Հայերեն   English   Русский  

​Պայմանագիր


  
դիտումներ: 4522

Նախորդ համարներում խոսել ենք գործարքների մասին։ Մեր կյանքում պայմանագրի միջոցով գործարք կնքելը բավական տարածված երևույթ է։ Իսկ ի՞նչ գիտենք պայմանագրերի մասին։

Պայմանագրի օրենսդրական սահմանումը հետևյալն է:

Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Պայմանագրերը՝ ըստ հատուցելիության, լինում են երկու տեսակ՝ հատուցելի և անհատույց։ Պայմանագիրը, որով կողմն իր պարտականությունների կատարման համար պետք է վճար կամ այլ հանդիպական կատարում ստանա, հատուցելի է: Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով մի կողմը պարտավորվում է որևէ բան տրամադրել մյուս կողմին` առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու։

Պայմանագրերի հիմքում ընկած է պայմանագրային ազատության սկզբունքը, այսինքն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս:

Պայմանագրի ազատությունը հետևյալն է:

Նախ՝ պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Երկրորդ՝ կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր: Երրորդ՝ կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Չորրորդ՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով։ Հինգերորդ՝ այն դեպքերում, երբ պայմանագրի պայմանը նախատեսված է նորմով, որը կիրառվում է, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ (դիսպոզիտիվ նորմ), կողմերը կարող են իրենց համաձայնությամբ բացառել այդ նորմի կիրառումը կամ սահմանել դրանում նախատեսվածից այլ պայման:

Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ պայմանագրային ազատության սկզբունքն ունի մի շատ կարևոր բացառություն, այն է՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կողմերի համար պարտադիր կանոններին, այսպես կոչված իմպերատիվ նորմերին:

Շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: