Հայերեն   English   Русский  

​Ինովացիոն լուծումներն այսուհետ կտրվեն ինժեներական քաղաքում


  
դիտումներ: 1830

Հայաստանում ՏՏ զգալի չիրացված ներուժ կա, որի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով կարևորագույն մարտահրավեր է դարձել արդիական տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը: Բավական ժամանակ է, ինչ խոսվում է ինժեներական քաղաքի ստեղծման գաղափարի մասին, որն արդեն իրականացման փուլում է: Մշակվել է հայեցակարգ: Ըստ ՀՀ կառավարություն ներկայացված որոշման նախագծի՝ ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել գլոբալ շուկաներ ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանք և ծառայություններ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար: Հասկանալու համար, թե ինչ է առհասարակ ինժեներական քաղաքը, զրուցել ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանի հետ:

- Պարո՛ն Ենգիբարյան, բավական երկար ժամանակ է քննարկվում այս մոդելով ՏՏ ոլորտի համար առաջանցիկ զարգացում ապահովելու տեսլականը, սակայն նախ հասկանանք, թե ինչ ասել է «ինժեներական քաղաք»:

- Տեխնոպարկն առաջին հերթին լուծելու է կադրերի վերապատրաստման խնդիրը: Հանդիսանալով բիզնես ինկուբատոր կենտրոն` այն խթանելու է սկսնակ ընկերությունների աճը: Այնուհետև ՏՏ ընկերությունները կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումներ առաջադրելու նպատակով: Ինժեներական ընկերությունները կգեներացնեն նոր գաղափարներ, սկսնակներին կօգնեն, որ սովորեն ու փորձ ձեռք բերեն: Այստեղ երիտասարդ, բայց արդեն փորձառու ինժեներները կիրագործեն իրենց հետաքրքիր գաղափարները:

Ստեղծելով նման կառույց՝ մենք նվազեցնում ենք ՏՏ կազմակերպությունների ծախսերը՝ հնարավորություն տալով նրանց զբաղվելու ինժեներական լուծումներով: Ծախսատարության առումով այն շահավետ է, քանի որ շատ բիզնես նախագծեր չեն իրականացել թանկարժեք սարքավորումների բացակայության պատճառով: Իսկ ինժեներական քաղաքում դրանց առկայությունը հնարավորություն կտա փոքր գումարի դիմաց շահագործելու դրանք՝ իրականացնելով ճարտարագիտական բարդ լուծումներ: Վերջին տարիներին սկսեց զարգանալ նաև ճարտարագիտության ոլորտը, որը, սակայն, ի տարբերություն ՏՏ-ի, հետևյալ խնդիրն ունի: Մասնագետների կապիտալ ներդրումները, սարքավորումների համար ձեռքբերման ծախսերը բավական մեծ են, ինչն Էլ խոչընդոտում է բարձր տեխնոլոգիաների զարգացումը:

- Ի՞նչ գործընթացներ են նախատեսվում ծրագրի շրջանակներում: Համաֆինանսավորման ի՞նչ աղբյուրներ են լինելու:

- Նախատեսվում է հիմնել ժամանակակից ենթակառուցվածքներ` ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման և տեղական ու միջազգային շուկայում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման համար: Ծրագրի իրականացնողն են «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, թեպետ ծրագիրը մեկնարկել է մասնավոր-պետական հատված գաղափարի հիման վրա: Նախատեսվում է մոտ 21.2 մլն դոլարի ներդրում: Ընդհանուր ծախսերի 50 տոկոսը համաֆինանսավորելու է կառավարությունը Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը՝ մասնավոր հատվածը:

- Որքանո՞վ են ընկերությունները հետաքրքրված իրենց գործունեությունն այս տիրույթ տեղափոխելու գաղափարով: Ի՞նչն է լինելու այստեղ աշխատելու գրավչությունը:

- ՏՏ ոլորտով հետաքրքրվող ընկերություններից շատերն իսկապես հետաքրքրված են իրենց բիզնես նախագծերը Հայաստանում իրականացնելու և տեխնոլոգիական նոր պրոդուկտներ մշակելու գործով: Ըստ մասնագիտական գնահատականների՝ տեխնոլոգիական այս կենտրոնն այժմ համարվում է լավագույն մոդել, որի նմանօրինակ կառույցներ նախատեսվում է առաջիկայում ստեղծել նաև Հայաստանի այլ քաղաքներում, այդ թվում նաև ԼՂՀ-ում:

Բիոտեխնոլոգիաները բավական թանկ հաճույք են, ուստի պիտի կարողանանք այնպիսի մոդել մշակել, որ հնարավոր լինի նվազեցնել ինժեներական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ծախսերը: Համատեղ սարքավորումների լուծման և համատեղ շահագործման եղանակն աշխարհում ընդունելի մոդել է: Եթե գնել ենք մի հաստոց, որն օրինակ՝ արժի 400 հազար ԱՄՆ դոլար, ապա այն կարող է ծառայել մի քանի կազմակերպության: Ինժեներական քաղաքի հիմնական գաղափարն է ունենալ մեծ քանակությամբ կազմակերպություններ և լաբորատորիաներ նույն հարթակում, որպեսզի այդտեղ տեղակայված թանկարժեք հաստոցները սպասարկեն ոչ թե մեկ, այլ գործող բոլոր ընկերություններին:

- Քաղաքի ո՞ր հատվածում է տեխնոլոգիական կենտրոնը տեղակայվելու:

- Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ (Ջրվեժ) փողոցի 3 հա մակերեսով հողամասը: Տեղանքի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հողամասից ոչ հեռու գտնվող տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերություններն արդեն իսկ կառուցել են ինժեներական կենտրոնը, ինժեներական գրադարանը, տիեզերքի, գիտության և տեխնոլոգիաների թանգարանները:

Արդեն հիմնվել է մեկ լաբորատորիա՝ 3 հազար քմ տարածքով, կառուցվել են փոքր սենյակներ ՏՏ կազմակերպությունների համար: Նրանք ոչ թե ամբողջովին կհաստատվեն նույն շենքում, այլ հնարավորություն կունենան սեփական գործունեության համար շենքեր կառուցել:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում հիմնել «Ինժեներական քաղաք» հիմնադրամ, որը պատասխանատվություն կկրի ինժեներական քաղաքի ենթակառուցվածքների, կրթական ծրագրերի, ռեզիդենտների կողմից ինժեներական քաղաքի պայմանների և կանոնների պահպանության համար: Ձևավորվել է հավաստագրման հանձնաժողով, որը քննարկում է ինժեներական քաղաքում հողակտորների հատկացման, ռեզիդենտի կարգավիճակ ստանալու նպատակով ներկայացված հայտերը և կայացնում որոշումներ հայտերը բավարարելու կամ մերժելու մասին:

- Այսինքն՝ ինժեներները հետբուհական կրթություն են ապահովելու նաև կենտրոնի միջոցով:

- Ինժեներների համար վերապատրաստման կենտրոններ չկան, շատ ուսանողներ բուհում սովորելուն զուգընթաց կգան կենտրոն վերապատրաստվելու, ՏՏ խորը պրակտիկ գիտելիքներ ստանալու համար, որոնք տեսականորեն հնարավոր չէ ուսանողին ուսանել:

Կգործի նաև գրադարան՝ համալրված ՏՏ գրականությամբ, մանկական գիտական կենտրոն, որտեղ երեխաները կգան և փոքր հասակից խաղի միջոցով կծանոթանան ճարտարագիտության հնարքներին:

- Ինչու՞ ինժեներական քաղաք, ոչ թե պարզապես տեխնոպարկ:

- Որովհետև այն բաղադրիչներ ունի, որոնք բնորոշ են քաղաքին: Մեկտեղված են ԽՍՀՄ ժամանակվանից մինչ այսօր տարբեր տարիներին հայ մասնագետների կողմից իրականացված տեխնոլոգիական լուծումները: Այդ ամենն իր պատմություններով ներկայացված է թանգարանում՝ նախատեսված բոլոր այցելուների համար:

- Ըստ գնահատականների՝ ինչքանո՞վ արդյունավետ կգործի տեխնոլոգիական կենտրոնը:

- Վստահ ենք` այն կնպաստի ՏՏ բնագավառի նորաստեղծ ընկերությունների քանակական ու որակական աճին: Բացի այդ, ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած նախագծի, Հայաստանը շուտով պետք է դառնա գլոբալ շուկաներ ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանք և ծառայություններ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:

Ըստ այդմ՝ մեկ վայրում պետք է տեղակայվի առնվազն 35-40 ընկերություն: Ի դեպ, արդեն 10 կազմակերպություն տեղափոխվել է նորաստեղծ հարթակ, շենքի առաջին հատվածը պատրաստ է:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40 տոկոսով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30 տոկոսով արտահանման ծավալների աճ:

Հայաստանն առաջինը չէ, որ նման մոդել է իրականացնում: Կարևորն աշխատեցնելու մեխանիզմն է, և մենք կարողացել ենք գործընկերների հետ համատեղ կառավարման արդյունավետ մոդել մշակել:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: