Հայերեն   English   Русский  

​Գերմանացի վիրաբույժները Ալբերտի ողջ մնալը հրաշք են համարել. երկրորդ հրաշքն էլ իրենք են գործել


  
դիտումներ: 17338

Աշխարհի ամենահեղինակավոր կլինիկաներից մեկի՝ Հայդելբերգի համալսարանական կլինիկայի բժիշկ-պրոֆեսորներն ապշած էին ու հիացած՝ տեսնելով 21-ամյա Ալբերտին, որն իր ոտքով, քայլելով հասել էր հիվանդանոց: Մինչ այդ նրանք տեսել էին նրա վիրավոր գլխի ռենտգեն լուսանկարն ու տարակուսել՝ նման վիրավորում ստացած անձն առհասարակ ինչպե՞ս է ողջ մնացել: Բայց Ալբերտը ոչ միայն ողջ է, այլև երկու տարվա համառ պայքարի շնորհիվ կարողացել է վերականգնել շարժունակությունը, տեսողությունը, հիշողությունը, խոսքը, գրել-կարդալու ունակությունը և էլի շատ ու շատ բաներ, որ կորցրել էր 2016 թվականի հունիսի 24-ին:

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի պատմությանն անդրադարձել ենք մի քանի անգամ: Ալբերտը Վանաձորից է: Ընտանիքն ապրում էր Ռուսաստանում, երբ 2015 թ. տղան ինքնակամ թողնում է ուսումը Ռոստովի պետական համալսարանում և վերադառնում Հայաստան՝ անցնելու զինվորական ծառայության:

2016-ի ապրիլյան քառօրյայի ծանր փորձությունը հաղթահարելով՝ հունիսի 24-ին Ալբերտը վիրավորվում է: Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով նրան գլխուղեղի հրազենային ծանր վիրավորում է հասցնում իր դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը: Քրեական այս գործին նույնպես անդրադարձել ենք և հույս ունենք, որ բոլոր մեղավորները կստանան արժանի պատիժ:

Image result for ալբերտ դալլաքյանԻնչևէ, գլխուղեղի հրազենային ծանր վիրավորումից հետո Ալբերտի կյանքը բժիշկները հրաշքով են փրկում, մինչ այդ ապրելու հույս չէին տալիս. 3 ծանր վիրահատություն, գլխուղեղի մոտ 26 տոկոսը հեռացվում է: Մնում էր վերջին վիրահատությունը՝ պլաստիկը, որը պետք է «ծածկեր» գանգոսկրի վնասված հատվածը, բայց պարզվում է, որ Ալբերտը ևս մեկ լուրջ վիրահատության կարիք ունի, հակառակ դեպքում նրա կյանքը մազից է կախված:

Մի քանի բժիշկների հետ խորհրդակցելուց հետո, Ալբերտի մայրը՝ տիկին Արմինեն, հասկանում է, որ նման վիրահատության հաջող արդյունքը միայն Եվրոպայում են երաշխավորում: Ծախսը մեծ էր՝ մոտ 45 հազար եվրո: Գրեթե հույս չկար, որ գումարը շուտ կհավաքվի կամ առհասարակ կհավաքվի: Վճռական ազդեցություն է ունենում պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան կոչը, ինչը տարաբնույթ քննարկումների ու բանավեճերի առիթ է դառնում, այդուհանդերձ հաշված օրերի ընթացքում անհրաժեշտ գումարը հավաքվում է: Մարտի սկզբին Ալբերտը մոր հետ մեկնում է Գերմանիա՝ Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ երկու վիրահատության է ենթարկվում, ևս մեկն ու վերջնականն էլ սպասվում է մոտ մեկ ամսից:

***

«Մեզ շատ լավ ընդունեցին, նույնիսկ հեռվից՝ մոտ 300-400 կմ-ից հայ ընտանիքներ եկել էին օդանավակայան՝ մեզ դիմավորելու,- պատմում է Հայաստան վերադարձած Ալբերտը,- այդ երկու ամսվա ընթացքում մոտ 15 օր մնացել ենք մի հայ ընտանիքի տանը, 15 օր՝ մեկ այլ: Մարդիկ շատ ջերմ էին՝ ամեն հարցով պատրաստ օգնելու: Իսկ հիվանդանոցը շատ ուժեղ էր, սարքավորումները, բժիշկները: Չէի պատկերացնի, որ մոտ 7 ժամ տևած վիրահատությունից 20 րոպե հետո կկարողանամ վեր կենալ: Իսկ ամենածիծաղելին այն էր, որ նարկոզից դուրս գալուց հետո անգլերեն էի խոսում»:

Սակայն վիրահատությունից առաջ գերմանացի բժիշկները լուրջ երկընտրանքի մեջ էին: Բանն այն է, որ մինչ Ալբերտին տեղում հետազոտելը` նախապես ստացված փաստաթղթերով այլ պատկեր է եղել, և բժիշկները չեն պատկերացրել, որ վիճակն այդքան լուրջ է. «Ոնց որ ձուն խփես պատին, ի՞նչ կստացվի, նույնն էլ իմ գլխի մեջ էր, լրիվ ցաքուցրիվ, անոթները մեկը մյուսի վրա ընկած, մի խոսքով՝ ահավոր խառը վիճակ»:

Գերմանացի բժիշկներն անգամ մի պահ մտածել են հրաժարվել վիրահատությունից, քանի որ շատ ռիսկային էր: Սակայն բժշկական կոնսիլիումից հետո որոշել են վիրահատել, բայց ոչ թե գլուխը բացելու միջոցով, այլ փակ եղանակով՝ աճուկային հատվածից հասնելով մինչև գլուխ:

Վիրահատությունը սկսելուց 7 ժամ անց, Ալբերտի վիճակից ելնելով, ստիպված են եղել ընդհատել վիրահատությունը և շարունակել են 10 օր անց, ևս մոտ 7 ժամ: Վիրահատություններին մասնակցել է 13 բժիշկ, որոնցից 6-ը՝ պրոֆեսոր: Եվս երկու պրոֆեսոր սպասել է փոխարինելու, եթե կարիք լիներ:

Մի խոսքով, ծանր վիրահատությունը բարեհաջող է ավարտվել՝ չեզոքացնելով կյանքին ամեն վայրկյան սպառնացող վտանգը:

Տիկին Արմինեն այսօր արդեն հավատում է հրաշքին: Միաժամանակ զարմանում ու զայրանում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտպանության նախարարությանը պաշտոնապես պատասխանել էր, թե հնարավոր է Հայաստանում նման վիրահատություն անել: Մինչդեռ, երբ ինքն առանձին-առանձին զրուցել է վիրաբույժների հետ, ոչ ոք երաշխիք չի տվել նախևառաջ սարքավորումների բացակայության պատճառով: «Ո՞նց կարող են մարդու կյանքի հանդեպ այդքան անփույթ ու անպատասխանատու լինել: Ենթադրենք՝ ես էի ու ստիպված համաձայնում էի, որ վիրահատությունը Հայաստանում անեն: Ի՞նչ է, իմ որդին փորձադա՞շտ էր»:

Իսկ Վիգեն Սարգսյանին ողջ կյանքում է երախտապարտ: Ասում է՝ եթե նրա անմիջական օժանդակությունը չլիներ, դժվար է ասել, թե ինչ կլիներ հիմա որդու հետ: Նա շնորհակալ է բոլոր նրանցից, որոնց շնորհիվ այդ հրաշքն իրականություն դարձավ. «Այն մարդիկ, որ իրենց անձնական միջոցները դրեցին, ամերիկահայ Թագուհի Օհանյանը, որ կազմակերպեց այս ամենը, մեզ դիմավորեց Գերմանիայում, մի քանի օր մնաց մեզ հետ, գերմանացի բժիշկները, որ իրականացրեցին այս բարդ վիրահատությունը, մի խոսքով՝ բոլորից շնորհակալ եմ»:

***

Առաջ, երբ Ալբերտին հարցնում էինք՝ ինչ ծրագրեր, ինչ երազանքներ ունես, ասում էր՝ ոչ մի, քանի դեռ ճակատագրական վիրահատությունն արված չէ: Հիմա, երբ ամենադժվարն արդեն անցյալում է, որոշակի ծրագրեր արդեն կազմել է՝ նախ շարունակել կրթությունը:

Վիրավորվելուց և շուրջ 2 տարի վերականգնողական բուժում ստանալուց հետո Ալբերտը հեռակա կարգով ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ շարունակելով ուսումը: Ռոստովի պետական համալսարանում գերազանց սովորող ուսանողն այսօր դժվարություններ ունի, քանի որ վիրավորվելուց հետո անգամ գրել-կարդալն է զրոյից սկսել, իսկ հիշողությունը շատ դանդաղ է վերականգնվում: Ամեն դեպքում վստահեցնում է, որ եկող ուսումնական տարվանից, երբ վերջնական՝ 7-րդ վիրահատությունն էլ ավարտված կլինի, նոր եռանդով կսկսի սովորել ու մտնել կյանքի բնականոն հուն:

Երբ Գերմանիայում էր, Հայդելբերգի հայ ընտանիքներն առաջարկել են մնալ իրենց մոտ մինչև վերջին վիրահատությունը, բայց Ալբերտն այնքան էր կարոտել Հայաստանը, որ ցանկացել է օր առաջ վերադառնալ և այդ մեկ ամիսն անցկացնել այստեղ: Հարցին, թե հնարավորության դեպքում կցանկանա՞ ընդմիշտ մնալ Գերմանիայում, Ալբերտն ասում է. «Չէ, չեմ մնա, չեմ կարող, բացի այդ, չի կարելի: Եթե դրսում ապրող լինեի, Ռուսաստանից էլ չէի գա ծառայելու: Իմ Հայաստանն ուրիշ է»:

Հ.Գ.

Պետությունն Ալբերտ Դալլաքյանին բնակարանով ապահովելու համար 11 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել: Գումարը նախատեսված է Ալբերտի ծննդավայրում՝ Վանաձորում բնակարան ձեռք բերելու համար: Բայց Ալբերտին դեռ երկարատև վերականգնողական բուժում է պետք, ինչը միայն Երևանում է հնարավոր: Երբ հոդվածը գրելուց առաջ տիկին Արմինեի հետ զրուցում էինք, նա տեղեկացրեց, որ ուզում են Երևանի ծայրամասերից մեկում բնակարան գտնել, բայց տրամադրվող գումարը չի հերիքում, մոտ 2 անգամ քիչ է: Տիկին Արմինեն ասում էր՝ անգամ Վանաձորում 11 հազար դոլարով 3-սենյականոց բնակարան չես կարող գնել: Մի խոսքով, անորոշ վիճակում էին, չէին պատկերացնում, թե ինչպես են լուծելու բնակարանի խնդիրը: Հոդվածն արդեն տպագրվել էր, երբ տիկին Արմինեն զանգեց ու հուզված հայտնեց, որ ինչպես որդու վիրահատության գումարի հարցն է հրաշքով լուծվեց, այսպես էլ բնակարանի հարցն է լուծվում:

Պետության տրամադրած 11 հազար դոլարից բացի, տիկին Արմինեն կարողացել էր պարտքով մի քանի հազար դոլար ձեռք բերել: Երբ Էրեբունիում մատչելի գնով բնակարան էին գտել, բայց բնակարանի ձեռք բերման համար որոշակի գումար պակասում էր, կրկին օգնության են հասել արդեն բոլոր զինհաշմանդամների համար թև ու թիկունք դարձած՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը: Տիկին Արմինեն իր երախտագիտությունը կենտրոնին ու Արմեն Մուրադյանին ուզում է հրապարակավ հայտնել՝ նշելով, որ այս տարիների ընթացքում չի եղել մի հարց, որն անտարբերության մատնվեր. «Իսկապես երախտապարտ եմ, շնորհակալ: Ամենամոտ, սրտացավ հարազատի պես ամենադժվար պահերին պարոն Մուրադյանն ու Հայկուհի Մինասյանը միշտ մեր կողքին են եղել...»:






Մեկնաբանություններ - 2

Gug Aananyan     22.05.2018 Zangahareci xmbagrutyun asumen zinvori mayrn e harcazruyc tvel es aeci vor cem havatum vor herosi mayr@ harcazruyc e tvel ev ci nshel Taguhu anun@ dzer (HARGELI LRAGROX DZER NYUT@ TERI E EV VOC MI KAP CUNI IRAKANUTYAN HET)

Nune Yolyan     22.05.2018 dzer nyuti veraberyal djgohutyun ka cavoq. Kan mardkanc anunner (Taguhi Ohanyan) voronq duk cheq nshel
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: