Հայերեն   English   Русский  

«Բացեք ճանապարհ Հայաստանում աղմկահարույց գործերի բացահայտման համար». Լենա Նազարյանը պահանջեց Գլխավոր դատախազի հրաժարականը


  
դիտումներ: 297

Ազգային ժողովում այսօր քննարկվեց դատախազության 2017-ի գործունեության մասին հաղորդումը:

«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում անդրադարձավ Մարտի 1 -ի գործին և դատախազությանը մեղադրեց իր գործառույթները չկատարելու մեջ:

«Աժ-ում լսումների ժամանակ դատախազության ներկայացուցչից իմացանք, որ նախաքննությունը, ինչպես տասը տարի առաջ, առանց մի քայլ առաջընթացի դեռ փորձում են պարզել 10 մարդու սպանության անմիջական կատարողներին: Նախաքննությունը չի կարողանում պարզել, թե 4 ենթասպաներից, որոնց անունները հայտնի են, ում «Չերյոմուխա 7» զինատեսակի կրակոցից են սպանվել Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը: Անցած 10 տարիները Մարտի 1-ի գործի իմաստով ապարդյուն և ձախողված տարիներ են քննչական մարմնի և դատախազության պատմության մեջ»:

Պատգամավորը նշեց՝ այդ լսումներից պարզ է դարձել, որ նախաքննությունն ընդհանրապես չի դիտարկում կրակելու հրամանը տվողների և այդ սպանությունների կապը.«Քննությունը չի փորձում պարզել, թե արդյոք սպանությունների պատճառ կարող էին լինել այն ժամանակ քաղաքական և ռազմական պաշտոնյաների ապօրինի որոշումները, հրամանները: Իսկ կրակելու հրաման տվողներից առաջինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, ում ի դեպ, դուք, պարոն դատախազ, մերժում եք հարցաքննել՝ պարզելու համար, թե որտեղից Քոչարյանին այն տեղեկությունը, թե ցուցարարները ավտբուսի հետևից կրակել են ոստիկանների վրա: Մինչդեռ կա դատաբժշկական փորձաքննություն, որ ոչ մի հրազենային վնասվածքով ոստիկան չի եղել, և այդ մասով հաստատեց Մարտի 1-ի գործով հանրային լսումների ժամանակ ԱԺ հատուկ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը»:

Լենա Նազարյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ում, որտեղ քննում են Մարտի 1-ի 9 զոհերի դիմումները, պահանջել են ներկայացնել ապացույց, որ ցուցարարները կրակել են ոստիկանների վրա, նման ապացույց չի ներկայացվել. «Նման ապացույց գոյություն չունի: Եթե չեք կարող այս հարցի պատասխանը ստանալ վկայից, պարոն Դավթյան, հրաժարվե՛ք ձեր լիազորություններից, որովհետև դուք վատնում եք այդ հնարավորությունները»:

Հաջորդ գործը, որի հարցում, ըստ Լենա Նազարյանի , նույնպես դատախազությունը անգործության է պատմվել «Զիբիլիքսի» գործն է.«Մենք պատրաստի ապացույցներով փաթեթը ձեր ձեռքն ենք տվել, բայց ՀՔԾ-ն այդ գործը կարճելու որոշում է կայացրել, իսկ դատախազությունը մերժել է կարճելու որոշման դեմ բողոքը»:

«Թավշյա հեղափոխություն արած ժողովուրդը բոլորի, բոլորի առաջ անխտիր արդարության պահանջ է դրել: Հիմա ակնհայտ է, որ դուք չեք բավարարել ու չեք բավարարում այդ պահանջը: Դուք չեք համապաստախնում նոր Հայաստանի պահանջներին, հետևաբար դուք պետք է հեռանաք և բացեք ճանապարհ Հայաստանում աղմկահարույց գործերի բացահայտման համար, առանց որի Հայաստանի՝ որպես իրավական պետության զարգացումը հապաղում է: Այդ հանցագործությունները պետք է բացահայտվեն»,- եզրափակեց Լենա Նազարյանը:

Գլխավոր դատախազը իր ելույթում անդրադարձավ տիկին Նազարյանի պահանջին՝ նշելով, որ շուտով Մարտի 1-ի գործով հնարավոր է լինեն արդյունքներ, որովհետև կարող է լինեն քննության հետ համագործակցող անձինք:

Ինչ վերաբերում է հրաժարականին՝ Դավթյանն ասաց, որ Սահմանադրությամբ սահմանված կարգով է ստանձնել իր պաշտոնը և ստանձնել է նաև պատասխանատվություն պետության, ժողովրդի ու գործընկերների առջեւ. «Քանի դեռ ես գտնում եմ, որ իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու ներուժն ունեմ, ես իմ պարտականությունները կատարում եմ: Իսկ ինձ պաշտոնից հեռացնելու մեխանիզմները ձեզ քաջ հայտնի են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: