդատի սրճարանը հետաքրքիր կահավորում է ունեցել, սեղաններին նույնիսկ դրված են եղել շախմատի խաղատախտակներ։ Սրճարանում սուրճի հետ նաև կարմիր գինի է մատուցվել:

Սրճարանի բիզնեսից՝ ճակատագրական հրապարակախոսություն

Գևորգ Դեոդատը Պրահայում հեղինակություն է ձեռք բերել ոչ միայն սուրճի շնորհիվ, այլև իբրև գրող, փիլիսոփա և հրապարակախոս: Նրա թողած գրական ժառանգությունը պահպանվում է Չեխիայի պետական արխիվում և Ազգային գրադարանում։

Related imageՑավոք, հրապարակախոսությամբ տարվելը ճակատագրական է դառնում: Բացի կրոնաբարոյական աշխատություններից, նա սկսում է գրել նաև պամֆլետներ, որոնց մի մասն ուղղված էր Միջին Արևելքի քրիստոնյաներին, մի մասը՝ Պրահայի հրեական համայնքի ղեկավարներին ու նրանց բարեգործական հիմնադրամներին:

Հրեաները Չեխիայում վաղուց էին հաստատվել, տնտեսական բոլոր լծակները նրանց ձեռքում էին: Բնական է, որ նրանք չէին հանդուրժելու իրենց հասցեին ուղղված քննադատությունը, որը կամաց-կամաց վերածվում էր լուրջ հակամարտության և անգամ դատաքննության: Ի դեպ, դատական գործի 177 ձեռագիր էջերն այժմ գտնվում են Պրահայի պետական արխիվում։

Պրահայում հրատարակվող հայկական «Օրեր» ամսագրում Գևորգ Դեոդատի մասին հրապարակված ծավալուն հոդվածում նշվում է, որ զայրացած հրեա մեծահարուստները Գևորգին զրկում են վարկերից, աստիճանաբար ուռճացող պարտքերը չքավորության են հասցնում նրան, իսկ տեղի հրեաներն ամեն ինչ անում են, որ Դեոդատը սնանկանա։ Չեխ խմբագիր և գրող Յարոմիր Սմեյկալը գրում է, որ Դեոդատն ինչպես արագ հարստացել էր, այնպես էլ արագ կորցնում է ամեն ինչ։ Նա թաղվում է պարտքերի մեջ և որպեսզի խուսափի դատական պատասխանատվությունից, 1723 թ. դեկտեմբերին գաղտնի տեղափոխվում է Գերմանիա՝ Լայպցիգ, որտեղ 1724 թ. գրում է իր նոր գիրքը՝ մեկնաբանելով ռաբբիների հետ իր հակամարտությունը։

Ըստ «Օրերի»՝ այդ տարիներին Լայպցիգից Գևորգը մի նամակ է գրում կայսր Կառլ Վեցերորդին և 1726 թ. նրանից ներում է ստանում։ Պարտքերը ներվում են, և նա պարտավորված 130 ոսկի է նվիրաբերում Պրահայի հրեական համայնքին։ Ամեն դեպքում Դեոդատի կյանքն այլևս առաջվանը չէր։ Ամուսնությունը խարխլվում է, իսկ Դեոդատը մահանում է աղքատության մեջ 1730 թ., 62 տարեկան հասակում (այլ աղբյուրների համաձայն՝ Դեոդատը մահացել է 1740-ին)։

Նրա մահից մեկ տարի անց փակվում է նաև նրա սրճարանը։ Հաջորդ սրճարանը Պրահայում բացվում է 9 տարի անց:

Դեոդատը գրել և հրատարակել է լատիներեն 5 գիրք, գերմաներեն 3 գիրք և արաբերեն աստվածաբանականImage result for georgius deodatև բարոյախրատական գործեր, որոնցից մոտ 6-ը անտիպ գործեր են։

Գևորգ Դեոդատի մասին առաջին ծավալուն ու համապարփակ հոդվածը լույս է տեսել դեռևս 1983 թ., «Սովետական Հայաստան» ամսագրում: Հեղինակը չեխագետ Հովհաննես Հարությունյանն է: Այնուհետև Դեոդատի կյանքի և գործունեության վերաբերյալ ծավալուն հետազոտություն է կատարել ամերիկահայ Մաքս Բուդակյանը: Օգտագործելով մոտ 17 սկզբնաղբյուր՝ Բուդակյանը 2000 թ. Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Արարատ» ամսագրում անգլերենով տպագրել է աշխատություն՝ նվիրված Պրահայի հայերին, մասնավորապես՝ Գևորգ Դեոդատին։

Այնուամենայնիվ, այս հետաքրքիր մարդու կյանքն ու գործունեությունը հայ պատմաբանների համար նոր հետազոտությունների նյութ կարող է դառնալ: Դա կնպաստի նրա անունն ու գործն առավել հանրայնացնելուն ու լուսաբանելուն, ինչի անհրաժեշտությունը կա ոչ միայն Պրահայում, այլև Հայաստանում:

Ի՞նչ է գրված «Ոսկե օձի մոտ» սրճարանի ճաշացանկում

Ոսկե օձի մոտ» ռեստորան-սրճարանն այսօր Պրահայի ամենահայտնի ու ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից է: Օրեր առաջ գտնվելով Պրահայում՝ այցելեցի սրճարան: Երբ հարցրի՝ ով է հիմնել սրճարանը, մատուցողուհին ասաց, որ հայերն ասում են՝ հիմնադիրը հայ է, թուրքերն ասում են՝ թուրք:

Ինչևէ, շենքի մուտքի մոտ տեղադրված է սրճարանի պատմության մասին տեղեկատվական վահանակ 3 լեզվով: Ճաշացանկի մեջ նույնպես այդ պատմությունը կա: Գրված է, որ «լեգենդի համաձայն՝ 1714 թ. այս տան դիմաց հայ վաճառական Դեոդատուսը առաջին անգամ Պրահայում սուրճ է վաճառել, որն այդ ժամանակ էկզոտիկ նորություն էր համարվում: Սուրճի մշակույթն այս տանը պահպանվել է շատ երկար»:

Փաստորեն, եթե այցելուն չիմանա Գևորգ Դեոդատուսի մասին ողջ պատմությունը, ապա այս գրառումից չի հասկանա, որ Դեոդատուսը, փողոցում սուրճ վաճառելուց բացի, հիմնել է նաև առաջին սրճարանը՝ տարածելով ոչ միայն սուրճի, այլև սրճարանային մշակույթն այս քաղաքում: Գրառման մեջ այդ հատվածն ասես լղոզված է ու անհասկանալի: Նախ նշվում է, որ Դեոդատուսը սուրճը վաճառել է այս տան դիմաց, հենց փողոցում, հետո նշվում է, որ այս տանը սուրճի մշակույթը պահպանվել է շատ երկար: Իսկ թե ով է այդ տանը հիմնել սրճարան` չի պարզաբանվում: Այս անորոշ ու թյուրըմբռնումների տեղիք տվող ձևակերպումները, ըստ իս, պետք է շտկվեն, քանի որ հենց դրանք են պարարտ հող ստեղծում օտարների անհիմն հավակնությունների և պատմական փաստերի կեղծման համար:

Հ.Գ.

Գևորգ Դեոդատուսի կյանքն ու գործունեությունը Չեխիայի լայն հասարակությանը ներկայացնելու գործում անգնահատելի աշխատանք է կատարում 1990-ականներին Հայաստանից Չեխիա տեղափոխված և Չեխիայի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը՝ «Մառլենկա»-ն հիմնադրած խոշոր գործարար Գևորգ Ավետիսյանը: Նա անգամ «Մառլենկա»-ի որոշ ապրանքատեսակների տուփերում ներկայացնում է Դեոդատուսի լուսանկարն ու նրա պատմությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: