Հայերեն   English   Русский  

Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել. նրան ուզում են զրկել պատգամավորական անձեռնմելիությունից


  
դիտումներ: 255

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Evrensel պարբերականը:

Անկարայի հանրապետական դատախազության կողմից կազմված պահանջագրում նշվում է, որ Փայլանը Կանադայի հայկական Horizon Weeklyպարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թուրքիայում ցեղասպանություն է իրականացվել և այն դեռ շարունակվում է»: Այս հայտարարության հետ կապված հայ օրենսդիրի դեմ բողոք է ներկայացրել թուրք պրոֆեսոր Այգյուն Աթարը: Բողոքին ընթացք է տրվել և սկսվել է հետաքննություն:

Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջագրում ասվում է, թե նա «հրապարակայնորեն նվաստացրել է Թուրքիայի Հանրապետությունն ու Թուրքիայի կառավարությունը, վիրավորել է հանրապետության նախագահին»:

Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածը ենթադրում է, որ հանցանք գործած պատգամավորը չի կարող հարցաքննվել, ձերբակալվել կամ կալանավորվել առանց մեջլիսի համապատասխան որոշման: Հետևաբար, դատախազությունը պետք է հատուկ դիմում ուղարկի Թուրքիայի արդարադատության նախարարությանը, որպեսզի վերջինն էլ դիմի մեջլիսի նախագահությանը:

Թուրքիայի մեջլիսի նախագահություն ներկայացվելուց հետո հարցը քննարկման է դրվում հատուկ հանձնաժողովում, որի կազմում են մեջլիսի սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո պատրաստում է համապատասխան զեկույց, որը վերջնական քվեարկության է դրվում մեջլիսի նիստիժամանակ:

Պատգամավորներն իրավունք ունեն ինչպես հանձնաժողովում, այնպես էլ մեջլիսի նիստի ժամանակ հանդես գալ պաշտպանական խոսքով: Անձեռնմխելիությունից զրկվելու պարագայում նրանք կարող են հարցը բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածըենթադրում է քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր վիրավորում են թուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետական կառույցներին, զինծառայողներին և իրավապահներին:

Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար ժամանակին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումների էին ենթարկվել «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: