Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել


  
դիտումներ: 125

Ի հիշատակ և ի համերաշխություն իսրայելցի զինվորականների կողմից հարձակման արդյունքում մահացած պաղեստինցիների՝ Թուրքիայում եռօրյա սուգ հայտարարելու որոշում է կայացվել:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Բոզդաղը, մեկնաբանելով Գազայի հատվածում մայիսի 14-ին տեղի ունեցած իրադարձությունները, նշել է, որ դրանք «մատնացույց են անում պաղեստինցիների արյունը թափելուն Միացյալ Նահանգների ներգրավածությանը»:

«Անկասկած, այդ սպանությունների մեղավորները Իսրայելն է: Սակայն Իսրայելի հետ մեկտեղ այդ սպանության պատասխանատվությունը կրում են նաև Միացյալ Նահանգներն ու երկրի ղեկավարությունը»,- ընդգծել է Բոզդաղը: Վերջինս հույս է հայտնել, որ արդարությունը հաղթելու է, և Պաղեստինի ժողովուրդը կվերականգնի իր իրավունքները:

Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու Սպիտակ տան որոշումը միջազգային հանրության բացասական արձագանքի առաջացման պատճառ է դարձել: «Միացյալ Նահանգները հերթական անգամ միայնակ են մնացել: Վաշինգտոնը սպառել է տարածաշրջանում խաղաղ կարգավորման գործընթացի միջնորդի իր դերը»,- ընդգծել է Թուրքիայի փոխվարչապետը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Երուսաղեմում բացվել է Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը: Համաձայն Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ մայիսի 14-ին Գազայի սեկտորում բախումների արդյունքում զոհվել է 52 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 2,4 հազարը:

2017 թ-ի դեկտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեսպանատան տեղափոխման մասին: Դա միջազգային հանրության շրջանում բուռն արձագանք է առաջացրել: Մասնավորապես, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է լուծվի Իսրայելի և Պաղեստնի միջև երկխոսության միջոցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: