Հայերեն   English   Русский  

​Դավիթ Խիթարյան. «Որակական առումով բավական մեծ առաջընթաց է նկատվում»


  
դիտումներ: 3359

Մայիսի 5-ին Երևանում կայացավ Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված ձյուդոյի մրցաշար 2005-2006 թթ. և 2007-2009 թթ. ծնված դեռահասների միջև: Ավանդական դարձած այս մրցաշարին մասնակցեց Հայաստանի 11 քաղաքների 23 թիմերի շուրջ 310 մարզիկ, որոնցից շատերն արժանացան գավաթների, դիպլոմների և նվերների:

«Անկախի» հետ զրույցում «Զեյթուն» մարզական ակումբի նախագահ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ձյուդոյի բաժնի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը կարևորում է նման մրցաշարերի անցկացումը ռազմահայրենասիրական դաստիարակության առումով, խոսում սաների ելույթների և ոլորտում առկա խնդիրների մասին:

- Պարո՛ն Խիթարյան, «Զեյթուն» մարզական ակումբն արդեն 9-րդ տարին անընդմեջ իր աջակիցների հետ հանդիսավոր կազմակերպում և անցկացնում է «Շուշիի գավաթ» մրցաշարը: Նախապես որոշված էր հանրապետական այս մրցաշարը դարձնել միջազգային, ի՞նչը խանգարեց:

- «Զեյթուն» մարզական ակումբն անցկացնում է հանրապետական և միջազգային կարգի չորս մրցաշար, այդ թվում նաև «Շուշիի գավաթ» մրցաշարը: Այս տարի նպատակադրվել էինք և բոլոր նախապայմանները ստեղծել էինք մրցաշարը միջազգային դարձնելու համար: Մասնակցության հայտեր էին ներկայացրել Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը: Սակայն մրցաշարը համընկավ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների հետ, և մեր մտահոգված գործընկերները վերջին պահին հրաժարվեցին մասնակցելուց: Մենք էլ չէինք կողմնորոշվում` մրցաշարն անցկացնե՞լ, թե՞ հետաձգել, քանի որ անգամ քաղաքի մեջ տեղաշարժվելն էր խնդիր դարձել: Այնուամենայնիվ, վերջին պահին որոշեցինք օրացուցային պլանով նախատեսված մրցաշարը չտեղափոխել:

- Ուրախալի է, որ կազմակերպչական առումով եղան նորամուծություններ: Երկրպագուները գոտեմարտերին առցանց հետևելու հնարավորություն ստացան:

- Մրցաշարը բավական ընդգրկուն ստացվեց: 23 թիմերի շուրջ 310 մարզիկ մասնակցեց պայքարին: Նշեմ, որ մասնակիցներ ունեցանք Արցախից և Հայաստանի հեռավոր մարզերից:

Մեր հիմնական նպատակն է ոչ միայն բարձրացնել պատանի մարզիկների ֆիզիկական պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական ունակությունները, այլև նրանց ռազմահայրենասիրական և հոգևոր պատրաստության մակարդակը: Այդ առումով մրցաշարը կարելի է ստացված համարել: Տարիներ շարունակ մեր մրցաշարի հյուրն է Արցախի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որ Շուշիի ազատագրման գործողությունների անմիջական ղեկավարներից է, նրա ներկայությունն ու ջերմ խոսքը ոգևորում են երեխաներին:

Բացի այդ, ձյուդոյի այս մրցաշարն առանձնացավ նորարարական մոտեցումներով: Երկրպագուները հնարավորություն ունեցան առցանց հետևելու գոտեմարտերին: Մրցաշարն ավելի հասանելի դարձավ ձյուդոյի երկրպագուների, երեխաների ծնողների ու հարազատների համար, որոնք հնարավորություն չունեցան ներկա գտնվելու դահլիճում: Սա կարևոր է ձյուդոյի մասսայականացման համար:

2005-2006 թթ. և 2007-2009 թթ. ծնվածները պայքարեցին մրցաշարում երկու տարիքային խմբերում: Մրցանակակիրներն արժանացան գավաթների, դիպլոմների ու նվերների: Մի շարք դրական արձագանքներ ենք ստացել ծնողներից, մարզիչներից և մարզական կազմակերպություններից, քանի որ մրցաշարն անցել է բարձր մակարդակով: Մեր առջև դրված բոլոր խնդիրները կատարել ենք:

Ձյուդոն մասսայական մարզաձև է: Մասնակիցների թիվը գոհացուցիչ էր, չնայած քաղաքական իրավիճակից ելնելով՝ ոչ բոլոր թիմերն էին մասնակցում: Ուրախությամբ կարող եմ նշել, որ որակական առումով բավական մեծ առաջընթաց է նկատվում:

- Վերջերս Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական պատանեկան մարզադպրոցի և «Զեյթուն» մարզական ակումբի սան Մերուժան Սարգսյանը հաջող հանդես եկավ Եվրոպայի գավաթի առաջնությունում` նվաճելով բրոնզե մեդալ: Ուրախալի է, որ երիտասարդները հաջող են հանդես գալիս նաև միջազգային հարթակներում:

- Երիտասարդ մարզիկ, 66 կգ քաշային Մերուժան Սարգսյանն ընդգրկված է հավաքականի կազմում և վերջերս անընդհատ հաջողություններ է գրանցում: Արդեն երկրորդ մրցաշարն է անցկացնում Եվրոպայի գավաթի առաջնություններում: Անցած առաջնության ժամանակ 7 գոտեմարտ անցկացրեց և 5-ում հաղթանակ տոնեց ու զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Այս անգամ արդյունքն ավելի հաջող էր: Լիտվայում կայացած առաջնության ժամանակ 6 գոտեմարտ անցկացրեց, որից 5-ում հաղթեց՝ գրավելով 3-րդ մրցանակային հորիզոնականը: Մեզ համար ողջունելի է այս ձեռքբերումը: Հետևել եմ գոտեմարտերին և պետք է ասեմ, որ դեռ աշխատանք կա անելու: Նրա հնարավորություններն ավելին են, նա կարող է ավելի բարձր արդյունքների հասնել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձյուդոյի հավաքականի մարզիչ Հովհաննես Դավթյանին, որի նվիրված աշխատանքի շնորհիվ մեր մարզիկներն ավելի նպատակասլաց են դարձել, կազմակերպված մասնակցում են մրցաշարերին: Հավաքականի մարզիչը և ես` որպես անձնական մարզիչ, նայում ենք միևնույն ուղղությամբ, գործում ենք միակերպ, և արդյունքը տեսանելի է դառնում մեր համատեղ աշխատանքում: Եթե հավաքականի մարզիչը մի բան ասի, իսկ անձնական մարզիչը՝ մի ուրիշ, մարզիկը չի կարողանա ճիշտ կողմնորոշվել: Որպես փորձառու մարզիչ` աշխատում եմ հավաքականի մարզչի ուղղորդած գծին համահունչ մարզումներ կազմակերպել:

- Ամիսներ առաջ տպագրվեց Ձեր անդրանիկ «Ձյուդո» ուսումնա-մեթոդական ձեռնարկը, որը կարևոր ուղեցույց կարող է լինել մարզիչների համար:

- Ձեռնարկը գիտա-մեթոդական կարևոր նշանակություն ունի: Ցավոք, գրքի կիրառումը դեռևս բավարար չէ, որովհետև չկան այն լծակները, որոնք մարզադպրոցների մարզիչներին կստիպեն աշխատել նոր ուղղություններով, ոճերով և մեթոդներով: Վերջերս հեռուստատեսությամբ դիտեցի «Փոքրիկ տաղանդներ» հաղորդումը, որին մասնակցում էր մի վանաձորցի ձյուդոյիստ երեխա: Նա սխալներ թույլ տվեց գոտին կապելիս և տերմիններ օգտագործելիս: Ժամանակ է պետք, որպեսզի նախ մարզիչները, հետո մարզիկները տիրապետեն բոլոր նրբություններին: Հնարավոր է՝ մարզիկը ճիշտ և անսխալ է կատարում հնարքը, սակայն անթույլատրելի է, երբ նա չգիտի ճիշտ անվանումը և օգտագործում է օտար տերմին: Բարձրակարգ մարզիչն ու մարզիկը պարտավոր են իմանալ ճիշտ տերմինաբանությունը, որովհետև արտերկրում ուսումնա-մարզական հավաքների, համատեղ փորձի փոխանակման ժամանակ տպավորությունը գոհացուցիչ չի լինի: Այդ հարցերին մեր ակումբը մեծ ուշադրություն է դարձնում, և պետք է նշեմ, որ Հայաստանի մարզիչներից միայն երկուսը` Լևոն Գևորգյանը և Մխիթար Խաչատրյանն են հանձնել որակավորման քննություններ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայում և ստացել միջազգային մարզչի որակավորում: Նրանք ներկայացնում են «Զեյթուն» մարզական ակումբը: Ես հորդորում եմ մարզադպրոցների ղեկավարներին, որ ուշադրություն դաձնեն այս հանգամանքին, առաջնորդվեն Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պահանջներով, որպեսզի ունենանք բարձրակարգ մարզիչներ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: