Հայերեն   English   Русский  

«Եթե ես չեմ վայելում ժողովրդի վստահությունը, խնդրում եմ՝ ինձ ուղիղ տեղեկացնել այդ մասին». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 456

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին 15:00-ից դադարեցնել անհնազանդության ակցիաները:

ՀՀ վարչապետը քաղաքացիներից խնդրեց հնարավորություն տալ լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են տասնյակ տարիների ընթացքում:

«Եթե այդ հնարավորությունը չի տրվում, մեր այստեղ լինելը զրկվում է որևէ իմաստից: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ ՀՀ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը և ՀՀ քաղաքացիները չունեն քաղաքացիական անհնազանդություն իրականացնելու որևէ առիթ: Ես կոչ չեմ անում գնալ և ուղղակի տներում նստել և համակերպվել պրոբլմների հետ»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ՀՀ ցանկացած գյուղում և քաղաքում ապրող քաղաքացիներին իրենց խնդիրը և պահանջը հստակ ձևակերպել: Այնուհետև 1-2 հոգանոց պատվիրակությունները կարող են այդ դիմումները ներկայացնել երկու հասցեով. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն և ՀՀ կառավարություն քաղաքացիների և նամակների ընդունելության բաժին: Քաղաքացիները կարող են նաև դիմել Կառավարության թեժ գծին՝ 1-17 համարով: Այդ նամակները խմբարովելու են և քննարկվելու: Խոսքը վերաբերում է բոլոր խնդիրներին:

«Կան քաղաքացիներ, որոնք պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Մենք այդ հարցն էլ կքննարկենք և կառավարության դիրքորոշումը կհայտնենք: սա է ճիշը ճանապարհը, որ մենք Թավշյա հեղափոխության արդյունքները ուղղորդենք ճիշտ ուղղությամբ: Կոչ եմ անում որևէ ճանապարհ չփակել: Փակելով ճանապարհը մենք ցույց էինք տալիս, որ ՀՀ-ում չկա իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը: Այսօր կա իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը: Ո՞ւմ դեմք ենք մենք փակում ճանապարհները »:

Վարչապետը շեշտեց, որ քաղաքացիներն ունեն գործելու ազատություն և այդ ազատությունը որևէ մեկը չի սահմանափակում: նա նշեց, որ անհնազանդության առիթ հանդիսացած բոլոր խնդիրներով զբաղվում են և զբաղվելու են.«Ես կոչ եմ անում այդ խնդիրների լուծումը դնել ինստիտուցիոնալ հենքի վրա»:

«Հույս ունեմ՝ ոչ ոք չի մտածում, որ այդ բոլոր հարցերը լուծվելու են մեկ օրվա մեջ: Ես ինքս սովոր չեմ որևէ խնդրի մասին որոշում կայացնել, քանի դեռ լրջորեն չեմ տիրապետում դրան: Այսօր բարձրացվող բոլորը խնդիրներին ծանոթանալու համար ժամանակ է պահանջվում»:

Նիկոլ փաշինյանը կոչ արեց չփչացնել հանրապետությունում առկա սիրո և համերաշխության մթնոլորտը և վերափոխել իշխանություն-ժողովուրդ հակադրության ինստիտուտը համագործացկության ինստիտուտով:

«Մեր երկիրը որակական նոր մակարդակի պետք է բարձրանա, բայց որպեսզի դա տեղի ունենա ամեն չպետք է մեկ քայլով և մեկ գործողությամբ լուծել: Մենք պետք է դասակարգենք խնդիրները ըստ առաջնահերթության: Այո, մեր որոշ քաղաքացիներ պետք է համբերությամբ զինվեն, որպեսզի մենք արագ ինչ-որ որոշմամբ ունքը ուղղելու փոխարեն աչքը չհանենք: Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջ կա՞: Այդ պահանջը կքննարկենք: Դատախազի հրաժարականի պահնաջ կա՞: Դա էլ կքննարկենք: Հեղափոխությունը և Կառավարությունը այդ հարցերի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի: Այն հարցերը, որոնք լուծումը հնարավոր է կլուծվեն, իսկ այն հարցերը, որոնց լուծումը անհնար է, նույնպես կլուծվեն, որովհետև մենք անհնարինին սահմանը չենք ճանաչում: Միայն, խնդրում եմ, մենք պետք է անցնենք համագործակցության ռեժիմի: Քանի դեռ Հայաստանում կա ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, հակադրության գործիքակազմից պետք է հրաժարվենք: իսկ եթե Հայաստանում կա ժողովրդի վստահությունը չվայելող իշխանություն, ուրեմն այդ իշխանությունը պետք է գնա: Եթե ես չեմ վայելում ժողովրդի վստահությունը, ուրեմն խնդրում եմ այս մասին ինձ ուղիղ տեղեկացնել: Իսկ եթե ես վայելում եմ այդ վստահությունը, ուրեմն թույլ տվեք այն աշխատանքային ռեժիմով դարձնել արդյունք »,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: