Հայերեն   English   Русский  

​Երիտասարդ բիզնես լեդին իր հաջողության նախապայմանը լավատեսությունն է համարում


  
դիտումներ: 24055

Հայաստանը ծով չունի, և ձեռներեց Մարիա Գաբրիելյանը որոշեց ծովը «մոտեցնել» Հայաստանին: Երևանի կենտրոնում բացվեց Մեռյալ ծովի աղերից ու հանքանյութերից պատրաստված իսրայելական աշխարհահռչակ կոսմետիկայի ու մաշկի խնամքի միջոցների «Սալանտրա» խանութ-սրահն ու յուրահատուկ աղե քարանձավը: Մեռյալ ծովում այնպիսի հանքանյութեր կան, որոնք ուրիշ որևէ ծով չունի, դրանք աներևակայելի շատ օգտակար նյութեր են պարունակում: Այստեղ ներկայացված է նաև Մեռյալ ծովի աղը, որն օգտագործում են լոգանք ընդունելիս: Սա շատ առողջարար է, կարգավորում է ճնշումը, այտուցներն է իջեցնում, շնչառական ուղիներն ու թոքերն է մաքրում: Խանութում նաև աղե լամպեր են առաջարկվում մարդկանց, որոնք, բացի իրենց հիմնական՝ լուսավորելու գործառույթից, նաև խիստ օգտակար ու անհրաժեշտ աերոզոլներով են հագեցնում այն սենյակի կամ սրահի օդը, որտեղ տեղադրված են:

Բայց ամենաուշագրավը թերևս աղե քարանձավն է: Մարդիկ մտնում են այդ քարանձավը և կտրվում առօրյա կյանքից ու խնդիրներից, քանի որ այնտեղ միջավայրն է հանգստացնող, երաժշտությունն է տրամադրող, բայց դրա հետ շնչում են Մեռյալ ծովի աղերով, աերոզոլներով հագեցած օդը, որը նաև շատ առողջարար է: Այսինքն՝ բացի հոգեբանական, պսիխոթերապևտիկ արդյունքից, այն օգնում է մարդկանց, որ քիչ հիվանդանան, քանի որ նման քարանձավները բարձրացնում են մարդու իմունիտետը, օգնում են պայքարելու տարատեսակ ալերգիկ դրսևորումների դեմ, բարելավում են վերին շնչուղիների կենսագործունեությունն ու պաշտպանում վիրուսներից: Քարանձավը նաև շատ օգտակար է ծխող մարդկանց համար, քանի որ մաքրում է թոքերն ու բրոնխները:

«Գաղափարը ծագեց Իսրայելում: Մի տարի ապրել եմ Իսրայելում ու այնտեղ տեսնելով նրանց պրոդուկտների որակը և Մեռյալ ծովի հատկությունները, հաշվի առնելով նաև մեր շուկայում նման ապրանքների բացակայությունը, նաև այն, որ ծով չկա, մտածեցի՝ ինչո՞ւ այսպիսի մի հետաքրքիր բան Հայաստանում չլինի: Այս բրենդները շատ ճանաչված են, ու ես զարմանում էի, թե ինչու դրանք Հայաստանում ներկայացված չեն, բայց և ուրախացա, որովհետև դա ինձ համար հնարավորություն էր, որ ես բերեի ու լավագույն պրոդուկտները ներկայացնեի հայաստանյան շուկայում: Իհարկե, Հայաստանում կա աղի հանք, բայց այն հեռու է քաղաքի կենտրոնից, նման ծառայություններ չկան, այնտեղ ծովի աղ չկա, ու մտածեցի, որ մարդկանց կհետաքրքրեն թե՛ քարանձավը, թե՛ ծովի աղերից ու միներալներից ստացված խնամքի ու կոսմետիկ միջոցները: Այստեղ ես ուզում եմ նաև ինֆորմացիա հասցնել, թե ինչքան օգտակար է աղի քարանձավը և առողջարար: Հայաստանը ծով չունի, և մենք այս աղե քարանձվի միջոցով փորձում ենք, այսպես ասած, ծովը մոտեցնել Հայաստանին, քանի որ մարդիկ հաճախ հնարավորություն էլ չունեն ամեն տարի ծով գնալու: Կենտրոնում չկար նմանատիպ բան, ու որոշեցինք ստեղծել, որ մարդկանց ավելի մոտ ու հասանելի լինի»,- «Անկախին» ներկայացրեց «Սալանտրա» խանութ-սրահի և աղե քարանձավի հիմնադիր տնօրեն Մարիա Գաբրիելյանը:

2009-ից Մարիա Գաբրիելյանը գրեթե միշտ բիզնեսով է զբաղվել, ուստի բիզնես նրբություններին ծանոթ է: Ընդ որում, թե՛ հայաստանյան բիզնես միջավայրում է աշխատել, թե՛ արտերկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Իսրայելում, Ռուսաստանում: Նա վստահեցնում է, որ Հայաստանում շատ ավելի հեշտ է բիզնես սկսել, քան այն երկրներում, որտեղ ինքը հասցրել է աշխատել: Ուստի նրանից հետաքրքրվեցինք, թե հաշվի առնելով նրա երկարամյա փորձը՝ ինչն է համարում հաջող բիզնես վարելու կարևորագույն նախադրյալը:

«Լավատեսությունը: Քանի որ ես շփվել եմ շատ գործարարների հետ, պետք է ասեմ, որ ինչ-որ բան սկսելուց առաջ բոլորի մոտ էլ առաջանում են որոշակի կասկածներ, մտահոգություններ, վախեր, որ կարող է չստացվի, միգուցե խնդիրներ առաջանան՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ ռիսկեր, տարբեր հարցեր, ու երբ սկսում ես այդ հարցերի մեջ շատ խորանալ, արդեն էնտուզիազմն էլ է կորչում: Իսկ իմ դեպքում ընդհակառակն է. ես մտածում եմ, որ ցանկացած խնդիր ընթացքում կարելի է լուծել շատ ճիշտ ու գրագետ ձևով, և չպետք է որևէ խնդրից հուսահատվել, վախենալ: Այսինքն՝ բզինեսը հենց օգնում է, որ չվախենամ, նոր ստիմուլ է տալիս, որ ոգևորվեմ, որ էլ ավելի մտածեմ այլ բիզնես պրոյեկտների մասին, որ ձերբազատվեմ վախերից: Լավատեսությունն իրականում շատ-շատ է օգնում ցանկացած բիզնեսում հաջողության հասնելու հարցում: Ուզում եմ ասել՝ միշտ պետք է գիտակցել, որ ընթացիկ հարցերն ընդամենը ընթացիկ հարցեր են ու ընթացքում էլ լուծվում են»,- ասաց երիտասարդ գործարարը:

Նա նշեց նաև, որ իրեն բիզնեսում հաջողելուն օգնել է նաև այն հանգամանքը, որ միշտ զբաղվել է իր սիրած գործերով, և այդ սերը միշտ օգնել է, որ չհանձնվի: Յուրաքանչյուր բիզնես, որ սկսել է Մարիա Գաբրիելյանը, մղումը ոչ թե առաջնահերթ փող աշխատելն է եղել, այլ հաճելի գործով զբաղվելը, սիրով զբաղվելը, քանի որ պետք է սիրես զբաղմունքդ, որ հաճախորդիդ կամ գնորդիդ էլ կարողանաս գրավել: Ըստ նրա, բիզնեսմենը պետք է նպատակասլաց լինի ու հասկանա մի նրբություն՝ կարևոր է ոչ այնքան այն, որ առաջարկես ինչ-որ ապրանք կամ ծառայություն գումար աշխատելու նկատառմամբ, որքան այն, որ քո առաջարկածը մարդկանց օգուտ բերի: Եթե օգուտ բերի, նրանք գոհ կհեռանան ու հետո էլ կվերադառնան, դեռ ավելին՝ իրենց հետ նոր հաճախորդ կբերեն, իսկ դա բիզնեսին հաջողության տանող թիվ մեկ գրավականն է:

«Կարևոր է, որ ամեն ինչ կշռադատված ու պլանավորված լինի, առանց պլանավորման գործն առաջ չի գնա: Նաև ուզում եմ շեշտել, որ բիզնեսում յուրաքանչյուր մանրուքի պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, պետք է սրտացավորեն մոտենալ ամեն հարցի: Պիտի կյանք ու հոգի դնես քո բիզնեսում, որ հաջողվի»,- շեշտեց Մարիա Գաբրիելյանը:

Ամեն դեպքում, նշում է նա, պետք է հաղթահարել սեփական վախերն ու գործի անցնել, այս առումով նորից ընդգծում է լավատեսության կարևորությունը սեփական օրինակով, որ չի տրվում վախերին, ինքն իրեն չի համոզում, թե անպայման պետք է վատ լինի, այլ ընդհակառակը՝ տրամադրում է, որ ամեն ամեն ինչ լավ է լինելու:

«Ամենակարևոր նախադրյալներն ու հատկանիշները լավատեսությունն ու ներքին վստահությունն են, որ սկսածս քայլերը կկարողանամ իրականացնել»,- եզրափակեց հաջողակ բիզնես լեդին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: