Հայերեն   English   Русский  

«Բնականաբար, կարող էին լինել նաև զոհեր». Վարուժան Ավետիսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Aysor.am


  
դիտումներ: 1998

Այսօր արդեն Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ անդրադառնալով, մասնավորապես, անձանց սպանության մասին վարչապետի շեշտադրումներին, այս մասին գրում է Aysor.am-ը:

Ավետիսյանը նախ իր ելույթում ներկայացրեց ապստամբության մասին իր տեսությունը, նշեց, որ ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասերից է։

«Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե գիտեք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով դա նկատի ունենանք այդ հանգամանքը, և այլն, և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին, այսինքն՝ բնական և արարչատուր իրավունքին, սրանք միջոցներ, մեթոդներ, ձևեր են ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու և համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով։ Եթե կան մոլորյալներ, հասկանալի է, հարգելի է, բայց դա էլ պետք է չլինի, որովհետև այն ազգը, որը մերժում է ապստամբության իրավունքը և ուրանում է ապստամբերին, դատապարտված է ցեղասպանության, պետականազրկման, հայրենազրկման», - հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հիշեցնենք, որ երեկո ուշ երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձել էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին, այդ թվում ՝ «Սասնա ծռերի» գործին։

«Շատերը կարծում են, թե պետք է գնանք բանտերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ու օրինական ճանապարհ չէ։ Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով։ Այդ հարցով ես զբաղվում եմ ու կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ ես մտնեմ բանտեր, դռները բացեմ ու ասեմ՝ տղերք, դուրս եկեք», - մասնավորապես ասել էր Փաշինյանը։

Նա նշել էր, որ «Սասնա ծռերի» խնդիրը պետք է լուծվի, ուղղակի մենք պետք է հասկանանք խնդրի շրջանակը, ծավալները և մեթոդները. «Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: