Հայերեն   English   Русский  

​Պայմանագիր (մաս 2)


  
դիտումներ: 4689

Նախորդ համարներումխոսեցինք պայմանագրերի մասին, մասնավորապես անդրադարձանք պայմանագիր հասկացությանը, դրա տեսակներին, պայմանագրային ազատության սկզբունքին և պայմանագրի՝ օրենքի իմպերատիվ պահանջներին համապատասխանելու կանոնին։

Պայմանագրի գինը

Հատուցելի պայմանագրի կատարումը վճարվում է կողմերի համաձայնությամբ պայմանագրով սահմանված գնով։ Այն դեպքում, երբ հատուցելի պայմանագրի գին նախատեսված չէ և նախատեսված չեն նաև այդ գինը որոշելու պայմանները, ապա պայմանագրի կատարման համար պետք է վճարվի այն գինը, որը սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար։

Պայմանագրի գործողությունը

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից: Կողմերն իրավունք ունեն սահմանելու, որ իրենց կնքած պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելն իրենց միջև ծագած հարաբերությունների նկատմամբ։ Օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով դադարում են կողմերի պարտավորությունները: Պայմանագիրը, որում բացակայում է նման պայմանը, գործում է մինչև դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը: Պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագիրը խախտելու համար պատասխանատվությունից:

Հրապարակային պայմանագիր

Հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):

Հրապարակային պայմանագիր կնքելու դեպքում առևտրային կազմակերպությունն իրավունք չունի որևէ անձի նախապատվություն տալ այլ անձի հանդեպ: Ընդ որում, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գինը, ինչպես նաև հրապարակային պայմանագրի այլ պայմանները բոլոր սպառողների համար սահմանվում են միանման: Ավելին, սպառողին ապրանքներ տրամադրելու, նրա համար աշխատանքներ կատարելու և նրան ծառայություններ մատուցելու հնարավորության դեպքում առևտրային կազմակերպությունը չի կարող հրաժարվել հրապարակային պայմանագիր կնքելուց:

շարունակելի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: