Հայերեն   English   Русский  

​Ով ով է նորակազմ կառավարությունում


  
դիտումներ: 5809

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի նորակազմ կառավարությունն աշխարհում ամենաերիտասարդներից է: Գործադիրի ամենատարեց ներկայացուցիչը 52 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը՝ 28 տարեկան:

Բացի երիտասարդ լինելուց, նոր կառավարության շատ անդամներ մինչ այս հանրության լայն շրջաններին հայտնի չէին: Գործադիրի անդամների երիտասարդ ու մինչ այս վարկաբեկված չլինելը, իհարկե, կարող է դրական արդյունք ապահովել: Մյուս կողմից՝ խնդիր է նրանց կառավարման փորձի պակասը:

Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին տեղին առկա մտահոգությունները և որքանով կարդարանան հանրության ակնկալիքները: Այժմ, ավանդույթի համաձայն, «Անկախը» կամփոփի նորակազմ գործադիրի ղեկավար կազմի կենսագրությունները:

Նիկոլ Փաշինյան

Սկսենք վարչապետից: 43-ամյա Նիկոլ Փաշինյանը մասնագիտությամբ լրագրող է, սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն դեկանի հետ ունեցած հակասությունների պատճառով ավարտական կուրսում հեռացվել է բուհից: Նրա կենսագրությունում զինվորական ծառայության մասին հիշատակում չկա, ինչից կարելի է ենթադրել, որ բանակում չի ծառայել: Փաշինյանը 2008-ի նախագահական ընտրություններում եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ, 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով, 2017-ին՝ «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով: Փաշինյանն ամուսնացած է, ունի 4 երեխա:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 39 տարեկան է,

Արարատ Միրզոյան

մասնագիտությամբ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ունի: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը, ապա ՀՀ պետական կառավարան ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում: Միզոյանի աշխատանքային գործունեությունը բազմազան է՝ գիտաշխատող, դասախոս, բանկային մասնագետ, լրատվական գործակալության վերլուծաբան, հետազոտական խմբի համակարգող: Միրզոյանի կենսագրությունում ևս զինվորական ծառայության մասին խոսք չկա: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 29 տարեկան է, Հայ-ռուսական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ: Ավինյանը ֆինանսների մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի Քուին Մերի համալսարանում: Նա կարիերան սկսել է բանկային համակարգում, այնուհետև շարունակել ծրագրավորման ոլորտում: Նա ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերության հիմնադիր և ղեկավար է 2014 թվականից: Փոխվարչապետ Ավինյանը ևս չի ծառայել բանակում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մյուս փոխվարչապետը 46-ամյա Մհեր Գրիգորյանն է, Երևանի

Մհեր Գրիգորյան

պետհամալսարանի շրջանավարտ, ունի իրավագետի որակավորում: Անցել է նաև 6-ամսյա որակավորման դասընթաց Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցում: Մասնագիտական գործունեությունը սկսել է Կենտրոնական բանկից, այնուհետև զանազան ղեկավար պաշտոններ զբաղեցրել մի շարք բանկերում: Վերջին տարիներին միաժամանակ եղել է «Առքա Քրեդիտ Ռեփորթինգի» խորհրդի անդամ, «Արդշինբանկի» վարչության նախագահ և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ: Փոխվարչապետ Գրիգորյանը դասավանդում է նաև Հայ-ռուսական համալսարանում, ՀՀ ԶՈւ պահեստազորի սպա է, ամուսնացած է, ունի երկու երեխա:

Չնայած հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանում մեծ դեր են ունեցել կանայք, սակայն նորակազմ կառավարությունում կանանց առանձնապես տեղ չտրվեց, 17 նախարարներից միայն երկուսն են կին:

Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) շրջանավարտ է, պատմության մասնագետ: Ավարտել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան: Թանդիլյանը եղել է ֆինանսական վերլուծաբան, հաշվապահ, գլխավոր հաշվապահ մի շարք ընկերություններում: 2017-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է «Ելք» դաշինքի կազմում և ընտրվել պատգամավոր ռեյտինգային ընտրակարգով: Թանդիլյանն ամուսնացած է, ունի երկու երեխա:

Երկրորդ կինը գործադիրում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն է: Մասնագիտությամբ բանասեր է, Երևանի պետհամալսարանի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, բանասիրական գիտությունների թեկնածու: Դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, իսկ վերջերս նշանակվել է նույն համալսարանի միջազգային

Լիլիթ Մակունց

կապերի և համագործակցության բաժնի ղեկավար:

Լիլիթ Մակունցը 2016-ից միաժամանակ աշխատել է Ամերիկայն խաղաղության կորպուսում, բացի այդ, 2012 թ. խորհրդարանական ընտրություններում ընդգրկված է եղել ՀԱԿ-ի համամասնական ցուցակում (59 համարը):

Հրաչյա Ռոստոմյան

Կառավարությունում Ծառուկյան դաշինքը ներկայացնող նախարարներից Արտակարգ իրավիճակների նախարար, 37-ամյա Հրաչյա Ռոստոմյանը մասնագիտությամբ ստոմատոլոգ է, բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) շրջանավարտ: Ունի նաև մարզիչ մանկավարժի որակավորում, մանկավարժական գիտությունների թեկնածու է: Նախկինում երկու անգամ զբաղեցրել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը: Ռոստոմյանը զինապարտ է, պահեստազորի լեյտենանտ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արթուր Գրիգորյան

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը 49 տարեկան է, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Եղել է դատական տեսուչ, ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի պետ, Վերահսկիչ պալատի վարչության պետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (2010-2011թթ.): Գրիգորյանը ծառայել է խորհրդային բանակում, արդարադատության փոխգնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 34-ամյա

Լևոն Վահրադյան

Լևոն Վահրադյանը Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտ է: Մասնագիտական գործունեությունը սկսել է որպես դասախոս, բասկետբոլի մարզիչ, այնուհետև մարզադպրոցի տնօրեն, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, նույն նախարարությունում վարչության պետ: Վահրադյանը զինապարտ է, խաղացել է նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

ՀՅԴ-ական նախարարները նոր դեմքեր չեն և հանրությանը հայտնի են:

Արծվիկ Մինասյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Արծվիկ Մինասյանն է, որը մինչ այս զբաղեցնում էր բնապահպանության նախարարի, ավելի վաղ՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Մինասյանը նաև երկար տարիներ ԱԺ պատգամավոր է եղել: 46-ամյա Մինասյանը ԵՊՀ տնտեսագիտության և իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտ է, ունի տնտեսագիտության թեկնածուի աստիճան: Մինասյանի կենսագրությունում ևս բանակում ծառայության մասին խոսք չկա: Նա ամուսնացած է, ունի երեք երեխա:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյան

Իսկ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը մինչ այս զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը: 46-ամյա Խաչատրյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ԵՊՀ շրջանավարտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու: Ավարտել է նաև Հայաստանի ամերկյան համալսարանը և Իմփերիալ քոլեջ լոնդոնյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում: Խաչատրյանը գիտա-մանկավարժական գործունեության շրջանակներում եղել է ԵՊՀ գիտաշխատող, այնուհետև՝ դասախոս, ամբիոնի վարիչ և դեկան Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նա նաև եղել է գործառնական տնօրենի տեղակալ, անձնակազմի կառավարման վարչության պետ «Արդշինբանկում», տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: Խաչատրյանը զինապարտ է, ավագ լեյտենանտ: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար, 36-ամյա Արսեն Թորոսյանը ԵՊԲՀ շրջանավարտ է: Եղել է բաժնի վարիչ, ապա նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենը: Թորոսյանը ծառայել է զինված ուժերում, ունի բուժծառայության լեյտենանտի կոչում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արդարադատության 49-ամյա նախարար Արտակ Զեյնալյանն

Արտակ Զեյնալյան

առաջին մասնագիտությամբ բժիշկ-վիրաբույժ է, բժշկական համալսարանի շրջանավարտ: Հետագայում նա մասնագիտացել է նաև պետական կառավարման և իրավաբանության ոլորտներում: Իրավապաշտպան է, փաստաբանների և լրագրողների համար նախատեսված ձեռնարկի հեղինակ: Մինչ իրավական գործունեություն ծավալելն աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, իսկ 1998-2001 թթ.՝ առողջապահության նախարարի տեղակալ: Նա ծառայել է խորհրդային բանակում, Արցախյան ազատամարտի տարիներին ընդգրկվել է «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատում՝ մասնակցելով ռազմական գործողություններին: 1992-ին վիրավորվել է՝ կորցնելով ոտքը: Զեյնալյանն ամուսնացած է, ունի 4 զավակ:

Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 52 տարեկան է: Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, Մանչեսթրի Վիկտորիա համալսարանը: Երկարամյա դիվանագիտական գործունեություն է ծավալել ԱԳՆ աշխատակազմում, Վատիկանում, Լոնդոնում, Ժնևում, Ստրասբուրգում: Եղել է ԱԳ փոխնախարար, 2014-ից ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու որդի։ Մնացականյանի կենսագրությունում զինվորական ծառայության մասին հիշատակում չկա:

Էրիկ Գրիգորյան

Բնապահպանության նախարար, 39-ամյա Էրիկ Գրիգորյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է: Շրջական միջավայրի կառավարման թեմայով հետբուհական կրթություն է ստացել նաև Հունաստանում և Գերմանիայում: Երկար տարիներ աշխատել է բնապահպանության նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Որպես ազգային և միջազգային փորձագետ համագործակցել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Կովկասի բնության հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ: 2017-2018 թթ. եղել է վարչապետի օգնականը: Գրիգորյանը բանակում չի ծառայել: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը 39 տարեկան է, ԵՊՀ շրջանավարտ, մասնագիտությամբ արաբագետ: Պատմական գիտությունների թեկնածու է: Դասավանդում է ԵՊՀ-ում: Եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, ինչպես նաև խորհրդի անդամ է։ Նա նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում: Հարությունյանի զինվորական ծառայության մասին կենսագրությունում տեղեկություններ չկան, ինչից կարելի է ենթադրել, որ նա բանակում չի ծառայել:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչ այս եղել է

Դավիթ Տոնոյան

Արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, վարչության պետ ՊՆ-ում, ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ: 51-ամյա Տոնոյանը ծառայել է խորհրդային բանակում, իսկ ՀՀ անկախությունից հետո ՆԳՆ համակարգում: Տոնոյանը ԵՊՀ և ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիաների շրջանավարտ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մխիթար Հայրապետյան

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գործադիրի ամենաերիտասարդ անդամն է՝ 28 տարեկան: ԵՊՀ շրջանավարտ է, թուրքագետ: Աշխատել է մի շարք լրատվամիջոցներում որպես Մերձավոր Արևելքի հարցերի վերլուծաբան: Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի հիմնադիր նախագահն է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներին: Բանակում չի ծառայել, ամուսնացած չէ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն

Սուրեն Պապիկյան

Պապիկյանը 32 տարեկան է, մասնագիտությամբ պատմաբան: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան: Պատմության ուսուցիչ է եղել դպրոցում և Քվանտ վարժարանում: Պապիկյանն այն սակավաթիվ երիտասարդ նախարարներից է, որ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, 50-ամյա Աշոտ Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Աշխատել է ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունում, ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում։ Եղել է քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ, ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ։ Հակոբյանը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, պահեստազորի գնդապետ է։ Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Ատոմ Ջանջուղազյան

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը 47 տարեկան է, Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ է, տեխնիկական գիտությունների թեկնածու: 1995-ից աշխատում է ֆինանսների նախարարությունում: Երկար տարիներ եղել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ, իսկ 2016-2018 թթ.` ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: Ատոմ Ջանջուղազյանը դասավանդել է մի շարք բուհերում: Նա զինապարտ է, պահեստազորի կապիտան: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ մեր կառավարման համակարգի զգալիորեն հումանիտար դառնալն արդեն շոշափելի է. գործադիրի ներկայացուցիչների զգալի մասը հումանիտար կամ հասարակագիտական կրթություն ունի, բնականաբար՝ նաև մտածողություն: Փաստ է նաև այն, որ երիտասարդ հեղափոխական նախարարների ճնշող մեծամասնությունը բանակում չի ծառայել՝ այդպիսով առանձնապես չտարբերվելով նախորդ նախարարներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: