Հայերեն   English   Русский  

​Բաքուն խուսափում է քաղբանտարկյալ Մամեդովի գործով ՄԻԵԴ-ի երկրորդ որոշումը կատարելուց


  
դիտումներ: 416

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «ReAl» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի գործով այդ կառույցի երկրորդ որոշման կատարման ժամկետը սպառվում է սույն թվականի հունիսի 5-ին: Սակայն հայտնի չէ, թե Ադրբեջանի կառավարությունը տվյալ ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում, և թե արդյոք իշխանությունները մտադիր են վերջինիս ազատ արձակել, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Համաձայն Ադրբեջանում ձևավորված պրակտիկայի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ քրեական գործերի առնչվող որոշումներն իրականացվում են Ադրբեջանի Գերագույն դատարանի պլենումի կողմից, սակայն վերոնշյալ հարցի շուրջ մեկնաբանություններ Գերագույն դատարանը չի տրամադրում:

Դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մամեդովի գործով ընդունված երկրորդ որոշումն է: Այն վերաբերում է նրա նկատմամբ քրեական վարույթին և 2013 թ. Իսմաիլլի իրադարձությունների առնչությամբ նրա 7 տարվա ազատազրկման դատապարտելու մասին որոշմանը: Մամեդովը մեղավոր է ճանաչվել զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանության նկատմամբ բռնության կիրառման համար:

ՄԻԵԴ-ն այս գործով որոշումը հրապարակել է 2017 թ-ի նոյեմբերի 16-ին, որն էլ ուժի մեջ է մտել մարտի 6-ին: Համաձայն Եվրոպական դատարանի՝ խախտվել է Մամեդովի՝ արդար դատաքննության իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դեռևս 2014 թ-ին ընդունված առաջին որոշման համաձայն՝ Մամեդովի նախնական կալանքն ապօրինի է եղել, իսկ նրա հետապնդելն ունի քաղաքական դրդապատճառներ: Ադրբեջանի կառավարությունը չի կատարել այդ որոշումը: Այդ առնչությամբ ՄԻԵԴ-ի Նախարարների կոմիտեն սկսել է հատուկ ընթացակարգ, որի արդյունքում ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: