Հայերեն   English   Русский  

​Երիտասարդ ուսուցիչը հեռավոր Սարչապետում կերտում է Հայաստանի շարժիչ ուժը


  
դիտումներ: 3303

Ջիվան Աբրահամյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի երիտասարդ ուսուցիչներից է։

«Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) ոչ պետական կազմակերպությունը հոգում է, որ հեռավոր գյուղերի դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ ուսուցիչներով, որոնք երկամյա դասավանդման ծրագրով մեկնում են գյուղ՝ միաժամանակ զարգացնելով սեփական հմտությունները։

Ջիվանը ծրագրի մասին իմացել է 2017 թվականի գարնանը և անմիջապես դիմել է: Նույն տարվա սեպտեմբերին արդեն Լոռու մարզի սահմանամերձ Սարչապետ գյուղում էր: Մինչ այդ գյուղի մասին որևէ պատկերացում չուներ, փոքրիկ ու անտառում ծվարած մի գյուղ էր պատկերացնում։ Հաճելիորեն զարմանում է՝ բացահայտելով մեծ համայնք՝ շուրջ 2600 բնակչությամբ, որը համայնքների խոշորացման արդյունքում էլ ավելի էր մեծացել՝ դառնալով կենտրոնականը։

1947 թվականին հիմադրված դպրոցում մոտ 170 աշակերտ կար։ Մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետը, որն ավարտել է Պոլիտեխնիկը, դպրոցի շուրջ 110 աշակերտների հետ սկսում է աշխատել՝ դասավանդելով ֆիզիկա ու մաթեմատիա։

«Ինձ համար դա մի քայլ էր, որն ուղղակի չէի կարող չանել, եթե կար հնարավորություն,- ասում է Ջիվանը,- ընդհանրապես, կարծում եմ, Հայաստանի ուսուցիչների մեծ մասն այս գործով զբաղվում է հանուն գաղափարի»։

Սարչապետը, ի տարբերություն Հայաստանի շատ գյուղերի, մեծ է, կայացած, բայց զերծ չէ բոլոր գյուղերին բնորոշ խնդիրներից։ Այստեղ էլ արտագաղթ կա, տղամարդիկ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի ու հաճախ չեն վերադառնում։ Կրթական ոլորտում նույնպես խնդիրները քիչ չեն։ Բայց, ինչպես ասում է երիտասարդ ուսուցիչը, ինքը չի գնացել գյուղ ինչ-որ մեկի բաց թողածը լրացնելու, այլ գնացել է ինչ-որ բան ավելացնելու: «Իմ առաջնային նպատակը դպրոցից դուրս երեխաներին այն մասնագիտական հմտությունները տալն է, որ ես ունեմ: Այսօր ընդհանրապես հայկական համայնքի բացթողումն այն է, որ երեխան այլընտրանք չունի: Ես ուզում եմ, որ մեր համայնքներում լինեն հատուկ խմբակներ, ստեղծվեն մեխանիզմներ ՏՏ ոլորտի, բիզնես մտածելակերպի զարգացման, մարքեթինգի, շուկայագիտության ուղղությամբ»:

Ջիվան Աբրահամյանը նաև դրամաշնորհ է շահել և գյուղի դպրոցի համար ջերմոց է կառուցում՝ փորձելով երեխաներին սովորեցնել սոցիալ-ձեռնարկատիրություն, ցույց տալ, թե ինչպես կարելի է կիրթ ձևով գումար վաստակել:

«Ես ինչ որ չափով նաև բիզնեսի, մարքեթինգի բնագավառից եմ և փորձում եմ այդ ներուժն էլ օգտագործել և սովորեցնել երեխաներին գյուղատնտեսությունը դիտարկել որպես բիզնես»:

Ջերմոցը նախատեսված է ծաղիկներ աճեցնելու համար, շուտով պատրաստ կլինի: Ջերմոցում աշխատելու են աշակերտները, եկամուտը փոխանցվելու է դպրոցին ու աշակերտական խորհրդին, որոնք էլ կորոշեն, թե որ ուղղությամբ պետք է գումարը ծախսեն: Եթե, օրինակ, դպրոցում վատ վիճակում գտնվող դասարան կա, ապա դասարանը կվերանորոգեն:

Ջիվանը նաև տուրիզմի ոլորտն է ուզում զարգացնել, բայց ոչ միայն Սարչապետում, այլև ամբողջ Լոռու մարզում և առհասարակ ամբողջ Հայաստանում:

«Երբ մտա այդ ասպարեզ, ուսումնասիրեցի շուկան, տեսա մեր բացթողումները, հասկացա, որ էկոտուրիզմը կարելի է զարգացնել։ Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ եմ տանում։ Վերջերս նաև ներկայացրի իմ համագործակցության ծրագիրը՝ էկոտուրիզմի քարտեզ, վերապատրաստումներ, համայնքների հետ աշխատանք և այլն»։

Մի խոսքով, Հայաստանի գյուղերում հսկայական ներուժ կա, որը, ցավոք, չի դիտարկվում իբրև երկրի զարգացման կարևոր հնարավորություն։

«Այսօր մենք համայնքին չենք նայում այն աչքով, որ այնտեղից կարող է դուրս գալ մի Էյնշտեյն կամ մի տնտեսագետ, որը կզարմացնի աշխարհը: Մենք մտածում ենք, թե Հայաստանի մտավոր միջուկը հավաքված է Երևանում, բայց դա ճիշտ չէ: Գյուղերում կան շատ խելացի, տաղանդավոր երեխաներ, որոնք վաղը մեր երկրի շարժիչ ուժը կարող են դառնալ: Եթե մենք դա պետական մակարդակով ֆիքսենք, այդ ժամանակ իրոք կունենանք իսկական համայնք, որը կզարգացնի նաև մեր երկիրը»։

Ջիվան Աբրահամյան

Կրթության ոլորտի խնդիրներից ենք խոսում։ Զրուցակիցս համարում է, որ օրինակ՝ դպրոցական դասագրքերում հայրենասիրական մտածելակերպ չկա: «Մենք չունենք փոխկապակցված դասագրքեր, նույնիսկ պատմության դասագրքերում նույն իրողության վերաբերյալ թվականները կարող են տարբեր լինել: Երեխային հնարավորություն չի տրվում ինքնուրույն որոշելու՝ ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Մենք ունենք 12-ամյա կրթություն, որն այսօր բացարձակապես իմաստավորված չէ և այլն»։

Ի դեպ, հայրենասիրության մասին։ Ջիվանը ծառայել է Իջևանում, սահմանին։ Քառօրյա պատերազմի օրերին կամավոր մեկնել է սահման։ Հիմա էլ նորից սահմանին է, բայց արդեն որպես ուսուցիչ։ «Ինձ համար սահմանն ընդհանրապես խնդիր չէ, քանի որ Հայաստանն ինքնին սահման է: Մենք ապրում ենք Երևանում՝ մտածելով, թե սահմանից հեռու ենք, բայց, օրինակ, Ճամբարակից Երևան 120 կմ է, և, կոպիտ ասած, հակառակորդը մեկուկես ժամում Ճամբարակից կարող է Երևան հասնել։ Ընդհակառակը, իմ կարծիքով, ավելի ապահով է, երբ դու առաջին գծում ես և կարող ես անմիջական գործողություններ կատարել»:

Ջիվանի ազգային մտածողությունն ամենևին էլ պատահական չէ: Արցախյան ազատամարտի փայլուն կերպարներից մեկի՝ Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի եղբոր որդին է և պատվով ու պատասխանատվությամբ է կրում հորեղբոր անունը: Եվ հենց դա է պատճառը, որ քառօրյա պատերազմի ժամանակ նույնիսկ մի վայրկյան չի վարանել՝ գնա՞լ, թե ոչ. «Այդ որոշումն իմ մեջ վաղուց կայացված է: Երբ գիտես, թե ինչ գնով է ձեռք բերվել այն ամենը, ինչ այսօր ունես, անկախ նրանից, թե ոնց են մարդիկ վերաբերվում, դու պիտի դա պահես, դա քոնն է և քննարկման ենթակա չէ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: