Հայերեն   English   Русский  

​Հրեաները հիշում են հայոց ցեղասպանության մասին, հենց վիճում են թուրքերի հետ


  
դիտումներ: 5769

Հայոց ցեղասպանության ճանաչման և անգամ քրդերի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցերն են առաջ քաշվել Իսրայելի Կնեսետում: Պատճառը սրված թուրք-իսրայելական հարաբերություններն են: Իսկ երկու երկրների հարաբերություններում հերթական լարման պատճառը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատուն բացելը և դրա հետևանքով պաղեստինա-իսրայելյան հարաբերությունների սրացումն է: Եղան անգամ բախումներ իսրայելցի զինվորականների և պաղեստինցի ցուցարարների միջև, որին զոհ դարձան շուրջ վեց տասնյակ քաղաքացիական անձինք, հարյուրավորները վիրավորվեցին: Թուրքիան Իսրայելին մեղադրեց ցեղասպանության մեջ, ինչին ի պատասխան իսրայելցի մի շարք պատգամավորներ, միմյանց հերթ չտալով, սկսեցին Թուրքիային հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին:

Օրերս հայտնի դարձավ, որ մի շարք պատգամավորներ պատրաստվում են Կնեսետի օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ:

«Մենք չենք հանդուրժի, որ Թուրքիայի հակասեմիթ մսագործը, որի երկիրը պատասխանատու է հայերի ցեղասպանության համար, հիմա մեզ բարոյականության դասեր տա», - ասել է օրինագծի համահեղինակ, ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» կուսակցության պատգամավոր Իթզիկ Շմուլին:

Մասնագիտական շրջանակներում կրկին քննարկվում է, թե արդյոք Իսրայելն այս անգամ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը: Նշենք, որ Իսրայելում կարծես ավանդույթ է դարձել Թուրքիայի հետ հարաբերությունների յուրաքանչյուր սրացման ժամանակ հիշել Հայոց ցեղասպանության մասին: Նշենք նաև, որ ընդամենն ամիսներ առաջ՝ այս տարվա փետրվարին, խորհրդարանը մերժեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծը՝ երկրի ԱԳՆ-ի կողմից բացասական արձագանք ստանալուց հետո:

Իսրայելում Հայոց ցեղասպանության թեմայի շահարկումներին պաշտոնական Երևանի կողմից արձագանքներ չեղան: Սակայն ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «Անթույլատրելի եմ համարում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շահարկումը Թուրքիայի հետ իրենց բարդ աշխարհաքաղաքական խաղում»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանն Իսրայելի կողմից, ասում է, որ «Իսրայելում Հայոց Մեծ եղեռնի ճանաչման հերթական գործընթացն իր արդյունավետությամբ հազիվ թե տարբերվի նախորդներից»:

Որպես պատճառ Պետրոսյանը մի քանի գործոն է թվարկում: Օրինակ՝ Իսրայելի շահերը Մերձավոր Արևելքում: «Հակաիրանական ճամբարի ընդլայնման նպատակով Թեհրանին պատին դեմ տալու հսկայական ջանքեր են գործադրվում: Վերոնշյալի համատեքստում տարածաշրջանային մեկ այլ կարևոր դերակատարի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը բնավ էլ չի բխում Թել Ավիվի շահերից, մանավանդ երբ Թուրքիայի հակաիսրայելական գործողությունները հռետորաբանական, դիվանագիտական, քարոզչական հարթություններից բացի, այլ առավել շոշափելի ուղղությամբ, ըստ էության, չեն դրսևորվում»,- ասում է Պետրոսյանը:

Նա նաև մատնանշում է, որ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ դիրքորոշումը վերապահված է գործադիր իշխանությանը՝ ի դեմս վարչապետ Բենիամին Նեթանյահուի: Իսկ նա, հաշվի առնելով Իսրայելի առաջնային գերակայությունները տարածաշրջանում, դժվար թե նման քայլի գնա:

Անդրադառնալով իսրայելական խորհրդարանի պատգամավորների՝ Քրդստանը ճանաչելու մասին օրինագծով հանդես գալու հանգամանքին՝ Պետրոսյանը նշում է. «Կասկածից վեր է, որ Իսրայելը չի ճանաչի քրդերի ինքնորոշման ջանքերը տարածաշրջանի որևէ երկրում, իսկ ձեռնարկված միջոցառումներն ընդամենը քարոզչական հարթությունում են՝ անշուշտ բնավ էլ նպատակ չունենալով վնասել թուրք-իսրայելական խորքային հարաբերությունները»:

Հիշեցնենք, որ քրդերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու օրինագիծը հեղինակած հրեա պատգամավորը հայտարարել էր. «Բախվելով տարածաշրջանում Իրանի աճող ուժին, Թուրքիայի ծայրահեղականությանն ու Սիրիայի տրոհման իրողությանը՝ Իսրայելը պետք է գլխավորի և աջակցի քրդերի՝ անկախ պետություն ստեղծելու ջանքերը»:

Մասնագետների կարծիքով՝ թուրք-իսրայելական հարաբերություններում լարման հերթական փուլը շուտով կմեղմվի՝ իսրայելա-պաղեստինական հարաբերություններում լարման թուլացմանը զուգահեռ: Սակայն մասնագետների կարծիքով՝ Թուրքիայում որոշակիորեն դեռևս կպահպանեն հակահրեական հռետորաբանությունը՝ պայմանավորված առաջիկայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններով:

Իսկ մինչ այդ երկու երկրները միմյանց դեմ օգտագործում են զինանոցում առկա հնարավոր բոլոր միջոցները՝ զգուշանալով, իհարկե, երկու երկրների հարաբերություններին անդառնալի վնաս հասցնելուց: Այսպես, Իսրայելն ու Թուրքիան ժամանակավորապես արտաքսել են միմյանց դիվանագետներին իրենց երկրներից: Պաղեստինը Թուրքիայի աջակցությամբ դիմել է Հաագայի միջազգային դատարան՝ պահանջելով Իսրայելին պատասխանատվության ենթարկել:

«Իսրայելը պատասխան կտա իր արարքների համար: Պաղեստինի ԱԳՆ ղեկավարն արդեն հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Իսրայելի գործողությունները քննելու պահանջով: Մենք այս գործում մինչև վերջ կգնանք»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Արձագանքելով Իսրայելի ԱԳՆ-ն Պաղեստինի՝ Թուրքիայի սատարմամբ իրականացվող քայլը որակել է որպես «ցինիկ քայլ, որը չունի իրավական հիմքեր»: «Ծիծաղելի է, որ պաղեստինցիները դիմում են Հաագայի դատարան և միևնույն ժամանակ խրախուսում են ահաբեկչությունը և կանանց ու երեխաներին օգտագործում որպես կենդանի վահան անկարգությունների և Իսրայելի քաղաքացիներին վնաս հասցնելու փորձերի ժամանակ»,- ասված է Իսրայելի ԱԳՆ հայտարարությունում:

Թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածությունը որոշակիորեն դրսևորվել է նաև տնտեսական համագործակցության ոլորտում: Այսպես, թուրքական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Իսրայելը դադարեցրել է գյուղմթերքի ներկրումը Թուրքիայից: Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ քննարկում են որոշ իսրայելական ապրանքների ներմուծումն արգելելու հնարավորությունը:

«Մենք կքննարկենք մեր կապերը, մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունները: Առջևում ընտրություններ են: Ընտրություններից հետո մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: