Հայերեն   English   Русский  

Ավետիք Չալաբյան.առաջին մեծ թեստը կլինի կառավարության նոր կազմը՝


որքանով այն ներկայացուցչական, ընդգրկուն և պրոֆեսիոնալ լինի, այնքանով կբարձրանա հեղափոխության դրական շարունակության շանսերը,ֆբ գրառում


  
դիտումներ: 889

Ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի պատմական հրաժարականից հետո, մայիսի 8-ին Հայաստանը ապրեց համաժողովրդական ցնծության երկրորդ մեծ պահը։

Սրընթաց վերափոխելով հակընդեմ «Մերժիր Սերժին» շարժումը նախահարձակ «Նիկոլ Վարչապետ» շարժման, Նիկոլ Փաշինյանը կարողացավ երկու շաբաթվա ընթացքում անցնել հսկայական ճանապարհ, և հաղթահարելով իշխող համակարգի դիմադրությունը, դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ։

Նիկոլը, սակայն, փորձելով իր գործողությունները կառուցել ՀՀ Սահմանադրության շրջանակներում, մտավ իրական քաղաքականության դաշտ, և եթե համաժողովրդական հեղափոխությունը մայիսի 8-ին մեծ հաղթանակ տոնեց, ապա քաղաքականությունը դեռ բազմաթիվ բարդ շրջադարձներ է ունենալու։ Այսօր ցանկանում եմ վերլուծականս նվիրել այդ քաղաքականությանը, և նրա հնարավոր մոտակա զարգացումներին

Ինչպես նախկինում կանխատեսել էի, մայիսի 8-ին Հանրապետական կուսակցությունը ցույց տվեց իր ընդգծված բացասական դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի վարչապետության նկատմամբ։ Հարկադրված նշանակելով Նիկոլ Փաշինյանին վարչապետ, այն, փաստորեն, հրաժարվեց Կառավարության գործունեության համար պատասխանատվությունից, և անցումային ժամանակում փաստացի երկիշխանություն ստեղծեց երկրում։

Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը, անցումային շրջանում, վերահսկելու է Կառավարությունը, Հանրապետական Կուսակցությունը, ֆորմալ ընդիմություն հանդիսանալով, իրականում վերահսկելու է Ազգային ժողովի հեղհեղուկ մեծամասնությունը և հիմնական հանձնաժողովները, Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, Դատախազությունը, Քննչական կոմիտեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ համայնքների ավագանիների մեծ մասը, և բազմաթիվ այլ պետական կառույցներ, որոնք անմիջականորեն չեն ենթարկվում Կառավարությանը։ Թեև այս կառույցների վրա ազդեցության համար հիմա դաժան պայքար է սկսվելու ՀՀԿ և Նիկոլ Փաշինյանի միջև, միանգամից նրանց ենթարկել հեղափոխությանը դժվար թե ստացվի, դրա համար պետք է ավարտել անցումային շրջանը, և ձեռք բերել Ազգային ժողովում կայուն մեծամասնություն։

Հանրապետական կուսակցության հաշվարկը բավականին պարզ և թափանցիկ է՝ կոոպտացնելով Նիկոլ Փաշինյանին պետական կառավարման համակարգի մեջ՝ նրա վրա դնել հետագա ամբողջ պատասխանատվությունը հնարավոր ձախողումների համար, ձգձգել անցումային շրջանը, անցկացնել այն թվացյալ ընդդիմության մեջ, և վերականգնել սեփական խաթարված հանրային հեղինակությունը և կորսված ուժերը՝ բարենպաստ պայմաններում վերադառնալու երկրի կառավարման ղեկին։

Այս հաշվարկը որոշակի հիմքեր ունի։ Թեև Նիկոլ Փաշինյանը խարիզմատիկ և տաղանդավոր առաջնորդ է, նրա հետևում կանգնած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը իրականում բավական փոքրաքանակ կառույց է, և պետական կառավարման լուրջ փորձառություն և ռեսուրսներ չունի, և չի կարող հանդիսանալ նոր կառավարության արդյունավետ քաղաքական հենարան։ Սա անցումային շրջանում հսկայական բեռ է դնում անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա, որը, ըստ ամենայնի, բախվելու է մի քանի կրիտիկական խնդիրների հետ՝

Ա) Արտաքին ագրեսիայի վտանգ՝ թեև հեղափոխության օրերին մեր հիմնական հակառակորդը նախընտրեց ձեռնպահ մնալ ագրեսիվ գործողություններից, այն իր ամբողջ տեսքով հասկացրեց, որ պատեհ հնարավորության դեպքում այն դրանից կօգտվի։ Այդպիսի հնարավորություն կարող է բացվել, եթե հավասարակշռությունը մեր տարածաշրջանում խախտվի, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների վատթարցման դեպքում։ Թեև մեր դիվանագիտության արդյունավետ աշխատանքի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի ընտրությանը անմիջապես հետևեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը, ՌԴ հետ հարաբերությունների հետագա զարգացումը մնալու է արտաքին քաղաքականության առավել խնդրահարույց մասը

Բ) տնտեսական անկման վտանգ՝ թեև Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրական ուղերձներ հղեց ներդրողներին, իրականությունը այն է, որ հեղափոխություններից հետո առժամանակ տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում, քանի որ ներդրումները հայտնվում են բարձր ռիսկային գոտում։ Մենք ևս այդ ճակատագրից չենք խուսափելու, առնվազն անցումային շրջանում, դա նաև լրացուցիչ խթան է այն արագ ավարտելու համար

Գ) պետական կառավարման կազմալուծման վտանգ՝ թեև այստեղ ևս բազմաթիվ դրական ուղերձներ հնչեցին, այստեղ ևս իրականությունը այն է, որ պետական պաշտոնյանների զգալի մասը, անցումային շրջանում, խուսափելու է իր վրա իրական պատասխանատվություն վերցնելուց, նվազեցնելով պետական կառավարման արդյունավետությունը, սա առավել խնդրահարույց է պաշտպանության, արտաքին գործերի, և պետական եկամուտների հավաքագրման ոլորտում, որոնք ավանդաբար հանդիսանում են պետության կարևորագույն գործառույթները

Դ) սոցիալական սպասումների չարդարացման վտանգ՝ թավշյա հեղափոխությունը բազմաթիվ սոցիալական սպասումներ է ստեղծել բնակչության լայն խավերի շրջանում, սակայն դրանք բավարարելը սեղմ ժամկետներում իրատեսական չէ։ Օլիգարխներին ունեզրկելու և ունեցվածքը ժողովրդին բաժանելու արմատական (և խիստ վտանգավոր) մոտեցումը արդեն իսկ բացառված է, իսկ սոցիալական կտրուկ բարելավումներ անելու այլ միջոցներ հիմա չկան, ՀՀ բյուջեն առանց այդ էլ խիստ լարված է

Ե) Անցումային շրջանի ձգձգման և անկայունության վտանգ՝ թեև Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձ է հղել, որ իր հիմնական նպատակը նոր ընտրական օրենսդրության ընդունումն է, և ԱԺ նոր ընտրությունների կազմակերպումը, իրականությունը այն է, որ թե նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, և թե գործող ԱԺ ցրումը, պահանջելու է կամ բոլոր քաղաքական ուժերի լայն համագործակցությունը, և կամ էլ ժողովրդի պարտադրանքը, սա ներքին անկայունության նոր ալիք կարող է ստեղծել

Կարելի է վտանգների թվարկումը շարունակել, սակայն թերևս ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես դրանց դիմագրավել, և երկիրը տանել առաջ։ Այստեղ, ինչպես և հեղափոխության նախորդ փուլում, կարևոր է դառնալու Նիկոլ Փաշինյանի ընդունակությունը՝ գնալ առաջ ճիշտ հաշվարկված քայլերով։ Հիմա Նիկոլին պետք է արագ վերափոխվել հեղափոխության խարիզմատիկ առաջնորդից պետության հմուտ ղեկավարի, իր շուրջը համախմբել տարբեր կարող ուժերի (ներառյալ և նախկին քաղաքական հակառակորդներից) և արդյունավետ կազմակերպել նրանց աշխատանքը, արտաքին քաղաքականության մեջ խուսափել կտրուկ շրջադարձներից, փոխարենը կառուցել հիմնական գործընկերների հետ նոր կամուրջներ։ Այս ամենի առաջին մեծ տեստը կլինի կառավարության նոր կազմը՝ որքանով այն ներկայացուցչական, ընդգրկուն և պրոֆեսիոնալ լինի, այնքանով կբարձրանա հեղափոխության դրական շարունակության շանսերը։

Ես ինքս մինչ այդ հեղափոխությունից վաստակած հանգիստ կվերցնեմ, ու կվերադառնամ իմ հիմնական գործերին։ Խոստանում եմ վերադառնալ, երբ Կառավարության կազմը, հիմնական գծերով, հայտնի դառնա։ Ձեզ բոլորիդ էլ ցանկանում եմ գործերում հաջողություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: