Հայերեն   English   Русский  

Իլհամ Ալիևի դստրերը վերահսկում են «Pasha Holding»-ի միլիարդավոր դոլարները


  
դիտումներ: 167

Այն պայմաններում, երբ Ադրբեջանում կենսամակարդակը կտրուկ նվազել է, «Pasha Holding» ընկերությունը սկսել է ընդլայնվել, գրում է ադրբեջանական «Մեյդան» կայքը: Ստորև ներկայացնում ենք ընկերության ընդլայնման վերաբերյալ կայքի անդրադարձը:

Բազմապրոֆիլ ադրբեջանական «Pasha Holding» ընկերությունը իր մեջ ներառում է հսկայական ծառայություններ մատուցող մոտ 100 ընկերություն: Թեև ընկերության ակտիվները հիմնական կենտրոնացած են Ադրբեջանում, այն իր գործունեությունը չի սահմանափակել միայն դրանով՝ ընդլայնվելով մինչև Թուրքիա, Վրաստան և Չերնոգորիա:

«Pasha Holding»-ը նախկինում ղեկավարել է Արիֆ Փաշաևը՝ Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հայրը: Սակայն 2013 թ-ի Ա. Փաշաևը ընկերության ղեկավարությունը հանձնել է իր թոռնուհիներին՝ Ադրբեջանի նախագահի դուստրեր Արզու և Լեյլա Ալիևաներին:

2015 թ-ին ազգային արժույթի արժեզրկումը հանգեցրել է Ադրբեջանում կենսամակարդակի նվազեցման: Ադրբեջանական բանկերի մեծամասնությունը մինչ արժեզրկումը իրենց հաճախորդներին վարկեր են տրամադրել դոլարով: «Pasha Holding»-ի ակտիվները 2013 թ-ին գնահատվել է 3.3 մլրդ դոլար, մինչդեռ 2017 թ-ին այն դարձել է 4.1 մլրդ դոլար: Այդ տարի այն կազմել է Ադրբեջանի պետական բյուջեի ավելի քան 40 տոկոսը:

Հաշվի առնելով, որ «Pasha Holding»-ի բիզնեսը Ադրբեջանում կառավարվում է ազգային արժույթով, հարց է առաջանում՝ եթե ընկերության ակտիվների արժեքը 2013 թ-ին կազմել է 2.6 մլրդ մանաթ, ապա ինչպե՞ս է այդ գումարը 2017 թ-ին կազմել 6.9 մլրդ մանաթ, ինչպե՞ս է «Pasha Holding»-ը երկրում ազգային արժույթի արժեզրկման պայմաններում նման աճ գրանցել:

«Pasha Holding» ընկերության մասին ստույգ տեղեկություններ չկան: Բացի այդ, հնարավոր չէ տեղեկություններ ստանալ հոլդինգի մեջ մտնող այլ ընկերությունների (Pasha Concrete, Pasha Construction, PMD Group, Amal Invest Group) եկամուտների մասին, քանի որ դրանք հրաժարվել են նման զեկույցներ հրապարակել առևտրային կազմակերպությունների ռեգիստրում: Սակայն որոշ տեղեկություններ հասարակության համար դեռևս բաց են:

2009 թ-ին մայրաքաղաք Բաքվի Շուշինսկի փողոցի բնակիչները ստիպողաբար տեղահանվել են իրենց բնակարաններից: Այդ հատվածում տները քանդվել են: Որպես պաշտոնական պատճառ նշվել է բնակիչների «տարհանումը», քանի որ այդ տարածքը պետք է պետությանը: Այդ շրջանում պետք է կառուցվեր նախագահ Իլհամ Ալիևի նստավայրը: Սակայն նախագահական պալատների մասին վերջին անգամ 2017 թ-ին հրապարակված ցուցակում նման սեփականություն նշված չէ, մինչդեռ տվյալ տարածքում կառուցվել է շքեղ բնակելի համալիր: Հիմա այնտեղ բնակվում են Ադրբեջանում գործող տարբեր դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Այդ համալիրը՝ հայտնի «Baku City Villas» անվամբ, պատկանում է «Pasha Holding»-ին:

«Pasha Holding»-ին է պատկանում նաև Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում գործող «Pasha Bank»-ի ակցիաների 60 տոկոսը: 2017 թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի համախմբված ֆինանսական հաշվետվության ակտիվները կազմել են 3 457 000 000 մանաթ, իսկ բանկի ընդհանուր կապիտալը կամել է 372 700 000 մանաթ:

Բացի այդ, «Pasha Holding»-ին է պատկանում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Պոլիմերային գործարանի 10 տոկոս բաժնեմասը: Գործարանը ներկայումս կառուցվում է և շահագործման կհանձնվի 2018 թ-ի կեսերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: