Հայերեն   English   Русский  

​Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում


  
դիտումներ: 727

Մայիսի 19-31-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։

Համերգները կայանալու են եվրոպական լավագույն դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Musikverein-ում, որի Մեծ դահլիճը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահն է և իր ժամանակակից լուծումներով ու ակուստիկայով աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, Մյունխենի մշակութային կենտրոնում՝ Philharmonie Gasteig, որտեղ իր ելույթներն է ունենում Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը,Գերմանիայի Շտուտգարդ, Վիսբադեն քաղաքների հեղինակավոր դահլիճներում, որտեղ բեմ են բարձրանում աշխարհի անվանի նվագախմբերն ու արտիստները։

Եվրոպական շրջագայությունները կմեկնարկեն մայիսի 19-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայից։ Վեց համերգների ընթացքում Եվրոպայի երաժշտասերներին կներկայացվեն մալթացի ժամանակակից հեղինակներ Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի և ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։

Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան մեծանուն երաժիշտներ՝ դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։

Նշենք, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1968 թվականին, և այս տարի նշվում է կոլեկտիվի 50-ամյա հոբելյանը։ Նվագախումբը բազմիցս հանդես է եկել մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ՝ գեղեցիկ զգացումներ պարգևելով ունկնդիրներին։ Մալթայի ֆիլհարմոնիկն այս երկրի առաջատար երաժշտական կոլեկտիվն է` մալթական կատարողական արվեստի ավանդույթների կրողն ու զարգացնողը։ Այն տարեկան շուրջ 70 համերգ է ունենում Մալթայում և այլ երկրներում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: