Հայերեն   English   Русский  

Կառավարությունը դեսպան Ալեքսանդր Արզումանյանին կփոխհատուցի 2500 եվրո


  
դիտումներ: 1138

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 2500 եվրոյին համարժեք դրամ:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարևորեց ոլորտում լուրջ բարեփոխումների իրականացումը: Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության դեմ կան հարյուրավոր գործեր, որոնցով, ամենայն հավանականությամբ, իրավունքի խախտումներ կարձանագրվեն, ուստի պետք է ձեռնարկվեն այնպիսի միջոցառումներ, որպեսզի այլոց իրավունքը չխախտվի:

«Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի: Սա ամենակարևոր խնդիրն է, և ես ուզում եմ հույս հայտնել՝ այն փաստը, որ Բաղրամյան 26-ից հրահանգներ չեն գնում դատարաններ, որևիցե մեկն այս իրավիճակը չի փորձի օգտագործել այլ հասցեներից նման կոմունիկացիաներ ստեղծելու համար: Սա ամենակարևոր բարեփոխումն է, որ պետք է արդյունք տա և մենք պետք է ՀՀ-ում բացառենք ընդհանրապես քաղաքական հետապնդումները և քաղբանտարկյալների առկայությունը, քանի որ այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ, ինչքան էլ ՀՀ-ում իշխանությունները դա ընդունել կամ չեն ընդունել»,- արձագանքեց վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: