Հայերեն   English   Русский  

Մենք բարոյական իրավունք ունենք հավակնելու մարզպետների պաշտոններին. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր


  
դիտումներ: 294

«Ծառուկյան» դաշինքը, կառավարությունում չորս նախարարի պորտֆել եւ մեկ փոխվարչապետի պաշտոն ստանձնելով, չի սահմանափակվելու, մարզերում եւ տեղական ինքնակառավարման համայնքներում նույնպես ակնկալիքներ ունի:

Եթե ՏԻՄ-երում պաշտոնների հարցը լուծվում է ընտրության միջոցով, ապա մարզպետների պարագայում վարչապետի նշանակմամբ: Թե քանի մարզպետի պաշտոնի շուրջ է բանակցում Գագիկ Ծառուկյանը, իր ղեկավարած խմբակցության պատգամավորները դեռ չեն մանրամասնում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ քննարկումներից, բայց վստահ է՝ բարոյական իրավունք ունեն հավակնելու մարզպետների պաշտոններին:

«Մարզպետների մասին որեւէ քնաարկում չգիտեմ, կարող եմ ասել, որ տրամաբանական է, որ կառավարության կազմում լինելը չի նշանակում միայն նախարարության պորտֆելներով սահմանափակվել: Պետք է ունենաս փոխնախարարներ, քաղծառայողներ, վարչության պետեր, խորհրդականներ: Մենք բարոյական իրավունք ունենք հավակնել ունենալ մարզպետներ, ունենանք նաեւ ՏԻՄ մարմիններում թեկնածուներ, որոնք ժողովրդի կողմից կընդունվեն: Կառավարության կազմը պետք է կիսես ոչ միայն գործով, այլեւ լիազորություններով»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը: Անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը՝ պատգամավորն ընդգծեց, որ Ծառուկյանը պատահական թեկնածուների չի նշանակում, նախկին պաշտոնում Ռոստոմյանը հաջողություններ է արձանագրել: Այնինչ Ռոստոմյանի նշանակումը սոցիալական ցանցերում բուռն քննարկման թեմա դարձավ, դժգոհություներ եղան, որ այդ պաշտոնում անհաջող ընտրություն է կատարվել: «Եթե մեր նախարարությունների ոլորտում կա մի ոլորտ, որտեղ առաջընթաց կա, դա սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտում է, իհարկե, մեծ դեր է ունեցել Ծառուկյանի անմիջական եւ հետեւողական վերաբերմունքը, բայց չի կարելի ասել, որ դրա մեջ Ռոստոմյանը դեր չի ունեցել: Ես չեմ լսել, որ դժգոհություններ են եղել Ռոստոմյանից: Ծառուկյանը ունի մի սկզբունք՝ պաշտոնի գործուղել մի մարդու, ում հետ հույսեր է կապում եւ վստահ է, որ ոլորտը չի ձախողելու»,-հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը: Վերջինս հայտարարեց, թե Ծառուկյանը երբեք գործադիրում չէր առաջարկի բարեկամի թեկնածությունը:

Հիշեցրինք, որ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք նշանակվեց Կոտայքի մարզպետ և մինչ օրս պաշտոնավարում է: Ծառուկյանի մյուս երկու փեսան՝ Արգամ Աբրահամյանը և Դավիթ Մանուկյանը «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով դարձան պատգամավորներ:

«Ծառուկյանը գործադիր իշխանության մարմիններում երբեք չի տեղավորում իր բարեկամին, ազգականներին, խնամիններին: Երբեք չի գնա այդ քայլին, իսկ Ռոստոմյանը կազմակերպչական ունակությունների տիրապետող անձ է, և իվերջո նա ոչ միայն սպորտի, այլև երիտասարդության հարցերի նախարար է եղել: Առաջին օրվանից, որ սկսեն անվանարկել, դա նորմալ մոտեցում չէ, թողեք թույլ տանք մարդիկ աշխատեն, կառավարությունը մտնի իր հունի մեջ»,-վրդովված ասաց Գեւորգ Պետրոսյանը, որը տարիներ առաջ վեց ամիս զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ազգային համաձայնության կառավարությունում «Ծառուկյան» դաշինքին հատկացվել է Արտակարգ իրավիճակների, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաեւ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: