Հայերեն   English   Русский  

​Համայնքներն արդեն կարողանում են լուծել հարցեր, որոնք երազանք էին թվում


  
դիտումներ: 1466

Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր տեղական ինքնակառավարումն իրականացվում է խոշորացված համայնքներում: Փորձենք հասկանալ, թե գործնականում խոշորացումն անդրադարձե՞լ է, արդյոք, համայնքների ֆինանսական կարողությունների մեծացման և ծրագրերի վրա և ինչպե՞ս է ազդել:

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանն այս առումով «Անկախի» հետ զրույցում նշում էր, որ խոշորացման գլխավոր ձեռքբերումներից մեկը ֆինանսական կառավարման տարրի օպտիմալացումն է: Մինչ խոշորացումը մենք ունեինք բյուջեներ, որոնք փոքր էին, և դրանց խնայողություններով հնարավոր չէր ինչ-որ բան անել: Այս առնչությամբ դիմենք «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ» փաստաթղթին:

Ըստ այդ փաստաթղթում հրապարակված տեղեկատվության՝ մինչ խոշորացումը հանրապետությունում ձևավորված էին 915 համայնքներ, որոնցից մոտ կեսը՝ 442-ը, ունեին 1.000-ից պակաս բնակչություն: Իսկ ամեն չորրորդ-հինգերորդ գյուղ ուներ մինչև 300 բնակիչ: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքն է՝ 9745 բնակչով, իսկ ամենափոքրը` Սյունիքի մարզի Քաշունին՝ 27 բնակիչով: Համայնքների մեծ մասը չէր կարողանում բնակչությանն անհրաժեշտ ծառայություն մատուցել առաջին հերթին՝ անհրաժեշտ միջոցների սղության պատճառով: Համայնքային բյուջեների եկամուտներում մեծ տեսակարար կշիռ ունեին ֆինանսական համահարթեցման դոտացիաները (2010 թ. այս ցուցանիշը կազմել է 38.7 տոկոս):

«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքին համապատասխան՝ մինչև 300 բնակիչ ունեցող բոլոր համայնքները դոտացիա էին ստանում 3 միլիոն 500 հազար դրամի չափով, մինչդեռ 300-ից քիչ ավելի բնակիչ ունեցող և գրեթե նույն կամ մի քիչ ավելի կարողություններ ունեցող 30 համայնք՝ դրանից պակաս: Պարզվում է, որ նախկին փոքր համայնքների բյուջեներում ծախսերի գերակշիռ մասը կամ ավելի ստույգ՝ երեք քառորդը կազմում էին վարչական բյուջեի ծախսերը, որի մի զգալի մասն էլ ուղղվում էր համայնքի վարչական ծախսերում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին: Ավելի հասկանալի լինելու համար շեշտենք, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների 96.5 տոկոսը՝ համարյա ամբողջը, կազմում էր տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը: Այս ցուցանիշները վկայում են համայնքային բյուջեների գումարների ոչ արդյունավետ օգտագործման մասին: Վարչական ծախսերի զգալի մասը, փաստորեն, ուղղվում էր վարչական ապարատի պահպանմանը, ինչը վկայում է աշխատակիցների թվի և նրանց կողմից մատուցված ծառայությունների ծավալի և որակի անհամապատասխանության մասին: Հանրապետության 61 համայնքներում աշխատանքի վարձատրության և սոցիալական ապահովության գծով ծախսերը կազմում էին ընդամենը ծախսերի 90 տոկոսից ավելին, բայց միևնույն է, նշված աշխատակիցների աշխատավարձն անգամ պաշտոնապես համարվում էին համեմատաբար ցածր: Այսինքն՝ միջոցները միջին և մեծ համայնքների համար քիչ են, իսկ բազմաթիվ փոքր և թույլ համայնքներ չէին կարողանում բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցել` համապատասխան համայնքային կառույցներ չունենալու կամ ունենալու դեպքում շահագործել չկարողանալու պատճառով, ինչպես նաև ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:

«Հիմա խոշորացված բյուջեներ ունենք, որոնց կապիտալ մասը շատ ավելի մեծ է, և այդ խոշորացված համայնքները համաներդրման, ավելի մեծ խնդիրներ լուծելու համար շատ ավելի պատրաստ են: Դա մեծ հետաքրքրություն է ստեղծում տեղական ինքնակառավարման համար: Եթե այն ժամանակ ավագանին գալիս ու տեսնում էր, որ իրենց բյուջեի 90 տոկոսը պետք է ծախսվի պահպանման ծախսերի համար, իսկ մնացած 10 տոկոսն էլ պարտադիր ծախսերն են՝ քննարկելու բան չկար, էլ ի՞նչը քննարկեին: Հիմա արդեն գումար կա, և այն ծախսելու համար պետք է որոշում կայացվի, արդեն ամեն մեկը հետաքրքրված է իր բնակավայրում, իր տեսլականով, իր զարգացման պատկերացումներով ներդնելու այդ գումարները»,- մեզ հետ զրույցում նշում էր Աբրահամ Արտաշեսյանը:

Մասնավոր զրույցում նույն բանն էր ասում Սիսիանի խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Իսկ Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հավաստիացնում էր, որ արդեն նախկին համայնքներից հավաքված եկամուտները տրամադրվում են հենց այդ բնակավայրերի կարիքների ու խնդիրների լուծմանը, այլ ոչ պահպանման ծախսերին:

Հենց Գորիսի օրինակով նշենք, որ միայն անցյալ տարի համայնքը մոտ 120 միլիոն դրամի տնտեսում է ունեցել, որի հիման վրա Գորիսի ՏԻՄ-ն իր համայնքում կապիտալ շինարարության ու նոր ենթակառուցվածքներ ստեղծելու 3 նոր ծրագիր է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Երեքն էլ հաստատվել են, և նախատեսվում է, որ 40-60 հարաբերակցությամբ պետք է վերաֆինանսավորվեն պետական բյուջեի միջոցներից, որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն:

Բացի այդ, Գորիսում առաջիկա 5 տարիներին ցանկանում են 50 սոցիալական բնակարանաշինության ծրագիր իրականացնել, որի շրջանակներում ուզում են կառուցել գոնե 50 բնակարան՝ երիտասարդ ու սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Սա, ինչպես նշում է Առուշ Առուշանյանը, խիստ կարևոր է հատկապես արտագաղթը դադարեցնելու առումով:

«Նախկինում մենք ունեցել ենք նման օրինակ, երբ մարդկանց համայնքի ենթակայության տակ եղած հնարավորություններից բնակարան ենք հատկացրել, և փորձը ցույց է տալիս, որ այդ մարդիկ հետագայում ավելի ակտիվ են աշխատում, սկսում են ապրել միջինից ավելի բարձր կենսամակարդակով: Արտագաղթի գլխավոր պատճառը սոցիալական խնդիրներն են, ու եթե մենք կարողանանք մարդկանց համար նման հնարավորություններ ստեղծել, որ նրանք տեղում ապրեն ու լուծեն իրենց սոցիալական խնդիրները՝ դա կլինի մեծագույն ձեռքբերում: Նախկինում նման հնարավորություն չկար»,- նշում էր Գորիսի համայնքի ղեկավարը:

Մյուս կարևոր հանգամանքը սեփական միջոցների հավաքումն է: Նախկինում շատ փոքր համայնքներում, որոնք ունեին քիչ հողատարածքներ ու քիչ բնակիչներ, բնակիչներն էլ սոցիալ-տնտեսական ոչ բավարար պայմաններում էին ապրում, համայնքների ղեկավարները հաճախ չէին էլ գանձում հողի հարկն ու գույքահարկը, որոնք չնչին գումարներ էին կազմում: Ինչպես մեզ ներկայացրեց նախկին գյուղապետներից մեկը (նա չցանկացավ, որ նշենք իր անունը և գյուղը), 200-300 տնտեսություն ունեցող գյուղի համար հողի հարկը, ենթադրենք, 200-300 հազար դրամ պիտի կազմեր, որը համայնքի ընդհանուր բյուջեում չնչին գումար էր: Ուստի շատ գյուղապետներ նախընտրում էին ոչ թե համագյուղացիներին նեղել, որ այդ գումարները հավաքվեն, այլ մտածում էին, որ չարժե այդ չնչին գումարների համար համագյուղացիների՝ առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակն ու բեռը էլ ավելի ծանրացնել: Հիմա պատկերացնենք, որ խոշորացված համայնքում 10 նման բնակավայր կա, արդեն միայն հողի հարկի հանրագումարը 2-3 միլիոն կկազմի, որը բավականին կլորիկ գումար է ու կարելի է դրանով ինչ-ինչ խնդիրներ լուծել:

Հիմա շատ համայնքներում կարելի է հանդիպել այնպիսի ծրագրերի, որոնք մինչև այժմ հնարավոր չէր իրականացնել. գյուղերի լուսավորություն, ինչպես օրինակ՝ Գորիսի համայնքի բնակավայրերի դեպքում ականատես եղանք, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, ինչպես Սիսիանում ականատես եղանք, կապիտալ շինարարություն, երկար տարիներով չլուծված ջրի խնդիրների լուծում, կարևոր շինությունների ու կառույցների վերանորոգում և այլն: Այսինքն՝ համայնքներն արդեն կարողանում են հանդես գալ համեմատաբար խոշոր ծրագրերի համաֆինանսավորմամբ ու լուծել իրենց խնդիրները:

Իհարկե, խոշորացումը ֆինանսական առումով կկարողանանք գնահատել, երբ զգանք, որ համայնքն իր բյուջեով կայուն է և կարողանում է հոգալ ոչ միայն այսօրվա ծախսերը, այլև ապագայի համար լրացուցիչ ծառայություններ ստեղծել: Եվ ինչպես նշում էր «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, այդ ամենը հնարավոր կլինի հասկանալ միայն ՏԻՄ-երի երկրորդ ընտրություններից հետո, երբ բյուջեի կառուցվածք փոխվի, երբ քաղաքականություն փոխվի, երբ ընկալումները փոխվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: