Հայերեն   English   Русский  

«Նրա ողջ կյանքը սխրանք է». Սուսաննա Հովհաննիսյան


  
դիտումներ: 3174

«Թումանյանը բացառիկ երևույթ է: Բայց մենք այդ բացառիկ երևույթը` իբրև հայ ժողովրդի խիղճ, դրել ենք մեր գրպանը և աշխարհին ցույց չենք տալիս, մինչդեռ ողջ աշխարհին պետք է տեղեկացնենք նրա մասին: Նա անհատականացված ազգ է: Չկա մեր ազգի մեջ մի լավ հատկանիշ, որ չլինի Թումանյանի մեջ, և չկա մեր ազգում մի բացասական հատկանիշ, որ արտացոլված չլինի նրա ստեղծագործություններում»,- ասում է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:

Օրերս տեղի ունեցավ Հովհաննիսյանի «Հովհաննես Թումանյանն Առաջին աշխարհամարտի տարիներին» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել ԳԱԱ աջակցությամբ, ռուսերեն: Հեղինակի խոսքով՝ Թումանյանին աշխարհին ներկայացնելու համար օտարալեզու հրատարակություններ են հարկավոր: Ասում է, որ միջոցների սղության պատճառով գիրքը թարգմանության տալ չի կարողացել. ամուսինն է աջակցել և ռուսերեն թարգմանել:

«Գրքի նպատակն է, որ ընթերցողը հաղորդվի Թումանյանի վիթխարի մեծությանը, մարդկային որակին, ազգի նվիրյալին, բացառիկ բանաստեղծին և հաճարին»,- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսպիսով Թումանյանի ազգանվեր գործունեությանը կարող են տեղեկանալ ոչ միայն ռուսախոս հայերը, այլև նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդները:

Հովհաննիսյանը նշում է, որ տպագրության պատրաստ է նաև գրքի հայերեն տարբերակը: Ցանկալի կլինի, որ Թումանյանի 150-րդ տարեդարձի առթիվ գիրքը լույս տեսնի նաև անգլերեն և ֆրանսերեն: Մնում է ապահովել ֆինանսական կողմը:

«Թումանյանն անհատականացված ազգ է, նրա 150-րդ տարեդարձը ողջ ազգի տոնն է: Մեր բազմադարյա պատմության մեջ մի քանի անուններ կան, որոնք այդքան մեծ դեր են խաղացել: Պատմությանը նայելիս կարող ենք թվարկել՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի և Հովհաննես Թումանյան: Ամեն ազգ չէ, որ այդպիսի մեծ գրող է ունենում: Մենք ունենք»,- ասում է Հովհաննիսյանը:

Գրքում ներկայացված է Հովհաննես Թումանյանի հասարակական և գրական գործունեությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Օգտագործվել են արխիվային նյութեր Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից: Գրքում հատվածաբար մեջբերվում է նաև Թումանյանի օրագիրը: Կան նաև փաստեր, որոնք մինչ այս անհայտ են եղել հանրության և անգամ մասնագիտական շրջանակների համար:

«Ես նպատակ ունեի ցույց տալ, որ ցեղասպանության զոհեր են ոչ միայն արևմտահայերը, մենք ոչ միայն հայրենիք կորցրինք, այլև արևելահայության մի զգալի հատված վիթխարի չափով ցեղասպանությունից տուժեց: Ցեղասպանության խորհրդանիշ սովորաբար համարվում են Կոմիտասը կամ արևմտահայ գրողները, որոնք նահատակվեցին: Բայց եղեռնի զոհ և խորհրդանիշ է նաև Թումանյանը»,- ասում է Հովհաննիսյանը:

Նշենք, որ 1914-1915 թթ. Թումանյանը երկու անգամ ինքնակամ Արևմտյան Հայաստան է մեկնել՝ դառնալով մարդկության դեմ ուղղված ոճրի ականատեսն ու վավերագրողը:

«Նա գիտակցաբար իր կյանքը վտանգի է ենթարկել՝ հայ կամավորական ջոկատներին ոգևորելու և այդ դժվարին պահին իր ժողովրդի կողքին լինելու համար»,- ասում է Հովհաննիսյանը և մի դրվագ մեջբերում:- Զեդկան գյուղում շատ ջերմ ընդունեցին բնակիչները, հպարտանում էին, որ մեծն գրողի գրքերից իրենց տանն ունեն: Թումանյանը հազարան բլբուլի տարբերակներ գրի առավ գյուղից: Մի շաբաթ հետո գյուղի բոլոր բնակիչները կոտորվեցին, ոչ ոք չփրկվեց: Եթե Թումանյանը հինգ օր ուշ դուրս գար այդ գյուղից, նա էլ կդառնար ցեղասպանության զոհերից մեկը»:

Հովհաննիսյանը նշում է, որ բազմաթիվ են օրինակները, երբ հայրենասեր մարդն իր կյանքն է նվիրում հայրենիքին, մինչդեռ սակավաթիվ են օրինակները, երբ մարդը հայրենիքի զոհասեղանին է դնում իր բոլոր զավակներին:

«1917-ի դեկտեմբերին, երբ ռուսները հեռանում էին ռազմաճակատից՝ հայերին թողնելով բախտի քմահաճույքին և արյունով ազատագրված հայրենիքը նորից թուրքերի ձեռքն էր ընկնում, Անդրանիկը զինվորագրվելու կոչ է անում՝ ասելով, որ գոյապայքարի համար յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է զինվոր տա: Անդրանիկի կոչին առաջինն արձագանքողներից մեկը Հովհաննես Թումանյանն էր: 10 երեխա ուներ, որոնցից երկուսը՝ փոքրահասակ: Ասում է. «Չորս որդի ունեմ, չորսն էլ քեզ զինվոր, չորս դուստր ունեմ, չորսն էլ քեզ գթության քույր բանակում»:

Թումանյանի որդիներից Արտավազդը, որ Մարտիրոս Սարյանի կարծիքով կարող էր խոստումնալից նկարիչ լինել, իսկ Շիրվանզադեի կարծիքով՝ իրենից լավ դրամատուրգ, դառնում է Վանի վերջին պարետը: Նա սպանվում է 1918-ին՝ մինչև վերջին պահը պայքարելով:

Եթե Թումանյանի որդիները ռազմաճակատում էին մարտնչում, ինքը և դուստրերը Էջմիածնում խնամում էին փրկված որբերին:

«Էջմիածինն այն ժամանակ մահաստան էր: Որևէ մշակութային գործիչ այդտեղով չէր անցնում: Հանճարեղ Սարյանը, որ դրամական օգնություն էր Էջմիածին հասցրել, մի քանի րոպե այնտեղ գտնվելով՝ ուշագնաց է լինում: Իսկ Թումանյանն այնտեղ ամիսներով որբերին էր խնամում: Նա միակն է, որ արժանացել է «ամենայն հայոց որբերի հայրիկ» տխուր, բայց պատվավոր տիտղոսին»,- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեծն բանաստեղծը որդեգրում էր տաղանդավոր երեխաներին՝ փորձելով այդպիսով փրկել ապագա մտավորականության սերուցքը:

Իսկ երբ Էջմիածին մուտքն ու ելքն արգելվում է համաճարակի պատճառով, Թումանյանը դստեր հետ 150 երեխա է դուրս բերում քաղաքից՝ նրանց փրկելով վերահաս մահվանից:

«Թումանյանի պապերը երկարակյաց էին, ապրում էին առնվազն 105 տարի և մահանալիս էլ ասում էին՝ արժե՞ր այս երկու օրվա համար աշխարհ գալ: Մինչդեռ Թումանյանը, սերելով երկարակյացների տոհմից, ապրեց ընդամենը 55 տարի և շատ հիվանդ,- ասում է Հովհաննիսյանը:- Այն հոգեկան ցնցումները, որին չէր դիմանում նորմալ ուղեղը, Թումանյանը տարավ»:

Գրքում բաժին է նվիրված նաև Թումանյանին հասցեագրված օգնության նամակներին և այդ ուղղությամբ նրա ծավալած գործունեությանը: «Թումանյանին հասարակությունն ընկալում էր որպես փրկչի, մեծահարուստի: Նա միշտ պարտք է ունեցել, երբեք չի ապրել ապահով: Բայց Մանթաշովն այնքան դիմումներ չի ստացել, որքան Թումանյանը: Ընդ որում, ոչ միայն հայերից կամ ծանոթներից»:

Գրքում ներկայացված նամակներից մեկն էլ մի զինվորի է պատկանում, որը Թումանյանին գրում է ռազմաճակատից՝ խնդրելով իրեն կոշիկ և գուլպա ուղարկել, քանի որ ոտքերը մրսում են: Նամակի վերջում էլ անծանոթ զինվորը նշում է, որ «լավ կլինի ծանրոցում մի քիչ էլ ուտելիք դնեք, միշտ չէ, որ կուշտ եմ»:

«Օր չկար, որ նա նամակ չստանար կարիքավոր մարդկանցից: Եվ դա լրացուցիչ հոգսերի բեռ էր նրա ուսերին: Պետություն չկար, որ սոցիալական պատասխանատվություն ստանձներ: Թումանյանն էր բարեգործների դռները թակում, փորձում հնարավորինս օգնել կարիքավորներին»,- ասում է նա:

Գրքում ներկայացված են նաև հատվածներ Թումանյանի օրագրից, որտեղ երևում են նրա հարաբերությունները ռուս գեներալների հետ, նրա պայքարը որոշ զինվորականների ոչ հայանպաստ գործունեության դեմ: Շարադրանքը նաև պատմական նորարարություն է պարունակում: Առօրեականության ոճով է ներկայացված: Այսինքն՝ ոչ թե տեղի ունեցող փաստերն են արձանագրված, այլ մանրակրկիտ նկարագրվում են տեղի ունեցող զարգացումները:

Գրքում ներկայացված է նաև ամենայն հայոց բանաստեղծի այդ տարիների գրական գործունեությունը: «Այդ տարիներին է նա սկսել գրել քառյակները: 1915-ին է գրել «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը: Ո՞վ կարող էր 1915-ին ասել՝ իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք: Այդ տարիներին բոլորի շուրթերից անեծք էր հնչում, մռայլություն էր տիրում, իսկ Թումանյանն ասում էր՝ «Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով»: Նա կարծում էր, որ անեծքը, վրեժի կոչերն ի վերջո մեզ կդարձնեն ցեղասպան, այդպիսով կհավասարվենք թուրքերին: Ասում էր, որ պետք է ցույց տանք մեր քաղաքակրթական մակարդակը: Ուրիշ ո՞վ է նման բանաստեղծություն գրել այդ թվականին,- ասում է Հովհաննիսյանը և հավելում:- Նա բացառիկ հումանիստ էր, և նրա ողջ կյանքը սխրանք է»:

Օրերս լույս է տեսել նաև Սուսաննա Հովհաննիսյանի հեղինակած «Հովհաննես Թումանյանը մանկագրության խաչմերուկներում» գիրքը: Հեղինակն ասում է, որ զարմանալիորեն ուսումնասիրված չէ Թումանյան մանկագիրը, մինչդեռ նրա գրչի առանձնահատկությունն այն է, որ փոքրերի համար նախատեսված ստեղծագործությունները նաև մեծահասակների համար են նախատեսված:

Հովհաննիսյանն ասում է, որ Թումանյանի ողջ գործունեությունը ներկայացնելու համար տասնյակ հատորներ են անհրաժեշտ: Նրա տարբեր շրջանների գործունեությունը ներկայացնող առնվազն 5 գիրք պատրաստ է տպագրության, սակայն ֆինանսական միջոցներ չկան: Նա հույս է հայտնում, որ հաջորդ տարի, երբ կնշվի Թումանյանի 150-ամյակը, պատշաճ ուշադրություն կհատկացվի մեծ բանաստեղծի և ազգային գործչի գործունեության լուսաբանմանն ու արժևորմանը, այդ թվում և գրքերի բազմալեզու հրատարակությամբ:

Լուսանկարը՝ Արմենպրեսի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: