Հայերեն   English   Русский  

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը հարվածել է համալսարանի վարորդին. նյութերը կուղարկվեն ՀՀ ոստիկանություն


  
դիտումներ: 2046

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված հայտարարություն է տարածել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շուրջ երկու օր քոլեջի աշակերտները և դասախոսները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված տնօրեն Սերգեյ Խառատյանին, ով մայիսի 18-ին աշխատանքից հեռանալու դիմում էր ներկայացրել, ինչից հետո դասախոսական կազմն ու ուսանողները դասադուլ և գործադուլ են սկսել:

Ինչպես տեղեկացրին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սույն թվականի մայիսի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի էր ունեցել միջադեպ:

«Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդը անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից և այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա: Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը և համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են և հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից:

Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Խառատյանը մայիսի 18-ին ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին:

Միաժամանակ, ներկայումս Ս.Խառատյանի նախաձեռնությամբ, իր մտերիմների միջոցով քոլեջի մուտքը փակել են՝ իրեն որպես տնօրեն հետ բերելու պահանջով, ինչի հետևանքով մայիսի 18-ից քոլեջի բնականոն գործունեությունը խաթարվել է:

Ս. Խառատյանը դրսևորել է կրթական հաստատության ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ, ինչի գիտակցումով էլ, հավանաբար, ներկայացրել է ազատման դիմում: Անհասկանալի է այժմ նրա մտերիմների միջոցով իրականացվող բեմականացման պատճառը և այն կեղծ ահազանգերը, որոնցով նրանք դիմում են լրատվամիջոցներին՝ ներկայացնելով իբր թե չգիտեն քոլեջի տնօրենի պաշտոնակատարի ազատման պատճառը:

Որպես կանոն՝ ՀՊՏՀ ղեկավարությունը զուսպ է նման լուրերին արձագանքելու հարցում, այս դեպքում ևս ցանկալի չէր ցավալի միջադեպի հրապարակայնացումը, սակայն, ցանկանում ենք ընդգծել, որ անընդունելի է փաստերի աղավաղմամբ նման ապատեղեկատվության տարածումը քոլեջի տնօրենի պաշտոնակատարի մտերիմների կողմից:

Քոլեջի ղեկավարի հանցավոր արարքի պատճառով հեղինակազրկվում է համալսարանը և քոլեջը, որոնք, որպես կրթական հաստատություն, իսկապես այս ընթացքում լուրջ հաջողություններ են արձանագրել:

Միջադեպի վերաբերյալ ներկայացվածը հավաստելու համար կցում ենք վարորդի բացատրագիրը, պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության տնօրենի նամակը, ինչպես նաև Սերգեյ Խառատյանի դիմումը:

Ի դեպ, ՀՊՏՀ ղեկավարությունը պատրաստվում է սույն նյութերը ներկայացնել ՀՀ ոստիկանություն՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: ՀՊՏՀ ղեկավարությունը այս մասին պատշաճ կարգով կտեղեկացնի նաև ԿԳ նախարարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: