Հայերեն   English   Русский  

Գինու աշխարհահռչակ թանգարան La cite du Vin -ը հյուրընկալել է հայկական գինիները


  
դիտումներ: 1050

Արդեն մի քանի օր է, ինչ աշխարհահռչակ «Գինու քաղաք» թանգարանում անցկացվում են հայկական գինու օրեր՝ «Հայաստան՝ գինու նվիրական երկիր» խորագրով:

2017-թ նոյեմբերին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և La cite du Vin թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ համաձայն որի 2018-ի մայիսից սկսած` մեկ տարի շարունակ թանգարանում պարբերաբար կանցկացվեն հայկական գինու օրեր։

Միջոցառումների մեկնարկին ընդառաջ՝ ՀԽԳՀ տնօրեն Զարուհի Մուրադյանը և փորձագետ Անահիտ Դավթյանը վարպետության դասեր են անցկացրել թանգարանի աշխատակազմի համար: Վերջիններս հետագայում պետք է այցելուներին ներկայացնեն հայ գինեգործության պատմությունն ու ավանդույթները, հայկական գինիները և խաղողի տեղածին սորտերի առանձնահատկությունները։

Միջոցառման պաշտոնական բացումից դեռ շաբաթներ առաջ բոլոր տոմսերը վաճառվել էին: Այցելուները մեծ հետաքրքրությամբ հետևեցին հայ գինեգործությանը նվիրված շնորհանդեսին և վայելեցին հայկական խաղողի տեղածին սորտերից պատրաստված բացառիկ գինիները:

Այցի շրջանակներում եղան հանդիպումներ գինու առաջատար փորձագետների հետ, ինչպես նաև հայկական գինիների շնորհանդես և համտեսներ անցկացվեցին Փարիզի, Բորդոյի և Տուլուզի հայ համայնքների ներկայացուցիչների և ֆրանսիացիներմուծողներիհամար:

Հայկական գինիների շնորհանդեսները կազմակերպվել են Փարիզում գործող Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորման աջակցությամբ՝ ՀԽԳՀ հետ համագործակցության շրջանակներում:

ՀԽԳՀ տնօրեն Զարուհի Մուրադյանը նշում է. «Չափազանց բարձր եմ գնահատում հայկական միջոցառումների կազմակերպումը աշխարհում գինու մասնագիտացված լավագույն թանգարանում, և վստահ եմ, որ այն էապես նպաստելու է մեր գլխավոր առաքելության իրականացմանը, այն է՝ բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունն ու պահանջարկն աշխարհում: Ֆրանսիացիների բարձր գնահատականները մեր գինիներին բավականին ոգևորիչ են, քանի որ սա վկայում է մեր գինիների բարձր որակի և միջազգային գինեսերի քիմքին բավարարող հատկություններով օժտված լինելու մասին»:

Նշենք, որ թանգարանը բացառիկ է իր տեսակով և տարեկան հյուրընկալում է շուրջ 450.000 այցելու աշխարհի տարբեր երկրերից: Իրադարձային տարում La Cite du Vin թանգարանում ներկայացված կլինեն 42 տեսակի հայկական գինիներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: