Հայերեն   English   Русский  

​Փաշինյան-Պուտին հանդիպումը ճանաչողական էր. քաղաքագետներ


  
դիտումներ: 798

Մայիսի 14-ին Սոչիում տեղի ունեցավ ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Գագաթնաժողովի շրջանակներում նա առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Ղրղըզստանի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հետ:

«Փաշինյանի ռուսաստանյան այցը ճանաչողական էր»,- ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին օտարերկրյա այցը:

Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի այցը լավ հնարավորություն էր հանդիպելու ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ, որոնք պաշտոնավարում ու միմյանց ճանաչում են արդեն երկար տարիներ:

Երվանդ Բոզոյան

«Այցը, հանդիպումները յուրօրինակ կերպով լեգիտիմացնում էին Փաշինյանին»,- ասում է նա և հավելում, որ ԵԱՏՄ երկրները սովորաբար չեն ողջունում ընդդիմության կողմից իրականացվող խաղաղ իշխանափոխությունները:- Այդ իմաստով սա եզակի դեպք էր, որը լեգիտիմություն ստացավ Փաշինյանի հանդիպումներով ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ»:

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ երկրները, ի վերջո, Հայաստանում տեղի ունեցածը չհամարեցին գունավոր հեղափոխություն:

«Պատկերը դրական է այն առումով, որ Հայաստանի ղեկավարը խորթ զավակի կարգավիճակ չունի ԵԱՏՄ-ում: Մնացածը տեխնոլոգիա է: Թե հետագայում ինչ կհաջողվի և ինչ չի հաջողվի Փաշինյանին` ժամանակը ցույց կտա»,- ասում է Բոզոյանը:

Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ևս հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ ճանաչողական է համարում. այդպիսով հնարավորություն ստեղծվեց հնչեցնելու երկկողմ հարաբերությունների հիմնական ուղերձները:

«Անտրամաբանական կլիներ, եթե մենք առաջին հանդիպումից կոնկրետ ծրագրեր, նոր խոշոր նախագծեր սպասեինք։ Գլխավորն այն է, որ կողմերը մեսիջներ են փոխանակել, դրանից ավելին սպասել հանդիպումից անիմաստ կլիներ»,- ասում է Մարտիրոսյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այցի և հանդիպման հիմնական ուղերձը եղել է այն, որ Հայաստանում անցկացված թավշյա հեղափոխությունը հակառուսական տրամադրություններ չի կրել և չի կրելու:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս գոհ է Պուտին-Փաշինյան հանդիպումից: Ասում է, որ ժողովրդի կողմից ունեցած աջակցությունը, այդ թվում և Ռուսաստանի հայերի, հնարավորություն տվեցին Փաշինյանին արժանապատիվ ներկայանալու ԵԱՏՄ գագաթնաժողովին:

Շիրինյանի խոսքով, սակայն, ցանկալի կլիներ, որ Հայաստանի վարչապետը գագաթնաժողովում խոսեր Հայաստանի պետական լեզվով՝ հայերենով: «Հայաստանն անկախ պետություն է և պետական լեզու ունի: Հետևաբար մեր երկիրը ներկայացնող անձինք պետք է մեր պետական լեզվով խոսեն»,- ասում է նա՝ վստահություն հայտնելով, որ հետագայում այդ խնդիրն էլ կլուծվի:

Ռուս փորձագետները նույնպես դրական են համարում Փաշինյան-Պուտին հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը երկու երկրների ղեկավարների հանդիպումը դրական է գնահատել . «Հանդիպումը լավն էր, պոզիտիվ և օգտակար: Այն վերջնականապես վերջ դրեց խուճապային տրամադրություններ տարածող խոսակցություններին այն մասին, թե Սերժ Սարգսյանի հեռացումը կփչացնի հայ-ռուսական հարաբերությունները: Այս ամրագրումը շատ կարևոր էր»:

Իսկ ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը «168 ժամ» պարբերականի հետ զրույցում Պուտին-Փաշինյան հանդիպումը գնահատել է հաջողված՝ նշելով, որ այդպիսով հնարավոր կլինի խուսափել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարընթերցումներից:

«Ի վերջո, սա ՌԴ նախագահի համար ևս սովորական իրավիճակ չէր հեղափոխությունից օրեր անց հանդիպել հեղափոխության ղեկավարի հետ, որը վարչապետ է ընտրվել: Սա, կարծում եմ, տրամադրություններ հասկանալու և ճանաչելու հանդիպում էր: Վստահ եմ՝ փակ դռների ետևում քննարկվել են հեղափոխությունը, երկրում առկա տրամադրությունները, դրանց պատճառները և այլն, և այլն: Կարծում եմ` խնդիրներն ամենայն հավանականությամբ շրջանցվել են»,- ասել է Լուկիանովը:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի՝ միջազգային պարտավորություններին հավատարիմ մնալու պատրաստակամությունը. «Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաև տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով»:

Իսկ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը շեշտել է, որ Ռուսաստանի հետ «դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները քննարկման ենթակա չեն»:

«Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսենսուս, և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել, և կարծում եմ՝ չի դնի կասկածի տակ»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև մի շարք ոլորտներում հարաբերությունները խորացնելու ցանկություն է հայտնել. «Մենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդելու մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում»:

Երկու երկրների միջև համագործակցությունը պահպանելու և լավացնելու ցանկություն է հայտնել նաև Վլադիմիր Պուտինը. «Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատկել: ... Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, և՛ անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական զարգացման»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: