Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահի թեկնածու Դողու Փերինչեքը խոստացել է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից


  
դիտումներ: 204

Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածու, «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից:

Ըստ նրա՝ դաշինքը Անկարային որպես թշնամի է դիտարկում չնայած նրան, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ է մտնում 1953 թ-ից: «Միացյալ Նահանգները օգնում են քրդական ահաբեկչական խմբավորումներին՝ նրանց զենք մատակարարելով, ուստի Թուրքիան և ԱՄՆ-ն արդեն իսկ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ են»,- ասել է Դողու Փերինչեքը:

Փերինչեքը մեկնաբանել է, որ իր հաղթանակի դեպքում ամերիկյան ինքնաթիռները Ինջիրլիքի ավիաբազիայից «կվերադառնան տուն», իսկ հենց ավիաբազան ամբողջությամբ կանցնի թուրք զինվորականների ձեռքը: Վերջինս հանդես է գալիս Պեկինի և Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման օգտին, ինչպես նաև կոչ է անում դադարեցնել Բրյուսելի հետ համագործակցությունը:

Դողու Փերինչեքը ակտիվորեն հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Այսպես, գտնվելով Շվեյցարիայում, Հայոց ցեղսպանությունն անվանել է «մեծ միջազգային սուտ»: Տեղի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ռասայական խտրականության համար՝ դատապարտելով 90 օրվա կալանքի և 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շվեյցարական իշխանությունների որոշումն անօրինական է ճանաչել՝ նշելով, որ այն խախտում է Փերինչեքի ազատ արտահայտման իրավունքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: