Հայերեն   English   Русский  

Հայաստանը՝ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների արանքում


  
դիտումներ: 1574

Իրանը և ԵՄ-ն համաձայնության են եկել կարճ ժամանակահատվածում վերագործարկել միջուկային համաձայնագիրը:

2016-ին կնքված համաձայնագիրը չեղարկման վտանգի առաջ էր կանգնել, երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից: Միջուկային համաձայնագրի կողմ հանդիսացող Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի՝ ԱՄՆ-ին համոզելու ջանքերն ապարդյուն անցան: Համաձայնագրի մյուս մասնակիցները՝ ինչպես Իրանը և ԵՄ ներկայացուցիչ եռյակը, այնպես էլ Չինաստանը և Ռուսաստանը կողմ են համաձայնագրի գործունեության շարունակությանը: Մինչդեռ ԱՄՆ-ն ոչ միայն հայտարարել է, որ հրաժարվում է գործարքից և նորից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի, այլև Իրանի հետ համագործակցող օտարերկրյա ընկերություններին 6-ամսյա ժամկետ է տվել այդ երկրի հետ գործարքներն ու համագործակցությունը դադարեցնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով պատժամիջոցներով: ԵՄ երկրներն արդեն իսկ քննադատել են ԱՄՆ-ի այս քայլը՝ այն անվանելով այդ երկրի օրենքների պարտադրում ողջ աշխարհին:

Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «Մենք համաձայնության ենք եկել, որ համաձայնագիրն այժմ վերակենդանացման փուլում է գտնվում և այն պետք է հնարավորինս հանել այդ վիճակից: Իրավական տեսանկյունից որևէ երաշխիքի առումով համաձայնության չենք եկել: Քննարկել ենք կոնկրետ գործնական տնտեսական քայլեր, որոնք կաջակցեն համաձայնագրի պահպանմանը»:

Իսկ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ շատ բան կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթներին: «Մենք պետք է բավարար երաշխիքներ ստանանք: Դրանից է կախված, թե ինչ տեմպերով առաջ կշարժվենք»,- ասել է նա:

Եվրոպական երկրներն առաջիկայում նաև քննարկելու են, թե ինչ կարող են անել, որ համաձայնագրի դրույթների իրագործման շրջանակներում Իրանի հետ համագործակցող եվրոպական երկրները ամերիկյան պատժամիջոցների չենթարկվեն ու տնտեսական կորուստներ չունենան: Փորձագետների կանխատեսմամբ՝ հնարավոր է, որ կրկնվի 1996-2006 թվականների իրավիճակը, երբ ամերիկյան պատժամիջոցներն Իրանի նկատմամբ գործում էին, սակայն չէին կիրառվում եվրոպական ընկերությունների նկատմամբ:

Հարցը, թե հնարավոր է արդյոք, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը բացասաբար անդրադառնա Հայաստանի վրա, կրկին արդիական է դարձել:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Արևմուտքը նախկինում հաշվի է առել Հայաստանի՝ երկու կողմից շրջափակված լինելու, ինչպես նաև փոքր շուկա լինելու հանգամանքները և «մատների արանքով է նայել Իրանի հետ համագործակցությանը»: Նրա կարծիքով՝ մոտեցումը Հայաստանի նկատմամբ այս անգամ էլ այդպիսին կլինի:

Իրանագետի կարծիքով, սակայն, բացասական ազդեցություն կարող է նկատվել Հայաստան-Իրան տնտեսական փոխհարաբերությունների հարցում: Օրինակ՝ Իրանում տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով կարող է նվազել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը այդ երկրից:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ևս կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան հասնել նրան, որ Հայաստան-Իրան հարաբերություններին Արևմուտքը խիստ չվերաբերվի: «Հայաստանի իշխանությունների կողմից պետք է լինեն ընդգծումներ, շեշտադրումներ, որ մենք գտնվում ենք աշխարհագրական այնպիսի իրավիճակում, աշխարհաքաղաքական այնպիսի իրողության պայմաններում, որ Հայաստանը, ըստ էության, այլընտրանքներ չունի: Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն շարունակական, պահպանվեն և զարգանան: Սա պետք է գիտակցվի Իրանի հետ հարաբերություններ ճշգրտող երկրների կողմից»,- ասում է Տոնոյանը:

Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանի շահերից է բխում, որ Իրանում ներքին իրավիճակը կայուն լինի, այդ երկրի դիրքերն էլ միջազգային ասպարեզում ամուր լինեն:

«Հայաստանն Իրանի անմիջական հարևանն է, մենք այդ երկրի հետ ունենք բարեկամական, գործընկերային և ռազմավարականի ձգտող հարաբերություններ: Ըստ այդմ, Իրանի դիրքերի ամուր լինելն ուղղակիորեն բխում է մեր շահերից, քանի որ հզոր Իրանը Հայաստանին ապահովում է ելք դեպի Արևելք և Պարսից ծոցի տարածաշրջան: Ցանկացած երրորդ կողմ պետք է հասկանա, որ Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ խիստ կենսական նշանակություն ունեն»,- ասում է նա:

Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հնարավոր երկընտրանքին՝ Ոսկանյանը նշում է, որ մեր երկիրը նախ և առաջ պետք է առաջնորդվի իր շահերով, ինչը ենթադրում է ունենալ գործընկերային հարաբերություններ թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ:

«Սա համաշխարհային հանրության համար շատ ընդունելի և հասկանալի լեզու է, երբ որևէ պետություն առաջնորդվում է սեփական շահերով և այլոց շահերի հակադրման ճանապարհով չի ընթանում»,- ասում է նա՝ հավելելով, որ այս սկզբունքով պետք է կառուցենք հարաբերություններ բոլորի հետ:

Հնարավո՞ր է, որ պատերազմ սկսվի Իրանի և Իսրայելի միջև

ԱՄՆ-ի՝ Իրանի հետ ունեցած միջուկային համաձայնագրից հրաժարվելուց ի վեր խիստ սրվել են նաև իրանա-իսրայելական հարաբերությունները: Սիրիայի տարածքից իր դիրքերի ուղղությամբ արձակած կրակոցներին ի պատասխան՝ Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին:

Փորձագետները վաղուց են փաստում, որ Իրանն ու Իսրայելը փաստացի պատերազմական իրավիճակում են, միայն թե պայքարում են երրորդ երկրի՝ Սիրիայի տարածքում: Ըստ միջազգային վերլուծաբանների՝ լայնամասշտաբ պատերազմ չեն ցանկանում ո՛չ Իրանը, ո՛չ էլ Իսրայելը՝ գիտակցելով դրա կործանարար հետևանքները: Իսրայելը խոցելի է Սիրիայի տարածքից և իրանական ուժերը հնարավորություն ունեն հարված հասցնելու Իսրայելին, սակայն նման քայլի չեն դիմում, քանի որ Իսրայելը միջուկային զենք ունի, թեև պաշտոնապես այդ փաստը երբևէ չի հաստատվել:

«Ցանկացած նոր պատերազմ Մերձավոր Արևելքում, որը կլինի Իրանի ուղղակի ներգրավվածությամբ, կարող է կործանել Մերձավոր Արևելքն ընդհանրապես, այդ թվում` Իսրայելը: Սա գիտակցում է նաև Իսրայելի քաղաքական վերնախավը»,- ասում է Ոսկանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: