Հայերեն   English   Русский  

Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին


  
դիտումներ: 579

Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Пространство юных» մրցույթ-փառատոնին: Բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցույթի շրջանակում պատանիները մասնակցության դիպլոմ են ստացել, ինչպես նաև արժանացել երկու հատուկ մրցանակի:

Մրցույթ-փառատոնն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում: Հայ պատանիների մասնակցությունն իրադարձությանը հնարավոր է դարձել շնորհիվ «Մինորա» մշակութային կենտրոնի:

«Մեր մշակութային կենտրոնն արդեն երեք տարի կազմակերպում է նկաչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնը, որին մասնակցում են մանկապատանեկան խմբեր, տարբեր կենտրոնների երեխաներ: «Էտյուդ»-ի շրջանակում մենք համագործակցում ենք տարբեր մշակութային կառույցների, փառատոների հետ: Մեր գործընկեր, «Пространство юных» մրցույթ-փառատոնի նախագահ Մաքսիմ Կորենի հրավերով Մասիսի թատերական ստուդիան (ղեկավար՝ Արշակ Զաքարյան) հանդես եկավ Սոչիում»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Նրա խոսքով՝ մրցույթի ժյուրիի կազմում պրոֆեսիոնալ մասնագետներ էին տարբեր քաղաքներից, իսկ ժյուրիի նախագահն էր ռեժիսոր, Կոնստանտին Ռայկինի ղեկավարած Բեմարվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Շենտալինսկին: Ռոլանդ Ռեյի խոսքով՝ շուտով «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնին մասնակցած մյուս խմբերը նույնպես հանդես են գալու այլ երկրներում, ինչը շատ կարևոր խթան է հայաստանյան խմբերի համար: Առաջիկայում երկու խումբ հանդես կգա Վրաստանում և Բուլղարիայում:

Նշենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի նպատակն է հայտնաբերել և հարթակ տրամադրել նկաչության, ասմունքի և թատերական արվեստի ոլորտների շնորհալի երեխաներին ու պատանիներին: Այն հիմնադրվել է 2016 թ.-ին:

«Այս տարվանից որոշել ենք փորձել մրցույթ-փառատոնն անցկացնել տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը՝ հաշվի առնելով «Էտյուդ»-ի նկատմամբ մեծ հետաքրքրությունհը և այն փաստը, որ շատ մասնակիցներ ունենք»,-հավելեց Ռոլանդ Ռեյը:

Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի կազմակերպիչ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: