Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ են մտածում մտավորականները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին


  
դիտումներ: 3429

«Անկախը»ներկայացնում է Հանրային խորհրդի անդամ մի խումբ մտավորականների տեսակետները Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, նրանց ակնկալիքներն ու մտահոգությունները:

Բնապահպան, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյան

- Այս հեղափոխությունից ես սպասելիքներ ունեմ և կարծում եմ, որ ռադիկալ փոփոխություններն անհրաժեշտ են, միշտ եմ դա ասել: Իմ կարծիքով՝ մենք այս տարիներին կառուցել ենք կիսաֆեոդալական, կիսավայրի կապիտալիստական համակարգ և հիմա լուրջ փոփոխությունների կարիք ունենք: Շատ կարևոր է, թե ինչպես են նախկին իշխանությունները որոշումներ ընդունել և հիմա ինչպես են որոշումներ ընդունելու նոր իշխանությունները:

Այս տարիների ընթացքում որոշումներն ընդունվել են վերևում, մի խումբ մարդկանց կողմից և իջեցվել են բոլոր կառույցների վրա: Ներքևից որոշումներ, կարծիքներ կա՛մ չեն բարձրացել, կա՛մ, եթե բարձրացել են, անտեսվել են: Օրինակ՝ Թեղուտի հարցը. մենք գիտաժողով արեցինք, մեր բոլոր փորձագետները դեմ էին բոլոր ասպեկտներով, բայց կառավարությունը որոշում ընդունեց, բնապահպանության նախարարությունը հաստատեց, որ հատված անտառի տեղում նոր անտառ է լինելու, բայց անտառը չաճեց, մշակույթի նախարարությունը հաստատեց, որ այնտեղ պատմամշակութային ժառանգություն կա, բայց, ոչինչ, կտեղափոխեն, կարևորը՝ մի խումբ մարդիկ հարստանան: Ահա այս ուղղությամբ ենք տարիներ շարունակ գնացել:

Մենք ունենք շատ լուրջ փորձագիտական հանրություն: Եթե հիմա իշխանություններն աշխատեն այդ հանրության հետ և մեզ հաջողվի շտկել խոշոր, կոպիտ սխալները, ապա կարծում եմ՝ բոլորս գոհ կլինենք այդ փոփոխություններից:

Հովհաննես Հովհաննիսյան

ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյան

Վերջին շրջանում հրապարակվող վերլուծական հոդվածները, հրապարակային մեկաբանություններն ու քննարկումներն ունեն առավելապես մակերեսային, իրավիճակային-նկարագրական բնույթ:

Ավելի շատ խոսվում է հետևանքների, ոչ թե պատճառների մասին: Մինչդեռ այսօր հիմնարար վերլուծությունների կարիք ունենք. որո՞նք էին պատճառները, խորքային երևույթները, որ հանգեցրին վերջին ամիսների իրադարձություններին: Պակասում են համակարգված, պրոբլեմների առումով «գույքագրված» վերլուծություններ: Այլապես, հետևանքների դեմ պայքարելով, կնմանվենք այն բժիշկին, որն ուզում է հարբուխով հիվանդին բուժել՝ լաթի կտորով նրա քիթն ինտենսիվ մաքրելով: Այդպիսի վերլուծություններ չարվեցին «Սասնա ծռերի» գործողությունններից հետո, քիչ են նաև այժմ:

Վերջին ամիսներին կատարվածը շատերը հեղափոխություն են անվանում: Ես կարծում եմ, որ առնվազն ցայսօր կատարվածը դեռևս հեղափոխություն չէ: Հեղափոխությունը ենթադրում է համակարգային, արմատական, խորքային ու թռիչքաձև փոփոխություններ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Իսկ մենք այսօր ունենք իշխանափոխություն, այն էլ՝ ոչ ամբողջական, դեռ շարունակվող: Լավ կլինի, որ այս ամենն ունենա իրոք հեղափոխական շարունակություն և հանգեցնի համակարգային փոփոխությունների:

Ընդհանուր ոգևորության ֆոնի վրա մտահոգիչ են այս օրերին հանրային արժեհամակարգի առանձին հատվածներում տեղի ունեցող անցանկալի փոխակերպումները: Օրինակ՝ ինձ համար տհաճ էր, որ աշակերտներին, այդ թվում նաև՝ տարրական դասարանների, հավաքել էին դպրոցի տնօրենի աշխատասենյակի առաջ՝ հրաժարական վանկարկելու ու նրա պաշտոնաթողությունը պահանջելու: Կարելի է քննադատել տնօրենին, պահանջել հրաժարականը, դատել, եթե օրենք է խախտել, բայց չի կարելի ծնողների և աշակերտների աչքի առաջ նսեմացնել ուսուցիչ արժեհամակարգը:

Խնդրահարույց է նաև նոր կառավարության մի շարք անդամների՝ բանակում ծառայած չլինելու հանգամանքը: Օրվա իշխանավորները նախկինում այդ երևույթի դեմ շատ են խոսել: Մտահոգիչ են նաև որոշ ռոմանտիկ ու ինքնավստահ հայտարարություններ: Օրինակ՝ սփյուռքի նախարարն ասում է, որ երկպալատ պառլամենտ պետք ստեղծել, որպեսզի սփյուռքն անմիջականորեն ներկայացված լինի Հայաստանի քաղաքական կառավարման և որոշումների ընդունման համակարգում:

Դրական ամենամեծ ձեռբերումը, որ կառանձնացնեի, վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացների արդյունքում հայաստանցիների աշխարհայացքի և մտածելակերպի մեջ կատարված փոփոխությունն է՝ լավատեսության ու ինքնավստահության տրամադրությունների վերելքը, քաղաքացիական մտածելակերպի ու կեցվածքի, քաղաքացիական շարժումների որակական աճը: Դա լուրջ ներուժ է, անհարժեշտ գործոն երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին:

Սմբատ Լպուտյան

Շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հանրային խորհրդի անդամ Սմբատ Լպուտյան

- Տարիների ընթացքում մեր երկրում գոյացել էին որոշ երևույթներ և մոտեցումներ, որոնք հասարակությունը չէր ընդունում և գիտակցում էր, որ դրանք փոխելու համար երկար ժամանակ է պահանջվելու: Այս շարժումն այդ փոփոխությունների հնարավորություն է տալիս: Ժողովուրդը հավատաց, որ իշխանությունն ինքն է, և փոփոխություններ կարող են լինել: Հուսով եմ, որ մեր հասարակության ակնկալիքները կարդարացվեն: Իմ կարծիքով, հասարակության սերը և միասնությունը հարգանքն է դեպի դիմացինը՝ իր տեսակով, մտածելակերպով և արժեհամակարգով: Այս ժամանակաընթացքը ցույց տվեց, որ մեր հասարակությունն ունի սիրո և հանդուրժողականության պակաս: Այդ օրերին ես դա նկատեցի: Որևէ այլ կարծիք շատ սուր էր քննադատվում: Ես մեծ ցավ էի ապրում՝ չտեսնելով մարդկանց մեջ փոխադարձ հարգանք, թեև ամենուր քարոզվում էր սեր և համերաշխություն:

Այս տարիների ընթացքում, երբ Սերժ Սարգսյանն է եղել մեր ֆեդերացիայի նախագահը (այժմ էլ նախագահն է), հայկական շախմատն իր գրանցած արդյունքներով աշխարհում եղել է առաջատարներից մեկը: Եվ այսօր էլ այն իր տեսակով, զարգացման ուղղություններով մատնացույց է արվում աշխարհում: Ամեն մի քաղաքացու համար դա պետք է լինի հպարտություն: Յուրաքանչյուր ոլորտում, որտեղ մենք ունենում ենք մեծ հաղթանակներ, մեր երկրի հպարտությունն է, լավ աշխատանքի արդյունքը և ապագայի հավատը: Այդ օրերին ես նկատում էի խիստ բացասական վերաբերմունք Շախմատի ֆեդերացիայի և մեր շախմատիստների նկատմամբ:

Ամեն ինչ անցողիկ է, սակայն հայկական շախմատի մեծ հաղթանակներն ուրույն տեղ են զբաղեցրել մեր պատմության լավագույն էջերում: Այսօր ես մտահոգ եմ, քանզի զգում եմ, որ մեծ հաղթանակները, որոնք տասնյակ տարիներ բարձր են պահել մեր երկրի պատիվը, կարող են այդքան շուտ մոռացվել և չարժևորվել: Ինքս, լինելով լավատես, հավատում եմ, որ մեր հասարակության մտավոր ուժը, սերն ու մարդկային արժեքները կօգնեն հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, և մենք աշխարհին կներկայանանք մեր լավագույն որակներով:

Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյան

- Մենք գտնվում ենք հեղափոխական գործընթացում: Ընդ որում, հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Կան որոշակի երևույթներ, նաև բացասական, որոնք հատուկ են բոլոր հեղափոխություններին: Վերջիվերջո, հեղափոխությունները ձեռնոցներով չեն արվում, չնայած մեր հեղափոխությունը, ի տարբերություն այլ հեղափոխությունների, անցավ բաց ձեռքերով:

Իմ գնահատմամբ՝ հեղափոխությունը կավարտվի, երբ տեղի ունենան հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Բայց դրանց ելքը դժվար է կանխորոշել:

Տիպաբանական առումով այն, ինչ հիմա Հայաստանում տեղի է ունենում, շատ հետաքրքիր երևույթ է թավշյա հեղափոխությունների շարքում, որովհետև թավշյա հեղափոխությունները սովորաբար աչքի են ընկնում նրանով, որ դրսից միջամտություններ են լինում: Մեր պարագայում, իմ ընկալմամբ, արտաքին միջամտություն գոյություն չուներ, սա մեր ժողովրդի ներքին պոռթկումն էր, որն ուղղակի Նիկոլ Փաշինյանը կարողացավ համախմբել և ղեկավարել:

Կարևոր է նաև այն, որ այս շարժումն ունեցավ ոչ միայն համահայաստանյան նշանակություն, այլև շատ կարևոր ազդեցություն Սփյուռքի վրա: Ես նոր եմ վերադարձել Միացյալ Նահանգներից, մոտ 2 շաբաթ գտնվում էի Կալիֆոռնիայում և արևելյան ծովեզրում՝ Նյու Յորքում և պետք է ասեմ, որ մեծ էր խանդավառությունը: Սա բացառիկ երևույթ է, մեր աչքի առջև ստեղծվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը, որը, ցավոք, չկար:

Այս շարժումը նաև ազդեցություն է թողնում արտասահմանի վրա: Օրինակ՝ Թրամփի շնորհավորական ուղերձը բացառիկ էր: Նման շնորհավորական հեռագրով երբևիցե ԱՄն նախագահը չէր դիմել Հայաստանի ղեկավարին, մեր վարկանիշն այս օրերին աշխարհում կտրուկ բարձրացել է, և Հայաստանը պետք է օգտագործի այս ամենը:

Իբրև Հանրային խորհրդի անդամ՝ կարծում եմ, որ Հանրային խորհուրդն այսօր կարող է ունենալ լուրջ դերակատարում, քանի որ խորհրդում ընդգրկված են մարդիկ, որոնք մեծ փորձառություն ունեն տարբեր ոլորտներում, ինչը չունեն նոր կառավարության անդամները: Ես կարծում եմ, որ Հանրային խորհուրդը պետք է ակտիվ աշխատի և՛ վարչապետի հետ, և՛ Հանրապետության նախագահի:

Անահիտ Աղոյան

Բժիշկ-հիգիենիստ, գենդերային հիմնահարցերի փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Աղոյան

- Ցավալի մի բան է կատարվում այս հեղափոխությունից հետո: Շատերն ընդունում են միայն սև ու սպիտակ կողմը, որի դեմ մենք միշտ պայքարել ենք: Այսինքն, եթե ընդունում ենք շարժման գաղափարները, ուրեմն կեցցենք, մենք լավն ենք, ճիշտ հայ ենք, իսկ եթե որոշ մտահոգություններ ու քննադատություններ ունենք, ուրեմն մենք շահագրգռված ենք, ծախված ենք և այլն: Մի խոսքով, շատ տհաճ պրոցես է, որը շարունակաբար խորանում է:

Մի ուրիշ բան էլ է գործում. ով ընկնում է՝ դպրոցի տնօրեն, գյուղապետ, քաղաքապետ, սկսում են հայհոյել: Բայց բոլորը մի գիշերում, մի ակնթարթում չդարձա՞ն շարժման մասնակից: Եվ սպասել, որ շարժումը սրբագործելու է այն, ինչ Հայաստանում այս տարիներին կատարվել է, հնարավոր չէ: Հասարակության 80 տոկոսը, բնականորեն, տարիքից, փորձից, կյանքի հանգամանքներից ելնելով, չի կարող խորությամբ վերլուծել այս ամենը: Մենք հասկանում ենք, որ շարժումն ինչ-որ տեղ պիտի վերջակետ դներ և սկսվեր նոր էջից, բայց դա չարվեց: Կամ, օրինակ, ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում ազգային համաձայնության կառավարություն, եթե Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում, թե ով պետք է լինի այդ կառավարության մեջ, անգամ խմբային քննարկումներ չեն լինում:

Խոսում են հանդուրժողականության մասին, բայց այդ հանդուրժողականությունն իսպառ վերացել է, առողջ միտքը կորել է:

Էդուարդ Ղազարյան

Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Էդուարդ Ղազարյան

- Առաջին՝ շարժման գլխավոր արդյունքը, որը դեռ վերջնական չի բյուրեղացել, այն է, որ ժողովուրդը դառնում է երկրի տերը: Բյուրեղացման համար պետք են բյուրեղացման կենտրոններ, բայց նաև որոշակի պայմաններ: Ես դեռ չգիտեմ՝ բյուրեղացումը երբ կհասնի իր գագաթնակետին, և մենք իսկապես կունենանք երկիր, որտեղ ժողովուրդը, ամեն մի քաղաքացի իրեն կզգա այս երկրի տերը, բայց այդ ուղղությամբ գնալու նախապայմանները կան:

Երկրորդ՝ ես կիսում եմ շատ մտահոգություններ, որ հնչում են: Դժգոհությունն այն աստիճանի էր ժողովրդի մեջ նախորդ իշխանություններից, անարդարություններից, որ դա վերածվեց չարության: Այսօր էլ դեռ չի վերացել այդ թույնն ու մաղձը առանձին մարդկանց նկատմամբ, այն աստիճանի, որ հասնում են ընտանիքին, երեխաներին, բարեկամներին, հարազատներին, ծնողներին: Պետք է վերջ տրվի այդ ամենին: Այն թեզերը, որ այս շարժման առաջնորդն ասում էր, պետք է իրականություն դառնան, իրականություն դեռ չեն դարձել: Սոցիալական ցանցերում այնպիսի բառերով են արտահայտվում, այնպիսի մարդկանց նկատմամբ, որոնք այս կամ այն չափով, թեկուզև թերություններով, այս երկրի համար ծառայություններ ունեն: Չի կարելի ամեն ինչ սևացնել:

Երրորդ՝ իբրև Հանրային խորհրդի անդամ՝ կարծում եմ, որ խորհուրդը պետք է իր գլխավոր առաքելություններից մեկը դարձնի հզոր փորձագիտական կառույց դառնալը բոլոր ոլորտների համար, մանավանդ այսօր, երբ ունենք երիտասարդ, անփորձ ղեկավարություն, նախարարներ: Նույնիսկ եթե այս կառավարությունը ժամանակավոր է, չեմ կարծում, որ հետագայում էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ կհայտնվեն կառավարությունում:

Հայաստանն ունի պաշտոնի չձգտող, բայց պրոֆեսիոնալ փորձագետների կարիք, և մենք ունենք այդ փորձագետները: Այս ամենը զարգացում կունենա, եթե փորձառու, իմաստուն ավագ սերնդի ներկայացուցիչների և երիտասարդ, ավյունով, եռանդով լի, նորովի մտածող երիտասարդության միասնություն լինի: Եթե այդ միասնությունը չլինի, երկիրը բնականոն չի զարգանա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: