Հայերեն   English   Русский  

Ֆերդինանդ Կարապետյան. «Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է հանդես գալ օլիմպիական խաղերում և հաղթել»


  
դիտումներ: 2159

Ապրիլի 26-28-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացավ ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: 73 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ Ֆերդինանդ Կարապետյանը: Հայ մարզիկը բոլոր գոտեմարտերում իրեն գերազանց դրսևորեց` տպավորիչ հաղթանակներ տոնելով: Եզրափակչում Ֆերդինանդ Կարապետյանը փառահեղ հաղթանակ տարավ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Պարգևատրման արարողության ժամանակ հայ մարզիկը կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին` իրենից հետ թողնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին:

Եվրոպայի նորընծա չեմպիոնը «Անկախի» հետ զրույցում պատմում է հաղթանակից ստացած տպավորությունների, ընթացիկ մրցաշրջանում իր ելույթների, առաջիկա ծրագրերի և սպորտում բաղձալի երազանքի մասին:

- Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ. ձյուդոյի Եվրոպայի առաջնության չեմպիոնի պատվավոր կոչումը նվաճած երկրորդ հայ մարզիկն եք:

- Շնորհակալ եմ: Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ բավական երկար նախապատրաստական շրջան եմ անցել`մասնակցելով մի քանի ուսումնամարզական հավաքների և հեղինակավոր մրցաշարերի Գերմանիայում ու Եկատերինբուրգում, որոնք վարկանիշային էին օլիմպիական խաղերի համար: «Մեծ սաղավարտի» աշխարհի գավաթի սուգատեսներին մասնակցում էին օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ: Այդ մրցաշարերում հաջող հանդես եկա, մրցանակային տեղ զբաղեցրի և մեդալ նվաճեցի: Վարկանիշային մրցաշարերը չեն կարող թույլ լինել, դրանց մասնակցում են ուժեղագույն մարզիկները: Նրանց հետ մրցելով և հաղթելով՝ բավական լավ մարզավիճակ ձեռք բերեցի: Լրացուցիչ խթան էր ինձ համար հաջող մասնակցությունը: Այնուհետև Երևանում` Օլիմպավանում մասնակցեցի ուսումնամարզական հավաքի: Վերջինս ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով մարզումների համար: Ուրախալի է, որ մեր մարզիկներն այնտեղ մարզումներ անցկացնելու և մրցաշարերին նախապատրաստվելու հնարավորություն ունեն: Եվ դա Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ:

Բավական լավ նախապատրաստական շրջան անցնելով` մեկնեցի Իսրայել: Նշեմ, որ սպորտում ֆիզիկական պատրաստվածությունից շատ ավելի կարևոր է հոգեբանականը, հատկապես՝ մրցաշարերի ժամանակ: Թել Ավիվում Եվրոպայի առաջնության ժամանակ ամեն ինչ հաջողվեց:

- Առաջնության ընթացքում մեկը մյուսի հետևից տպավորիչ հաղթանակներ տոնեցիք` գոտեմարտերն ավարտելով ժամանակից շուտ: Հատկապես ո՞ր գոտեմարտը կառանձնացնեք. եզրափակչում հանդիպեցիք ադրբեջանցի Հիդայատ Հեյդարովին:

- Եվրոպայի առաջնությունում չկան ուժեղ կամ թույլ մրցակիցներ: Բոլորն էլ պայքարում են մրցանակային տեղերի համար: Բոլոր գոտեմարտերն ու տարած հաղթանակները կարևոր էին: Եզրափակչում միայն և միայն մեկ խնդիր ունեի՝ ցանկացած գնով հաղթել մրցակցին: Մեկ ուրիշ տարբերակ լինել չէր կարող: Որևէ այլ ելք անթույլատրելի կլիներ, հատկապես՝ այդ օրերին, երբ Հայաստանում մեծ թափով զարգանում էր ժողովրդական շարժումը: Մարդիկ դուրս էին եկել փողոց և պայքարում էին իրենց երկրի ապագայի համար: Ադրբեջանցի մարզիկն անցյալ տարվա Եվրոպայի առաջնության չեմպիոնն էր, և ես հաղթեցի նրան: Հաղթանակս նվիրում եմ հայրենակիցներիս, ընտանիքիս և հատկապես իմ մյուս` Շվոյաններ ազգին: Շնորհակալ եմ հարազատներիս աջակցության համար. նրանք հավատում են ինձ, մշտապես քաջալերում ու վստահություն են հաղորդում:

- Հաղթանակից հետո ողջույնի խոսքով հանդես եկաք Հանրապետության հրապարակում` չեմպիոնական մեդալը հանձնելով Նիկոլ Փաշինյանին: Նախապե՞ս էիք որոշել:

- Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանն արժանի է ավելիին: Նա արեց անհնարինը: Նկատելի է, որ նա սիրում է իր երկիրն ու ժողովրդին, ցանկանում եմ միայն, որ ապագայում բոլոր հույսերն արդարանան և հայ ժողովուրդն ապրի իր երազած Հայաստանում: Ամեն մարզիկ չէ, որ նման մրցաշարում նվաճած մեդալը կարող է նվիրել ուրիշին: Սա սրտի թելադրանք էր: Եվրոպայի առաջնությունում տարածս հաղթանակը կարևոր էր ինձ համար, բայց կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ավելին արեց: Մարդիկ ուրախ են ու ժպտուն: Անկեղծ ասած, երբևէ չեմ տեսել այդքան փայլող աչքեր, երջանիկ ժպիտներ, գրկախառնություններ:

- Ի՞նչ է տալիս հաղթանակը մարզիկին: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Հաղթանակը հաղորդում է լրացուցիչ վստահություն` առաջ շարժվելու, ոչնչի առաջ կանգ չառնելու համար: Երբ սկսեցի զբաղվել ձյուդոյով, այդ ժամանակից իմ առջև նպատակ դրեցի հաղթել օլիմպիական խաղերում: Գիտեմ, որ հարկավոր է երկար ճանապարհ անցնել՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաջող հանդես գալ, հաղթանակներ տոնել: Ես փորձելու եմ նվաճել մարզիկի կարիերայի համար բոլոր կարևոր տիտղոսները: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է հանդես գալ օլիմպիական խաղերում և հաղթել:

Մարզիկը հաղթանակին հասնում է ամեն գնով: Սպորտը մարզիկից խլում է առողջություն, ժամանակ, ազատ ապրելու հնարավորություն: Հաղթանակից հետո հասկանում ես, որ ոչինչ իզուր չի եղել, անիմաստ չեն զոհաբերությունները:

Այս ընթացքում մի շարք մրցաշարերի մասնակցեցի: Այժմ հարաբերական հանգստի շրջան է, կփորձեմ վերականգնվել: Հետագայում մարզիչներս կորոշեն, թե ինչ մրցաշարերի կմասնակցեմ: Պետք է նշաձողը պահել, ավելի մեծ բեռնվածությամբ մարզվել և տեմպը չթուլացնել առաջատարների շարքում մշտապես լինելու համար: Եթե մարզիկը նպատակ և ցանկություն ունի որևէ բանի հասնելու համար, պետք է հրաժարվել կարողանա: Լինում են պահեր իհարկե, երբ ինչ-որ բան չի ստացվում, լինում են նաև պարտություններ, սակայն առանց դրանց մեծ հաղթանակներ չեն տրվում, ուստի երբեք չպետք է ընկճվել ու հուսալքվել, միշտ պետք է առաջ շարժվել, և արդյունքը վաղ թե ուշ անպայման կլինի: Կարևոր է նվիրումով մարզվել և հավատալ սեփական ուժերին:

- Ուրախալի է, որ հայ մարզիկները հանդես են գալիս նաև տարբեր մարզաձևերի Եվրոպայի ակումբային առաջնություններում: Մայիսի 5-ին Ձեր նորամուտը նշեցիք ձյուդոյի ակումբային թիմերի Գերմանիայի բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում: Ինչպե՞ս սկսեցիք համագործակցությունը:

- Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած մրցաշարում հաջող ներկայանալուց հետո առաջարկ ստացա հանդես գալու «Համբուրգ» ակումբում, որը Գերմանիայի ուժեղագույն ակումբներից է: Ես համաձայնեցի: Մրցաշրջանը սկսվում է ապրիլին և ավարտվում նոյեմբերին: Առաջին փուլին մասնակցեցի: Ուրախ եմ, որ հաջող հանդես եկա և հաղթեցի` կարևոր միավորներ վաստակելով ակումբիս համար: Ծանրաբեռնվածությունը մեծ չէ, և ես կարող եմ մի քանի գոտեմարտեր անցկացնել, եթե չունեմ միջազգային կարևոր մեկնարկներ: Ամեն ինչ համաձայնեցնում եմ մարզիչներիս հետ:

Նշեմ, որ միջազգային մրցաշարերին նախապատրաստվում եմ Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի հետ: Հիմնականում մարզվում եմ Վլադիկավկազում: Հիանալի հարաբերություններ ունեմ ֆեդերացիայի նախագահի, մարզիչների, հավաքական թիմի տղաների հետ: Մենք մի թիմ, մի ընտանիք ենք և պայքարում ենք մեր երկրին նոր հաղթանակներ պարգևելու համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: