Հայերեն   English   Русский  

​Դրախտիկի 21 հրեշտակները գիտեն՝ ինչպես գյուղն արժանի դարձնել անվանը


  
դիտումներ: 4461

Ոմանք դրախտը երկնքում են փնտրում, ոմանք՝ երկրի վրա, ոմանք էլ պարզապես նստում են ավտոմեքենա, հասնում Գեղարքունիքի մարզ, Դրախտիկ գյուղ:

Սևանա լճի հարևանությամբ, Արեգունի լեռների հարավային լանջերին ծվարած այս փոքրիկ հրաշք բնակավայրն առաջիկայում կարող է լիովին արժանի լինել իր անվանը: 21 երիտասարդները, ավելի ճիշտ՝ Դրախտիկի 21 հրեշտակներն արդեն իսկ անցել են գործնական քայլերի անտեսված ու տխուր այս գյուղն իրական դրախտավայրի վերածելու նպատակով:

Դրախտիկ

Ծովինար Սարգսյանը 21 հրեշտակներից մեկն է: Պատմում է, թե ինչպես մի քանի ամիս առաջ ծնվեց Դրախտիկը դրախտ դարձնելու գաղափարը և թե ինչ որոշակի քայլեր են կատարվել այդ ուղղությամբ:

«Մեր թիմում կային անհատներ, որոնք մինչ այս Դրախտիկ գյուղի հետ կապ են ունեցել,- պատմում է Ծովինարը:- Երբ գյուղի բնակիչներից մեկը որոշել է իր տունը վաճառել, մեր թիմակիցներից մեկն իր ընկերներին առաջարկել է միասին գնել և իբրև համասեփականատեր վերանորոգել այն, զարգացնել և տարբեր նպատակներով օգտագործել»:

Սակայն այդ տնով հետաքրքրվողների շրջանակն աստիճանաբար մեծացել է՝ վերածվելով սոցիալական ձեռներեցության գաղափարի, որի նպատակը գյուղի զարգացումն է, իսկ ծրագիրը նախատիպային և վարակիչ օրինակ դարձնելը:

«Բոլորը ձգտում են դեպի քաղաք, բայց մարզերում ու գյուղերում կան մեծ հնարավորություններ, և դա չօգտագործել, դրա կողքով անտարբեր անցնել ուղղակի չի կարելի, հատկապես եթե պատասխանատու քաղաքացի ես»,- ասում է Ծովինարը՝ հիշեցնելով, որ եվրոպական երկրներում ընդունված մոդել է, երբ քաղաքաբնակները, զարգացման պատասխանատվություն կրող մարդիկ ոչ զարգացած կամ վերացող գյուղերում տներ են գնում, շունչ հաղորդում, և գյուղը սկսում է զարգանալ:

Առաջին փուլը՝ ծրագրի մշակում, սեփականության ձեռքբերում և այլն, ավարտվել է, մնում է տարածքը վերանորոգել, բարեկարգել և անցնել ծրագրի իրականացմանը:Mayis Margaryan-Õ« լուսանկարը:

Ծրագիրը մի քանի ուղղությամբ են զարգացնելու: Նախ՝ գյուղը դարձնել զբոսաշրջային գոտի. զբոսաշրջիկները կայցելեն, կծանոթանան գյուղի առօրյային, հաճելի ժամանակ կանցկացնեն և այլն: Բացի այդ, թիմում կան մարդիկ, որոնք արշավներ են կազմակերպում, գյուղը կներառվի նաև արշավային ծրագրերում:

Հաջորդ ուղղությունը գյուղը «քաղաքից դուրս» ֆորմատով քննարկումների հարթակ դարձնելն է. «Այստեղ կարող են գործարարներն այցելել, հանգիստ պայմաններում աշխատել, սթարթափներ քննարկել»: Որպես օրինակ Ծովինարը մատնանշում է «Sevan Startup Summit» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած ծրագրավորողներ: «Դա վկայում է այն մասին, որ Սևանի պասիվ գոտիները նույնպես կարելի է օգտագործել և՛ բիզնեսի զարգացման, և՛ գյուղատնտեսության, և՛ զբոսաշրջության նպատակներով»:

Մյուս ուղղությունն այն է, որ թիմակիցներն իրենց ընտանիքներով, ընկերներով գնան գյուղ՝ ժամանակ անցկացնելու և հյուրեր տանեն այնտեղ: «Ամենակարևորը՝ այն դառնա նախատիպային, այսինքն, երբ գյուղացիները տեսնեն, թե վերջնարդյունքում ինչ է ստացվում, ինչ օգուտներ կարելի է քաղել, կարող են իրենք էլ կրկնօրինակել՝ գնել, վերակառուցել և դարձնել հանգստյան գոտի կամ մեկ այլ բան»:

Ի՞նչ ռեսուրսներ ունի գյուղը գրավիչ զբոսաշրջային գոտու վերածվելու համար:

Mayis Margaryan-Õ« լուսանկարը:Ծովինար Սարգսյանը կարծում է, որ գյուղի ռեսուրսներն իրականում շատ են, պարզապես ոչ միայն այս գյուղի դեպքում, այլև առհասարակ այդ ռեսուրսնեը ճիշտ չեն գնահատվում և օգտագործվում: «Գյուղը Սևանի կողքին է, 2-3 կմ հեռավորության վրա: Բայց շատ հաճախ մեզ մոտ Սևանի պոտենցիալը դիտարկվում է զուտ լողավազանի տեսանկյունից: Սևանն իրականում շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան միայն գնալ, լողալ, հաց ուտել ու վերադառնալն է: Այս գյուղի գրավչությունը հենց ափից հեռու, բայց միաժամանակ մոտ լինելն է»:

Այս պահին թիմը նաև գյուղի հողատարածքների գնահատում է իրականացնում՝ պարզելու, թե գյուղատնտեսական կուլտուրաների մշակման տեսանկյունից ինչ հնարավորություններ կան: Տունը գյուղի վերջնամասում է, լեռան լանջին, շուրջն էլ հսկայական մարգագետնային տարածք, որտեղ հետագայում ծրագրի հեղինակները մտադիր են ճամբար հիմնել:

Stella Sarukhanyan-Õ« լուսանկարը:Գյուղացիները նույնպես ոգևորված են ծրագրով, պատրաստ՝ աջակցելու դրա իրականացմանը. «Ճիշտ է, հիմա իրենք դեռևս նախաձեռնողի և առաջադրողի դերում չեն, բայց հույս ունենք, որ տեսնելով ծրագրի հաջողությունը՝ իրենք էլ բիզնես գաղափարներով, նոր մտահղացումներով հանդես կգան: Այսինքն, թե՛ իրենք մեզ ինչ- որ բան կառաջարկեն, թե՛ մենք իրենց միտք և ուղղություն կտանք, և գյուղում նաև աշխատատեղեր ստեղծելու հնարավորություններ կստեղծվեն»:

Ուզում են, որ այս գյուղն էլ իր բրենդն ունենա և տարբերվի, ինչպես, ասենք, որոշ գյուղեր տարբերվում են իրենց խնձորով, գազարով, գինիով, թթով և այլն: «Մենք աշխատում ենք գյուղի անվան ուղղությամբ»,- ծիծաղելով ասում է Ծովինարը:

Ծրագրի մեկնարկից կարճ ժամանակ անց Դրախտիկի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է: Արդեն շատերն են գյուղում նմանատիպ տուն փնտրում, որպեսզի համատեղ հիմքերով գնեն ու զարգացնեն: Գյուղով հետաքրքրված են նաև Հայաստանում գործող որոշ միջազգային կազմակերպություններ: Ավելին, պատրաստ են աջակցել, ներդրումներ կատարել, որպեսզի «հրեշտակների» ծրագիրն իրականանա:

Heghine Kirakosyan-Õ« լուսանկարը:Առաջին անգամ ոտք դնելով Դրախտիկ, որտեղ արդեն սեփականություն ուներ, Ծովինարն անասելիզգացողություններ է ապրել. «Ուղղակի ֆանտաստիկ էր. մաքուր բնություն, մաքուր օդ, խաղաղություն, լրիվ կտրվում ես աշխարհից. և՛ Սևանի ափին ես, և՛ ափին չես: Այսինքն, եթե ուզում ես ժամանակդ ավելի աշխույժ անցկացնել, 1-2 կմ է դեպի Սևան: Եթե պասիվ հանգստի սիրահար ես, խնդրեմ, դաշտեր, արոտավայրեր, ուղղակի հրաշք է»:

Դրախտիկի 21 հրեշտակներից շատերն իրար անձամբ չէին էլ ճանաչում, շփվում էին սոցիալականցանցերով, երբ որոշեցին միանալ այս ծրագրին: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունն ու հետաքրքրությունները: Ծովինարը տնտեսագետ-մարքեթոլոգ է, թիմում կան իրավաբաններ, բնապահպաններ, լեզվաբան, գյուղատնտես, ինժեներ, լրագրող, բանկային գործի մասնագետ և այլն, բայց նրանց բոլորին միավորում է մի գաղափար՝ վերածնել հեռավոր ու մոռացված գյուղը:

«Հրեշտակները» հավատում են, որ իրենց հաջողվելու է Դրախտիկն իրական դրախտավայր դարձնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: