Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը պետք է հարգի ԵՄ արժեքները. Եվրախորհրդարան


  
դիտումներ: 59

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մայիսի 16-ին Եվրոպական միության և Ադրբեջանի միջև ապագա համաձայնագրի առնչությամբ ԵՄ-ի ղեկավարությանն առաջարկություններ են ներկայացրել, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Համաձայնագիրը պետք է նպաստի կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափման դեմ պայքարին և հիմնարար ազատությունների ապահովման գործում առաջընթացին: Այդ առաջարկները ընդունվել են Եվրոպական խորհրդարանի՝ Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամների կողմից՝ ձայների 56 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Առաջարկությունում նշված է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Եվրոպական միության խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և Արտաքին գործողությունների ծառայությանն առաջարկում են ձեռնարկել հետևյալ քայլերը. ապահովել, որ Եվրոպական միության և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումը պայմանավորված լինի ժողովրդավարության ապահովմամբ և հարգմամբ, օրենքի գերակայությամբ, լավ կառավարմամբ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգմամբ, Ադրբեջանի իշխանություններին հիշեցնել, որ որևէ համապարփակ համաձայնություն չի վավերացվի, եթե երկիրը չի հարգում Եվրոպական միության հիմնարար արժեքներն ու իրավունքները, երաշխավորել, որ Ադրբեջանի հետ ապագա համաձայնագիրը լինի համապարփակ և կողմերին օգուտ բերի, ապահովել, որ մինչև բանակցությունների ավարտը Ադրբեջանը կարևոր քայլեր ձեռնարկի քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ, որոնց թիվը 2017 թ. գերազանցում է 150-ը և այլն:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կարծում են, որ պետք է ամրապնդվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Եվրոպական միության մասնակցությունը՝ ընդգծելով, որ այդ հակամարտության յուրաքանչյուր կողմի և Եվրոպական միության միջև նոր գործարքները պետք է պայմանավորված լինեն պարտականությունների և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի զգալի առաջընթացի ապահովմամբ:

Խորհրդարանական զեկուցող Նորիկա Նիկոլայան քննարկումների ընթացքում նշել է, որ Եվրոպական միության սահմանները գնալով վտանգավոր են դառնում, ուստի Արևելյան համագործակցության շրջանակներում համագործակցությունը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, կարևոր են դառնում: Եվրոպական միության և Ադրբեջանի միջև ազնիվ և վստահելի հարաբերությունները տնտեսական օգուտ կբերեն երկու կողմերին, կնպաստեն ապահովելու ժողովրդավարության կոնսոլիդացիան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: