Հայերեն   English   Русский  

Գերհաղորդակցվող թանգարաններ, նոր մոտեցումներ, նոր հանրույթներ


  
դիտումներ: 5129

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, որ հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թ. մայիսի 18-ին: 1978-ից այս օրը նշվում է աշխարհի հարյուրավոր երկրներում, այդ թվում և Հայաստանում: Օրվա նպատակին և նշանակությանն անդրադարձել ենք ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության առաջատար մասնագետ Վանուհի Զաքարյանի օգնությամբ:

- Ի՞նչ են ավելացնում թանգարանները մարդկանց կյանքում, որ ուրիշ ոչ մի մշակութային կառույցի բնորոշ չէ: Եվ ի՞նչ պիտի անել, որպեսզի թանգարան-այցելու կապն ավելի ամրապնդվի:

- Թանգարանը յուրահատուկ օրգանիզմ է, որ պահպանում է մեր մշակութային ժառանգությունը և այն ցուցադրելու խնդիր ունի: Այս կառույցը ժողովրդի պատմությունը, մշակույթը վեր հանող, ներկայացնող յուրահատուկ գործիք է: Առանց թանգարանի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում հնարավոր չէ պատկերացնել մշակութային ժառանգության փոխանցումն ու հանրահռչակումը: Շատ կարևոր է, որ ներկայումս մեր հանրապետության թանգարանները բուռն վերելք են ապրում. մշակում են շատ նոր կրթական ծրագրեր թե՛ դպրոցահասակներին, թե՛ ուսանողներին, թե՛ ավելի բարձր տարիքային խմբերին թանգարաններ բերելու համար: Ժամանակակից մարտահրավերներն այնպիսին են, որ թանգարանները պետք է հնարավորինս ճկուն լինեն, կարողանան համահունչ քայլել նոր զարգացումներին, ունենան հարուստ տեղեկատվական տեխնոլոգիաներ, լինեն ոչ թե որպես էքսպոնատներ պահպանող, այլ անընդհատ գործող, հանրությանը կրթող հաստատություններ:

Մշակույթի նախարարության ենթակայության թանգարաններում մշտապես կան նոր մոտեցումներով և գաղափարներով հագեցած ծրագրեր, ինչն էլ գրավում է ժամանակակից այցելուին: Փորձը ցույց է տալիս, որ այդ նոր ծրագրերի ներդրումը միշտ լավ արդյունքն է տալիս՝ բարձրացնելով այցելուների հետաքրքրվածության աստիճանը: Մարդիկ, թեկուզ աշխարհահռչակ նկարիչների ցուցահանդեսներն այցելելիս, չեն գնում տեսնելու ուղղակի պատից կախված նկար, այլ փնտրում են ոչ ստանդարտ մոտեցումներ: Օրինակ՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի թանգարաններում արդեն գործարկվել են գրողին կամ նրա ապրած մի որոշ ժամանակահատվածը 3D տեխնոլոգիաներով տեսնելու ծրագրեր: Ներկայումս ունենք նախագծային փուլում գտնվող ծրագիր Երվանդ Քոչարի թանգարանում, բայց դեռ չեմ կարող փակագծերը բացել: Պատահական չէ, որ այս տարվա Թանգարանների միջազգային օրվա կարգախոսն է «Գերհաղորդակցվող թանգարաններ, նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:

- Թանգարանների միջազգային օրը որքանո՞վ է նպաստում այդ գործընթացին: Հայաստանում ինչպե՞ս է նշվում մայիսի 18-ը:

- Այդ օրը հնարավորություն է տալիս հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու թանգարանի՝ որպես մշակութային կարևոր օջախի դերի վրա: Ի սկզբանե միջազգային օրը ստեղծելու նպատակը մշակութային ժառանգության պահպանումն էր, նաև այն, որ մարդիկ հասկանան՝ թանգարան այցելելով կարող են ոչ միայն կրթվել, տեղեկատվություն ստանալ, այլև անցկացնել հետաքրքիր ու հագեցած ժամանց: Հայաստանը դեռ 1970-ականներից է նշում այս օրը, բայց 2000-ից հետո՝ ավելի մեծ ակտիվությամբ: Հատկանշական է, որ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարությունը 2005-ից ձեռնարկեց «Թանգարանների գիշեր» ծրագիրը, որին ICOM-ը հովանավոր դարձավ: Եվ այդ տարվանից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը մեկ միասնական ծրագրով են հանդես գալիս: Հայաստանը ևս 2005-ից դարձել է այդ ծրագրի մասնակիցը:

Այս ամենով մեր երկրում զբաղվում է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ հոգալով նաև կազմակերպչական ծախսերը: Վերջին 4-5 տարիներին նկատելի ավելացել է մասնակից թանգարանների թիվը: 2017-ին 113 թանգարան է միացել այս երկու ծրագրերին: 2018-ին մասնակցության հայտ է ներկայացրել 114 թանգարան: Երևանում միացել է 45-46 թանգարան, ակտիվ են նաև մարզերում: 2013-ից սկսած՝ նաև Արցախի Հանրապետության թանգարաններն են մասնակցում ծրագրերին՝ տարեցտարի մեծացնելով ակտիվությունն ու միջոցառումների քանակը: Ամեն տարի բոլոր գերատեսչություններին՝ մարզպետարաններին, քաղաքապետարաններին, նաև մասնավոր թանգարաններին ուղարկում ենք համապատասխան գրություններ և հրավիրում մասնակցելու Թանգարանների միջազգային օրվան: Նախագծեր են հավաքվում, քննարկումներ են արվում, մի ֆորմատի է բերվում ամբողջ ծրագիրը, ինչը շատ դժվար աշխատանք է այսքան բազմաբնույթ թանգարանների պարագայում: Հայաստանում միշտ փորձում ենք համահունչ քայլել Թանգարանների միջազգային օրվա թեմային և մեր միջոցառումներն ու ծրագրերը կառուցել հենց այդ կարգախոսի շուրջ: Այս տարի՝ մայիսի 28-ին ընդառաջ, մեր թանգարաններին առաջարկել ենք, տարվա կարգախոսից բացի, անդրադառնալ նաև ՀՀ առաջին հանրապետության 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերին: Յուրաքանչյուր թանգարան ներկայանում է իր հնարավորություններին, ֆորմատին ու տարածքին համապատասխան: Որոշ թանգարաններում շատացել են նոր ցուցահանդեսները, որոնք կբացվեն հենց այդ օրերին, ինչպես նաև կլինեն այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց ոչ միայն այդ օրն այցելելու թանգարան, այլև հետաքրքրվելու նաև դրանից հետո: Այսինքն՝ թանգարանները փորձել են այս տարվա կարգախոսն ի շահ իրենց օգտագործել՝ առավելագույն պահպանելով կապը հասարակության հետ:

- Ինչպե՞ս են մարդիկ տեղեկացվում մասնակից թանգարանների, սպասվող միջոցառումների մասին: Եվ ինչու՞ է այդ օրերին մարդկանց հոսքն այդքան շատ թանգարաններում:

- Մշակույթի նախարարության հովանավորությամբ երկու օրերի միջոցառումներն ամփոփող բուկլետներ են տպվում և առաջնահերթ բաժանվում են մասնակից թանգարաններում՝ իրենց գովազդն ապահովելու համար: Ինֆորմացիան տարածվում է բոլոր լրատվական միջոցներով, ինչպես նաև լինում է մամլո հաղորդագրություն: Այս տարի մեր բուկլետները բաժանվելու են մի քանի հյուրանոցներում ևս: Այդ բուկլետներից կարելի է տեղեկանալ, որ մայիսի 18-ին մասնակից թանգարանների մուտքն անվճար է ժամը 10-ից մինչև 18-ը, իսկ Թանգարանների գիշերը, որ նշվում է մայիսի 18-ի ամենամոտ շաբաթ օրը, մարդկանց հնարավորություն է տալիս անվճար թանգարան այցելելու ժամը 18-ից մինչ կեսգիշեր, թեև բաց են առավոտվանից: Որոշ թանգարաններ իրենց իսկ նախաձեռնությամբ կարող են անվճար ընդունել իրենց այցելուներին նաև մինչև 18-ը, բայց եթե թույլ չտան, սխալ չէ: Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում հիմնականում լինում են դասախոսությունների շարքեր, ցուցահանդեսների բացում, համերգային ծրագրեր, որոնք իրենց ֆորմատով ավելի ցերեկային են: Իսկ ահա Թանգարանների գիշերը իր ժամային գրաֆիկի շնորհիվ հնարավորություն է տալիս լրացուցիչ միջոցառումների ցանկ ներառելու: Սա նաև աշխատող քաղաքացիների համար լավ առիթ է աշխատանքից հետո այցելել թանգարան, դիտել որևէ ցուցահանդես և նախընտրելի միջոցառման մասնակիցը դառնալ: Մարդիկ այս օրերին սպասում են նաև այդ պատճառով, որ թանգարան այցելելով՝ կարող են ցուցահանդեսից բացի համերգ դիտել, այն էլ անվճար: Այդ օրը հասարակությունն արդեն ընկալում է որպես տոն, ինչը շատ ուրախալի է:

- Երևանում հատկապես ո՞ր թանգարաններն են աչքի ընկնում իրենց ակտիվությամբ: Եվ արդյոք բոլո՞ր թանգարաններն են մասնակցում Թանգարանների միջազգային օրվան:

- Կան սիրված թանգարաններ, որտեղ մարդիկ այցելում են անկախ առաջարկվող միջոցառումներից ( Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Ե. Չարենցի տուն-թանգարան և այլն), և կան թանգարաններ, որոնք վերջին շրջանում են միացել ծրագրերին ու փորձում են հնարավորինս ակտիվ լինել, որովհետև հասկացել են՝ այս միջոցառումներին միանալով՝ ավելի ճանաչելի են դարձել հասարակությանը: Սա իրենց համար հանրահռչակվելու, ևս մեկ անգամ հասարակությանը ներկայանալու լավ հնարավորություն է: Լինում են նաև չմասնակցող թանգարաններ, բայց պատճառը չկամենալը չէ, այլ անպայման որևէ ծանրակշիռ պատճառ են ունենում, օրինակ՝ վերանորոգման մեջ են և այլն: Մենք ոչ մեկին չենք պարտադրում: Եթե նույնիսկ երբեմն մեր տեսադաշտից որոշ թանգարաններ դուրս են մնում` իրենք են փորձում ներգրավվել, և մենք սիրով նրանց ներառում ենք մեր ծրագրերում:

- Ի վերջո, ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունեն մեր թանգարանները:

- Թանգարանների խնդիրները տարբեր են՝ ըստ իրենց ուղղվածության և տարածքի չափի: Բարեբախտաբար վերջին շրջանում թե՛ թանգարանային շենքերի վերանորոգումը, թե՛ մշտական ցուցադրությունը փոխելն այնքան էլ մեծ հոգս չէ, որովհետև պետությունն անդրադառնում է այդ խնդիրներին՝ ամեն տարի լուծելով մի քանի թանգարանի շենքային պայմանների վերանորոգման հարցը, ինչը հենց ձեռքբերումների շարքը կարելի է դասել: Վերջին շրջանում, օրինակ, նախարարությունն աջակցեց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանին հանդես գալ վերանորոգված և նոր մշտական ցուցադրությամբ: Մշակույթի նախարարությունը հնարավորության սահմաններում թանգարաններին մեթոդական և ֆինանսական աջակցություն է ցույց տալիս ցուցահանդեսներ, միջոցառումներ կազմակերպելու համար: Թանգարանների ձեռքբերումներից են նաև այցելուների թվի աճը, նոր գտածոների հայտնաբերումը, թանգարանների ֆոնդի հարստացումը: Գովելի է նաև, որ յուրաքանչյուր թանգարան փորձում է իր կայքէջերի և այլ սոցիալական կայքերի միջոցով առավել հասանելի դարձնել իրենց մասին եղած ողջ ինֆորմացիան:

Ուստի մշակույթի նախարարությունը սիրով բոլոր հետաքրքրվածներին հրավիրում է Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը միանալ և հաղորդակից դառնալ մեր թանգարանների կազմակերպած մշակութային այդ մեծ տոներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: