Հայերեն   English   Русский  

Հայ-գերմանական կրթական նոր գործակցություն․գերմանաբնակ մեր հայրենակիցը մտադիր է հարստացնել հայ-գերմանական կրթական օրակարգը


  
դիտումներ: 1895

Շուտով կմեկնարկի հայ-գերմանական կրթական նոր նախագիծ։ Այն նախաձեռնել է Գերմանիայի Լեեր քաղաքում բնակվող մեր հայրենակից Ալբերտ Թովմասյանը։

Նա այս օրերին Հայաստանում է, հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ։ Դեսպան Քիսլերը ողջունել է գաղափարը և իր աջակցությունը հայտնել Հայաստանից Գերմանիա մեկնող աշակերտներին մուտքի արտոնագրի տրամադրման հարցում։ Ութից- իններորդ դասարանների տասը աշակերտներ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից կմեկնեն Գերմանիայի Լեեր քաղաքի դպրոցներից մեկը՝ ծանոթանալու եվրոպական առաջատար երկրի կրթական ծրագրին։ Նրանք կմնան տասն օր։ Ալբերտ Թովմասյանի խոսքով, երեխաների ընտրության ամենակարևոր սկզբունքը գերմաներենի իմացությունն է։ Այնուհետև Գերմանիայի այդ քաղաքի աշակերտները կգան Հայաստան՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, կրկին տասնօրյա ուսուցման։ Կրթական, փորձի փոխանակման այս ծրագրի նպատակն է՝ խորացնել հայ-գերմանական կրթական կապերը, երեխաների համար ստեղծել հնարավորություններ, որպեսզի հետագայում նրանք մասնագիտության ընտրությունը հեշտ կատարեն։ Սա հայրենիքի հետ կապերն ամրապնդելու՝ Ալբերտ Թովմասյանի՝ Լեերի միակ հայ ընտանիքի առաջին նախաձեռնությունը չէ։ Չնայած թուրքական ճնշումներին, նրա ջանքերով 2015-ին՝ Մեծ եղեռնի 100-ամյակին, գերմանական Լեեր քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ Ամեն տարի այնտեղ գերմանացի հայտնի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների մասնակցությամբ հիշատակվում է ցեղասպանության տարելիցը։ Գերմանիայում մեծ ազդեցություն ունեցող , Ներքին Սաքսոնիա մարզում հայապահպանման միջոցառումների նախաձեռնող Ալբերտ Թովմասյանի և Լեեր քաղաքի քաղաքային իշխանությունների միջև նախնական համաձայնություն է ձեռքբերվել առաջիկայում քաղաքում փողոցներից մեկը Երևանյան փողոց անվանակոչելու վերաբերյալ: «Երկար ժամանակ է բանակցում եմ քաղաքային իշխանությունների հետ իմ ընտանիքի կողմից Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Լեերում տեղադրված խաչքարին հարող փողոցը Երևանյան անվանակոչելու վերաբերյալ: Տևական բանակցություններից հետո եկանք համաձայնության»,- ասաց Ալբերտ Թովմասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: