Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը


  
դիտումներ: 500

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ոստիկանության «Սասնա ծռերի» գործով դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց պաշտպանների ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ խմբի 10 անդամի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

Այս գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի փաստաբանները դատարան միջնորդություն էին ներկայացրել` պահանջելով դատարանից փոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը ու նրանց ազատ արձակել ստորագրության դիմաց։

Ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճն այն պահին, երբ հասկացան, որ միջնորդությունը մերժվելու է: Նրանց նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձել էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին, այդ թվում ՝ «Սասնա ծռերի» գործին։

«Շատերը կարծում են, թե պետք է գնանք բանտերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ու օրինական ճանապարհ չէ։ Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով։ Այդ հարցով ես զբաղվում եմ ու կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ ես մտնեմ բանտեր, դռները բացեմ ու ասեմ՝ տղերք, դուրս եկեք», - մասնավորապես ասել էր Փաշինյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: