Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ն սպառնում է Իրանի դեմ կիրառել «պատմությանը երբևէ հայտնի ամենադաժան պատժամիջոցները»


  
դիտումներ: 2488

Մերձավոր Արևելքում կրքերը շարունակում են եռալ. Իրան-ԱՄՆ հարաբերությունները օրեցօր ավելի են լարվում:

ԱՄՆ-ն միակողմանիորեն հրաժարվել էր Իրանի և համաշխարհային հանրությունը ներկայացնող վեցնյակի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) միջև կնքված Միջուկային համապարփակ համաձայնագրից, որով Իրանը պարտավորվել էր ատոմային էներգիան օգտագործել միայն խաղաղ նպատակներով՝ իր միջուկային ծրագիրը միջազգային վերահսկողության հանձնելով: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն բարձրաձայնել է պայմանները, որոնց ապահովման դեպքում ԱՄՆ-ն Իրանի հետ նոր համաձայնագիր կկնքի՝ հակառակ դեպքում սպառնալով անողոք պատժամիջոցներով:

Միջազգային ԶԼՄ-ները՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի պահանջները Իրանին՝ դրանք ավելի շատ բնորոշում են որպես պատերազմի հայտարարություն: 12 կետ պարունակող փաստաթղթի պահանջներից են հետևյալները. Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները և երբևէ չզբաղվի պլուտոնիումի վերամշակմամբ, Իրանը պետք է դադարեցնի բալիստիկ հրթիռների տարածումը և այնպիսի հրթիռների մշակումը, որոնք կարող են միջուկային զենք կրել, Իրանը պետք է դադարեցնի Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումներին ցանկացած տեսակի աջակցության ցուցաբերումը, Իրանը պետք է դուրս բերի իր հրամանատարության ներքո գտնվող բոլոր զինված ուժերը Սիրիայից (որոնք, ի դեպ, հակառակ ԱՄՆ զինված ուժերի, այդ տարածքում են գտնվում պաշտոնական Դամասկոսի համաձայնությամբ):

Այս և մի շարք այլ պահանջները չկատարելու դեպքում ԱՄՆ-ն, ի դեմս պետքարտուղար Մայք Պոմպեոյի, սպառնացել է պատժամիջոցներով: «Մենք աննախադեպ տնտեսական ճնշում կգործադրենք իրանական վարչակարգի նկատմամբ: Պատժամիջոցների փաթեթը կլինի ծայրահեղ ցավագին, եթե վարչակարգը չփոխի իր ուղղությունը: Դրանք կլինեն պատմությանը երբևէ հայտնի ամենադաժան պատժամիջոցները: Իրանը ստիպված կլինի ընտրել. կա՛մ պայքարել տնտեսությունը պահպանելու համար, կա՛մ վատնել հարստությունը արտերկրում ռազմական գործողությունների վրա: Երկուսի համար նրա ռեսուրսները չեն բավականացնի»,- հայտարարել է Պոմպեոն:

Իրանը, իր հերթին արձագանքելով ԱՄՆ սպառնալիքներին, հայտարարել է, որ դատական հետապնդում կիրականացնի այդ երկրի նկատմամբ:

«ԱՄՆ պետքարտուղարի անամոթ հայտարարություններն Իրանը դիտարկում է որպես ակնհայտ միջամտություն Իրանի ներքին գործերին և անօրինական սպառնալիք ուղղված ՄԱԿ-ի անդամ երկրին: Իրանն իրեն իրավունք է վերապահում դատական հետապնդում իրականացնել»,- ասված է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

«ԱՄՆ նոր պետքարտուղարի նվաստ, ոչ էական, և վիրավորական դիտարկումները և նրա անթույլատրելի վերաբերմունքը մեծ և քաղաքակիրթ իրանական ազգին վկայում են ԱՄՆ կառավարության պաշտոնական ներկայացուցիչների հուսալքության և անօգնականության մասին»,- ասված է հայտարարությունում:

ԱՄՆ դիրքորոշմանն արձագանքել է նաև ՌԴ-ն՝ նշելով, որ ամերիկյան պաշտոնյաները Իրանի քաղաքականության ուղղությունը փոխելու փորձերով ճիշտ հակառակ արդյունքին կհասնեն:

Նշենք, որ այնպես է ստացվել, որ Իրանի հարցում այս անգամ ԱՄՆ-ի և Եվրոպայի տեսակետները տարբերվում են: Եվրոպական երկրները ոչ միայն չեն հրաժարվել համաձայնագրից, այլև քննադատել են ԱՄՆ-ի դիրքորոշումը: ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Պոմպեոյի ելույթը չի բացատրում, թե ԱՄՆ-ի՝ համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալն ինչպես է նպաստելու միջազգային անվտանգության ապահովմանը:

«Պետքարտուղարի ելույթը ցույց չի տալիս, թե համաձայնագրից հրաժարումն ինչպես է տարածաշրջանն ապահովագրելու միջուկային զենքի տարածումից կամ ինչպես է դա մեզ ապահովելու ավելի շահեկան դիրք՝ ազդելու Իրանի վրա այն ոլորտներում, որոնք դուրս են համաձայնագրից: Այս համաձայնագրին այլընտրանք չկա»,- հայտարարել է Մոգերինին:

Միևնույն ժամանակ եվրոպական որոշ գործիչներ կարծիք են հայտնում, ըստ որի՝ ԱՄՆ քայլերն ուղղված են նրան, որ Իրանի տեսանկյունից հայաձայնագիրն անիմաստ դառնա և հենց Իրանը հրաժարվի դրանից: Ըստ այդ մասնագետների՝ խոշոր ընկերությունների՝ Իրանից հեռանալը ստեղծելու է իրավիճակ, երբ Իրանի համար այլևս շահեկան չի լինի Միջուկային համապարփակ համաձայնագրի մաս կազմելը:

Հակառակ մտավախություններին՝ Իրանը դեռևս հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարվել համաձայնագրից, բայց նաև չի իրականացնի ԱՄՆ-ի ներկայացրած պահանջները:

ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշումը ողջունել է Իսրայելը: Այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարությամբ է հանդես եկել՝ Թրամփի վարչակարգի գործողությունները ճիշտ որակելով, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչ անելով միանալ Իրանի դեմ ճնշումներին: «ԱՄՆ-ն ճիշտ քաղաքականություն է վարում: Թող բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կասեցնել իրանական ագրեսիան, նրանք, ովքեր ցանկանում են ապահովել անվտանգտությունը, ինչպես նաև նրանք, ովքեր ուզում են նպաստել խաղաղության պահպանմանը, հանդես գան Իրանի դեմ և սատարեն ամերիկյան դիրքորոշմանը: Հենց այդպես է վարվում Իսրայելը»,- ասել է նա:

Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքորոշումը հասկանալի է՝ համաձայնագիրն Իրանին հնարավորություն էր տալիս ոտքի կանգնեցնելու պատժամիջոցներից թուլացած տնտեսությունը: Մինչդեռ թշնամական երկրի տնտեսության, հետևաբար նաև ռազմական հզորացում ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իսրայելը չեն ցանկանում թույլ տալ:

Իրան-ԱՄՆ

Շատերի կարծիքով՝ իրավիճակը պայթյունավտանգ է և ամեն րոպե կարող է վերահսկողությունից դուրս գալ: Որոշ վերլուծաբաններ նաև չեն բացառում հավանականությունը, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն և Իսրայելը զինված հարձակում կիրականացնեն Իրանի նկատմամբ: Որպես նման զարգացման հիմնավորում նշվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում ծայրահեղական և ռազմատենչ դիրքորոշմամբ հայտնի գեերալ Ջոն Բոլտոնի նշանակումը: Նա Իրանի դեմ պատերազմ էր պահանջում սկսել դեռևս 2000-ականների սկզբին, երբ պետքարտուղար Քոլին Փաուելի տեղակալն էր:

Հնարավոր պատերազմի նախանշան է նաև դիտարկվում այն հանգամանքը, որ ամերիկա-իսրայելական հարաբերությունները ամենասերտն են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: