Հայերեն   English   Русский  

​Բիզնեսմենը փորձում է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն


  
դիտումներ: 2893

Աշխարհում արդեն երկար ժամանակ է, ինչ օնլայն առևտրի հարթակները շեշտակի զարգացում են ապրում, իսկ մեզանում դեռ նոր-նոր է ձևավորվում օնլայն հարթակներից գնումներ կատարելու մշակույթը: Հենց դա էլ առիթ եղավ, որ երիտասարդ ձեռներեց Գոռ Գեղամյանը որոշեր ստեղծել saleslist.am հարթակ, որով մարդիկ կարող են թե՛ առցանց գնումներ կատարել, թե՛ օգտվել հայտարարված զեղչերից:

«Միտքն առաջացավ 2017 թվականին, երբ մտա բիգլեմոն ու նկատեցի, որ զեղչերի հայտարարություններ չկային, միայն կուպոնների վաճառք էր: Հետո սկսեցի ինտերնետ տիրույթն ուսումնասիրել, մի կայք կար, որտեղ միայն զեղչերի հայտարարություններն էին տեղադրված: Հենց այդ պահից էլ գաղափար առաջացավ ստեղծել միասնական համակարգ, որտեղ զեղչերի հետ կապված ամեն ինչ ներառված լինի: Կամաց-կամաց սկսեցի աշխատել, սկզբում՝ սիրողական, առանց լուրջ ջանքերի: 2017 թվականի գարնանն էլ որոշեցի, որ օնլայն խանութն էլ միանա դրան, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ ու հարմարավետ լինի օգտվելը: Ու քանի որ ես ինքս կայքեր էի պատրաստում, սկսեցի իմ հարթակի համակարգի վրա աշխատել»,- «Անկախին» պատմեց saleslist.am-ի հիմնադիր Գոռ Գեղամյանը:

Սկզբում միայն Գոռ Գեղամյանն էր աշխատում այս նախագծի վրա, հիմա արդեն 3 հոգով են աշխատում: Ֆինանսական ներդրում, որպես այսպիսին, չի եղել, որովհետև կայքի վրա աշխատել է հենց Գոռ Գեղամյանը, և ինչպես նշում է նա, միակ բանը, որ այդ ժամանակ իրեն անհրաժեշտ էր, այն մեծ հավատն էր, որ ուներ իր գաղափարի նկատմամբ: Փաստորեն մինչ օրս այս նախագծի վրա մոտ 300-400 դոլար գումար են ծախսել, ներառյալ՝ գովազդային նյութերի, այցեքարտերի տպագրությունը, կայքի հոսթինգի, դոմեյնի վճարները և այլն:

«Դա էլ լուրջ ծախս չէ, այն էլ 2 տարվա ընթացքում, ու այդ «ներդրումը» ես իմ գրպանից եմ արել: Հիմա արդեն հասել ենք այն փուլին, որ ավելի զարգացնելու համար անհրաժեշտ է ավելի մեծ գումարներ ներդնել, քանի որ արդեն պետք է «խելացի համակարգեր» ներառվեն աշխատանքներում: Հիմա այդ փուլում ենք»,- նշեց Saleslist-ի հիմնադիրը:

Յուրաքանչյուր գործում, Գոռի համոզմամբ, եթե հավատ չունենաս, անգամ ամենաչնչին խոչընդոտի դեպքում կհանձնվես: Ուստի հավատ պետք է ամեն տեղ, իսկ բիզնեսում՝ առավել ևս. «Որովհետև հավատում ես ինչ-որ վերացական գաղափարի ու ամեն ինչ անում ես, որ այդ վերացական գաղափարը դառնա իրականություն, ամեն ինչ անում ես այն նյութականացնելու, դրան կյանք տալու համար, որը բազմաթիվ մարդկանց կօգնի, քեզ էլ օգուտ կբերի»:

Գոռ Գեղամյանը կարծում է նաև, որ բիզնեսով զբաղվելու համար պետք է ունենալ, այսպես ասած, բիզնեսմենի մտածելակերպ: Բիզնեսմենի և ոչ բիզնեսմենի մտածելակերպների տարբերություն կա, և ինքն այդ տարբերությունը զգացել է իր բիզնեսը հիմնելուց մի քանի տարի առաջ: Ոչ բիզնեսմեն մարդը չի փորձում օգտագործել իր հնարավորությունները, այլ իրեն ավելի հարմարավետ է զգում կայուն գրաֆիկով աշխատանքի, կայուն ու ամրագրված եկամուտների պարագայում:

«2011 թվականին, երբ հեռացա համալսարանից առանց ավարտելու, այդ մտածելակերպը հենց այդ ժամանակ ձևավորվեց իմ մեջ, չէի ուզում իմ հետագա կյանքս պատկերացնել այդպես. առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 6-ը աշխատանք, հետո ազատ ժամանակ, ֆիքսված ու ստաբիլ եկամուտ: Ես միշտ պետք է շարժի մեջ լինեմ, միշտ ինչ-որ նոր բան փորձարկեմ: Դրա համար էլ թողեցի համալսարանական ուսումս ու անցա հասարակական աշխատանքի: Երբեք ստաբիլությունը չեմ սիրել և միշտ գիտակցել եմ, որ ինչ-որ բան ինքս պետք է ստեղծեմ, ինչ-որ բան պետք է ինքս անեմ, նաև միշտ փորձել եմ թեկուզ ամենափոքր հնարավորություն օգտագործել»,- ժպտալով նշում է Գոռ Գեղամյանը:

Բայց նաև մեծ կամքի ուժ, համառություն ու նպատակասլացություն է պետք նպատակներին հասնելու համար: Կամքի ուժ է պետք, որպեսզի բիզնեսմենը դժվարությունների ու խոչընդոտների հանդիպելիս, որոնք անվերջ են ու ամենուր, կարողանա ստիպել իրեն ու շարունակի աշխատել: Գործունեության սկզբում ինչքա՜ն մերժումներ են ստացել պոտենցիալ գործընկերներից, բայց կամքի ուժի շնորհիվ ոչ թե հիասթափվել ու նահանջել են, այլ ավելի մեծ եռանդով են կպել գործին: Հիմա արդեն 15 գործընկերներ ունեն ներկայացված այս հարթակում, իսկ «հաճախորդների»՝ այս հարթակի օգտատերերի թիվն անըմդմեջ մեծանում է:

Գոռ Գեղամյանի կարծիքով՝ ձեռներեցին պետք են նաև ճկունություն ու նորարարական մոտեցումներ, քանի որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, պետք է շատ արագ հարմարվես այդ փոփոխություններին, որպեսզի «չկորչես»:

Իհարկե, բիզնեսում ներդրումները կարևոր են, բայց գլխավորը չեն, քանի որ մարդը կարող է ունենալ բավականաչափ լուրջ գումար ու դա օգտագործել անարդյունավետ, և հակառակը՝ կարող է ունենալ հիանալի գաղափար, կամք, համառություն, նպատակասլացություն ու ամեն ինչ այնպես կազմակերպել, որ հնարավոր լինի արդյունքի հասնել անգամ առանց որևէ ներդրման:

Մեր զրուցակցի հիմնական նպատակը ոչ միայն Հայաստանում լուրջ հաջողությունների հասնելն է, այլև միջազգային շուկա դուրս գալը:

«Ինչո՞ւ եմ սիրում բիզնեսով զբաղվել, քանի որ սիրում եմ օգնել մարդկանց: Մեր համակարգը մարդկանց կյանքը հեշտացնում է: Բացի այդ, բիզնեսով զբաղվելն ինձ տալիս է մտածելու, գործելու, ստեղծագործելու, նոր բան ստեղծելու, մարդկանց ինչ-որ բան տալու ազատություն,- շեշտում է Գոռ Գեղամյանը և եզրափակում:- Բիզնեսը ստեղծագործական աշխատանք է, քանի որ նոր պրոդուկտ ես ստեղծում ու դա մատուցում հանրությանը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: